Այց Շիրակի մարզ
Ապաքինման հույսեր
14 տարի առաջ դեկտեմբերի 7-ի օրը արտառոց տաք եղանակ էրՙ բնության յուրօրինակ նախազգուշացումը 1000 տարին մեկ գրանցվող նման աղետի։ Այս տարի առաջին ձյունը դեկտեմբերի 7-ին եկավ։ Ընդերքը վաղուց հանգստացել է, եւ բնության մեծ ժամացույցն անվրդով շարունակում է ընթացքը։ Այն քիչը, որ աշխարհն առ այսօր կարողացել է հայտնագործել մեծ երկրաշարժերի կանխատեսման ասպարեզում, նույն տարածքում 60¬70 տարին մեկ կրկնվելու հավանականությունն է։ Ասել է թեՙ երբեք ապահովագրված չենք լինելու աղետներից։ Եվ գուցե սեյսմակտիվ գոտում ապրելու իրողությունը պետք է ազգային առաջին գերխնդիր հայտարարել։
Աղետի գոտում երեւի մեկը չկա, որ մերձավոր կամ հեռավոր հարազատի կորցրած չլինի։ Պաշտոնական տվյալները նշում են 25 հազար զոհեր ողջ աղետի գոտու համար։ Աղետյալներն այս թվին երբեք էլ չեն հավատացել։ Զոհերի հստակ տվյալները ճշտելու համար այդպես էլ վիճակագրական հստակ միջոցառում չձեռնարկվեց։ Այս իրողությունն էլ թողնվեց անհայտության մեջ։
Երկրաշարժին հետեւեց ոչ պակաս դաժան փորձությունը։ Երկար տարիներ մարդիկ ապրում էին ցուրտ ու անհարմար տնակներում։ Տարիներն անցնում էին, աղետի գոտու վերականգնման ձախողված ծրագրերըՙ փոխարինում մեկը մյուսին, իսկ ընտանիքը պահելու համար օտար երկրներում թափառական դարձած մարդկանց թիվն օրեցօր ավելանում էր։ Կրկնակի աղետի ենթարկվածների հոգում փշրվում էին հավատի բեկորները։
Հանրապետության նախագահն աղետյալ շրջանները հայտարարել է զարգացման գոտիՙ իշխանության հայացքը շրջելով դեպի կիսավեր ու ավերված շենքերը։ Վերջին մի քանի տարվա ընթացքում շինարարության հեւքը կլանել է ե՛ւ Գյումրին, ե՛ւ Սպիտակը, ե՛ւ Վանաձորն ու Ստեփանավանը։ Զարգացման ծրագրի առաջին ճակատում դպրոցաշինությունն ու բնակարանաշինությունն են։ Աղետի գոտու վերականգնման եռամյա ծրագիրն այս ոլորտում գրեթե լիովին իրագործվել էՙ փոքր բաժնեմաս թողնելով 2003 թ. համար։ Նոյեմբերին Գյումրիում շահագործման հանձնվեց եւս 4 բնակելի, «Լինսի» հիմնադրամի միջոցներով 50 նոր շենք է կառուցվում, 38-ն այսօր ամրացվում է։ 14 նոր բնակելի է կառուցվելու պետբյուջեի միջոցներով։ Այս տարի Շիրակի մարզում նախատեսվել էր կառուցել 13 դպրոց, 11-ն արդեն շահագործման է հանձնվել։ Հընթացս ամրացվում են նաեւ վթարային դպրոցները։
Դպրոցների ու բնակարանների հետՙ նաեւ հիվանդանոցներ
Կառուցումների ու վերակառուցման բարերար հոսանքում է հայտնվել նաեւ Շիրակի մարզի առողջապահական համակարգը։ Եվ պատահական չէ, որ 14-րդ տարելիցի օրը հանրապետության նախագահի այցելության գրաֆիկում աղետի գոտու հենց այդ հաստատություններն էին։
Աղետը հիմնովին ավերեց նաեւ Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջանների, Ամասիայի բուժհաստատությունները, մասնակի վնասվեց Արթիկը։ Շիրակի մարզի առողջապահական կառույցներն առաջինն էին, ուր կիրառվեց օպտիմալացման ծրագիրը։ Արդյունքում ազատվել է 17 հազար քմ տարածք, որից 11 հազարում տնակային կառույցներ էին։
Դեկտեմբերի վերջին շահագործման կհանձնվեն Արթիկի եւ Մարալիկի պոլիկլինիկաների գրեթե ավարտուն շենքերը։ Երկուսի շինարարությունն էլ իրականացվել է սոցներդրումների հիմնադրամի միջոցներով։
