«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2002-12-06 | #225, 2002-12-07 | #226, 2002-12-10


ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆԻ ՆԵՐԿԱ ՓՈՒԼԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նախագահության թեկնածուների առաջադրման փուլն ավարտվեց։ Դեկտեմբերի 6-ի ժամը 18։00-ի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրենքով նախատեսված կարգով գրանցեց 15 թեկնածուների նախաձեռնող խմբերինՙ 12-ը կուսակցությունների, 3-ըՙ քաղաքացիական նախաձեռնության կարգով։ Այս փուլում առանձնակի միջադեպեր չեղան, բացառությամբ 2 դեպքի. քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված Արամ Կարապետյանը ցանկանում էր ԿԸՀ-ում գրանցել իր առաջադրումը պաշտպանող եւս 2 խմբի, իսկ ԱԺՄ-ի առաջնորդ Վազգեն Մանուկյանը, առաջադրված լինելով սեփական կուսակցության համագումարի կողմից, ձգտում էր գրանցել նաեւ իրեն պաշտպանող քաղաքացիական նախաձեռնող խմբին։ ԿԸՀ-ն այս հավակնությունները մերժեց բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ ապահովելու պատճառաբանությամբ։ Ընդսմին, Ընտրական օրենսգիրքն այս «նրբերանգը» չի կարգավորում, նրանում որեւէ դրույթ չկա, որն արգելեր մեկ թեկնածուին սատարող մի քանի նախաձեռնող խմբերի գրանցման, ինչպես նաեւ կուսակցական եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով միաժամանակ առաջադրվելու հնարավորությունը։ Սակայն չկա նաեւ հակառակ դրույթըՙ այդպիսի մեկից ավելի խմբերի գրանցման թույլտվությունը։ Տվյալ պարագայում, ըստ իս, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ճիշտ վարվեցՙ առաջնորդվելով ոչ միայն օրենքի տառով, այլեւ ոգով։

Քանզի ինքնըստինքյան հասկանալի է, որ մեկից ավելի նախաձեռնող խմբերի պաշտոնական գրանցումը գործնական տեսակետից բացարձակապես ոչ մի նշանակություն չունիՙ 1 անգամ նախագահության թեկնածու առաջադրված համարվելը լիուլի բավական է, եւ 2-րդ, 3-րդ կամ 10-րդ անգամ առաջադրվելն ուղղակի անիմաստ է։ Սակայն գործնականում որեւէ նշանակություն չունեցող այս «մանրամասնը» հոգեբանական-քարոզչական տեսակետից միանգամայն էական առավելություն կարող էր տալՙ հասարակության աչքում վաղօրոք հավելյալ «կշիռ» հաղորդելով տվյալ թեկնածուին։ Իբրՙ տեսե՜ք-տեսե՜ք, որքա՜ն ազդեցիկ էՙ այսինչին ընդամենը 1 նախաձեռնող խումբ է առաջադրել կամ մեկ կուսակցություն, իսկ այնինչինՙ միանգամից 3¬4 կամ 14 խումբ։ Ընտրազանգվածի վրա ամենասկզբից այսպիսի ազդեցություն գործելու հնարավորությունը բացառելով, ԿԸՀ-ն արդարացի վարվեց։ Բացի այդ, այժմ, երբ սկսվել է ընտրական գործընթացի երկրորդ փուլը, որի ժամանակ անհրաժեշտ է հավաքել նախագահության տվյալ թեկնածուի պաշտոնական գրանցումը պաշտպանող առնվազն 35 հազար ստորագրություն, օրինականորեն գրանցված յուրաքանչյուր նախաձեռնող խումբ իրավունք կունենար ԿԸՀ-ից պահանջել 40 հազար ստորագրություն հավաքելու պաշտոնաթերթիկ։ Եվ կստացվեր այնպես, որ թեկնածուներից մեկին հատկացվել է ճիշտ այդքան ստորագրություն հավաքելու գրքույկ (80 գրքույկՙ յուրաքանչյուրը 500 ստորագրություն հավաքելու թերթիկներով), իսկ մյուսինՙ մի քանի անգամ ավելի։ Արդյունքը կլիներ պահանջվող 35 հազար ստորագրությունները բազմակիորեն գերազանցող պաշտոնաթերթիկների ներկայացումը ԿԸՀ, որի վերաբերյալ տեղեկատվության հրատարակումը կրկին հոգեբանական առավելություն կապահովեր տվյալ թեկնածուի համար եւ կազդեր ընտրազանգվածի վրաՙ նախապես նրան ներշնչելով այդ թեկնածուի «զորեղության» շատ հաճախ սին տպավորություններ։ Սին, որովհետեւ պրակտիկան ցույց է տվել, որ ամեն կարգի նախաձեռնող խմբերը, նախընտրական շտաբները, ստորագրությունների հավաքումը եւ այլ նախընտրական գործընթացները մեծ ծախսեր են պահանջում։ Մարդիկ այդ խմբերում եւ շտաբներում ընդգրկվում են մեծ մասամբ վճարովի հիմունքներով, ստորագրություններ հավաքողները նույնպես վճարվում են։ Որոշ դեպքերում, նույնիսկ թեկնածուի գրանցումը պաշտպանող պաշտոնաթերթիկներում քաղաքացու ստորագրությունը դնելո՛ւ համար էլ կանխիկ դրամ է տրվում։ Այսինքնՙ շատ ստորագրություն հավաքելը ոչ այնքան տվյալ թեկնածուի քաղաքական ազդեցության, բարոյական կշռի եւ մարդկային արժանիքների հավաստում է, որքանՙ նրա նյութական հնարավորությունների արտահայտություն։ Իսկ մի՞թե բացառվում է, որ շատ փող ունեցողն ու նախընտրական նպատակներով դրանք անխնա ծախսողն անհամեմատ ավելի պակա՛ս արժանավոր լինի, քանՙ այդպիսի հնարավորություններ չունեցո՛ղը։