Տնային պայմաններում գործող նախկին համաբուժարանները չէին բավարարում անգամ սպասարկման նվազագույն պահանջները։ Լուսավոր ու նորոգ սրահներով, մաքուր ու հարմարավետ պոլիկլինիկաներն այսօր տեղավորվել են Արթիկի եւ Մարալիկի նախկին շրջանային հիվանդանոցներիՙ այդ նպատակին առանձնացված տարածքներում։ Երկու հաստատություններն էլ, սակայն, բժշկական նորագույն սարքերի ու սարքավորումների կարիք ունեն։ Օպտիմալացման ծրագրի հաջորդ փուլը նախատեսում է հնամաշ տեխնիկայի փոխարինում նորով։ Իսկ մասնագետերի պակաս չկա, մանկական բժիշկները նույնիսկ շատ ավելին են, քան կարիքը կա։
Իտալիայի կառավարության տրամադրած միջոցներով (220 հազար դոլար) Անիի վարչատարածքում իրականացվում են նաեւ 18 բուժհիմնարկների վերանորոգում ու վերակառուցում։ Արդեն ավարտվում են 9 մանկաբարձական կետերի նորոգումն ու կահավորումը։
Տնտեսությունը
Կայուն աշխատատեղերի ստեղծումը շարունակում է մնալ իբրեւ հիմնական, ցավոտ խնդիր։ Մարզի տնտեսական ակտիվությունը սահմանափակվում է փոքր հզորություններով աշխատող մի քանի ձեռնարկություններով։ Աշխատավարձի, սոցապահովության, պետբյուջեի գծով պարտքերի մեծ բեռ ունի «Արթիկտուֆ» ՓԲԸ-ն, որ խորհրդային տարիներին մեծ համարում ուներ։ Այստեղ այսօր հիմնական արտադրատեսակն ուղիղ ձեւի շինաքարն է։
Մարալիկի բամբակագործվածքային ԲԲԸ-ն ունի ընդամենը 110 աշխատողՙ 12,4 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ձեռագործ գորգեր է արտադրում «Արմեն կարպետ» ԲԲԸ¬ն, որն ունի 70 աշխատող։ Երկրորդ արտադրամասի վերագործարկումից հետո ակնկալվում է եւս 40 աշխատատեղ։
Առաջընթացի կայուն նախանշաններ է ցուցադրում Արթիկի ապակու գործարանը։ Հետաքրքրական է, որ վերջին տարիների ընթացքում ձեռնարկությունը երբեք պարապուրդի մեջ չի եղել։ Թողարկում է ապակե տարաների կաղապարներ, առաքում ԱՊՀ եւ Արեմուտքի երկրներՙ համառորեն փորձելով տեղ ապահովել միջազգային շուկայում։ Ընդամենը վերջերս այստեղ նոր արտադրամաս գործարկվեց, եւ եւս 80 մարդ աշխատանք ունեցավ։ Ձեռնարկության ղեկավար Վառլամ Մկրտչյանի հիմնական մտահոգությունը խիստ ծախսարար ճանապարհների պրոբլեմն է, որը եւ ներկայացրեց հանրապետության նախագահինՙ գործարարների հետ նրա հանդիպման ժամանակ։ Այցի ընթացքում նախագահը հանդիպեց նաեւ համայնքների ղեկավարների հետՙ քննարկելու սահմանային գյուղական բնակավայրերի խմելու եւ ոռոգման ջրի, գազիֆիկացման ապահովման հնարավորությունները, նոր ճանապարհների կառուցումը։ Ի դեպ, առանձնապես վատ վիճակում են Արթիկից մարզկենտրոն տանող ճանապարհները, այնչափ աներթեւեկելի, որ այստեղ մեքենաները անցնում են Մարալիկովՙ եւս 20 կմ-ով երկարաձգելով երթուղին։
Պաշտոնական տվյալներովՙ գյումրեցիներն աղետին 15 հազար զոհ տվեցին։ Նրանց տխուր հիշատակի առթիվ քաղաքի այս ու այն հատվածներում անհատական նախաձեռնություններով խաչքարեր են տեղադրվել։ Աղետի 14-րդ տարելիցի օրը քաղաքի կենտրոնական հրապարակում, Սուրբ Ամենափրկչի հարեւանությամբ տեղադրվեց համաքաղաքային հուշակոթողը, որի բացման պատիվը վերապահվեց հանրապետության նախագահին։ Քանդակագործ Զավեն Կոշտոյանի աշխատանքը պատկերում է կիսափուլ սյուների արանքում մանկանը գրկած կնոջ։ Գյումրեցիների համոզմամբ, սակայն, զոհվածների հիշատակի լավագույն հուշարձանը կլինի իրենց քաղաքի կենսախինդ կերպարի վերակենդանացումը, որ տուն կվերադարձնի նաեւ հեռուներում դեգերող իրենց համաքաղաքացիներին։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