Դառնալով ստորագրահավաքին, շտապեմ մեր ընթերցողներին նախազգուշացնել, որ այս կամ այն թեկնածուի պաշտոնական գրանցումը պաշտպանող թերթիկներում ստորագրություն դնել-չդնելը կամավոր է։ Քաղաքացին իրավունք ունի ինչպես համաձայնելու, այնպես էլ մերժելու իր ստորագրությունը սրա կամ նրա օգտին տալ-չտալը։ Ընդսմին, ստորագրություն տալը որեւէ պարտավորություն չի առաջացնում. քաղաքացին կարող է ստորագրությամբ հավաստել, որ համաձայն է մեկ կամ նույնիսկ մի քանի թեկնածուների պաշտոնական գրանցմանը, սակայն դա ամենեւին չի նշանակում, թե նա դրանով պարտավորություն է ստանձնում ընտրությունների օրը քվեարկել տվյալ թեկնածուի օգտին։ Այս հանգամանքը հարկ եմ համարում ընդգծել, քանզի նախորդ ընտրությունների ժամանակ միամիտների անտեղյակությունը շահարկելու այսպիսի քիչ փորձեր չեն եղել։

Վերջապես անդրադառնանք նաեւ այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նախագահության թեկնածուների աննախադեպ մեծ թիվըՙ 15։ Մեզանում դա սովորաբար համարում են քաղաքական այրերի անպարագիծ հավակնությունների արտահայտություն։ Դրանում ճշմարտության բաժին կա. 15 առաջադրվածներից առնվազն մի քանիսն իսկապես հավատացած են, թե կարող են հաղթել։ Սակայն անկասկած է, որ մեծ մասը հոգու խորքում հիանալի գիտի, որ հավաքելու է չնչին ձայներ։ Այդ դեպքում ինչո՞ւ է «պար մտել»։ Ընդդիմադիր «16-ի դաշինքի» անդամները հայտարարում են, թե այս կերպ փորձում են պարզելՙ ո՞վ է իրենցից ավելի «անցողիկ» թեկնածուն, որպեսզի հետո, արդեն ընտրությունների երկրորդ փուլում, իրենց կողմնակիցներին հորդորեն ձայն տալ հենց այդ «անցողիկին»։ Բայց մի՞թե կարելի է բացառված համարել, որ ընտրությունների երկրորդ փուլ ընդհանրապես չի լինի, ամեն ինչ կվճռվի 1-ին իսկ փուլումՙ գործող նախագահի հաղթանակով։ Ընդդիմադիրները չե՞ն հասկանում այս տարրական բանը։ Հասկանո՛ւմ են, անշո՛ւշտ։ Սակայն, մի կողմից, չեն կարողանում հաղթահարել հանգամանքների բարենպաստ դասավորության դեպքում «միասնական թեկնածու» դառնալու գայթակղությունը, մյուս կողմիցՙ «ծանրացնում» են իրենց տեղըՙ փորձելով առավել շահավետ առուծախի առարկա դարձնել իրենց թեկնածության հանումը հօգուտ սրա կամ նրա։ Նկատի ունեմ ամենասովորական չարչիական առեւտուրը։ Այսինքնՙ կանխիկ փողից սկսած, հաղթանակի դեպքում որոշակի պաշտոններ տրամադրելու խոստումներով վերջացրած «քաղաքական առեւտուրը»։ Կտա՞ս այսքան գումար, կխոստանա՞ս նախարարական կամ այլ պաշտոնՙ թեկնածությունս կհանեմ քո՛ օգտին։ Չե՞ս տաՙ կհանեմ մյուսի՛ օգտին։ Իհարկե, այդ ամենը խնամքով թաքցվում է հասարակությունից, քողարկվում զանազան «քաղաքական» ճամարտակություններով, սակայն էությունը չի փոխվումՙ գործընթացը կընթանա (կամ արդե՛ն իսկ ընթանում է) «քաղաքական բիզնեսի» բոլոր կանոններով։

Արեւմտահայերը կասեինՙ դեռ ինչե՜ր պիտի ըլլան...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4