Ճեպընթացների խորհրդավորությունը հատկապես կեսգիշերներին ավելի գայթակղիչ է դառնում։ Այս ճեպընթացի ուղեւորները հեռուստադիտողի կարգավիճակում են, որ իրենց նախընտրած հաղորդմանը սպասում են մտային ճամփորդությունների հարթություններում։
Հանրային հեռուստատեսության «Կեսգիշերային ճեպընթաց» հաղորդման լսարանը բազմազան հետաքրքրություններ ու նախասիրություններ ունի, եւ, անկասկած, հայկական եթերում այսօր այնքան էլ հաճախ չեն նման հաղորդումները, որ սկզբունքային ելակետ ունեն, արժեքային որոշակի համակարգ եւ նպատակՙ ազգային մշակութային եւ պատմական արժեքները ներկայացնել լայն հանրությանը։ Այս առումով «Կեսգիշերային ճեպընթացը» հանրային հեռուստատեսության հաջողված հաղորդումներից է, որ առանձնանում է եւ ունի առավելություններ։
Եթե նկատենք, որ հեռուստաեթերը շատ ավելի հաճախ լցված է թույլ, երբեմն էլ անհեթեթ հարցազրույցների շարքովՙ անիմաստ կրկնություններից, կեղծ հնչերանգներից, սխալ շեշտադրություններից բաղկացած վատ հայերեն խոսքից, հատկապես այս ֆոնի վրա չեն կարող աննկատ մնալ լուրջ մտահղացումները։ «Կեսգիշերային ճեպընթացը» ընդհանուրից զատված եւ տարբերվող հաղորդում է, եւ հեղինակին հաջողվել է իրականացնել դրված խնդիրը։ Լինում են, իհարկե, նաեւ վրիպումներ, անհամոզիչ ելույթներ, կեղծ գիտության ներկայացուցիչների ձանձրալի ու անհեթեթ «պարզաբանումներ»ՙ կապված, ասենք, տիեզերական երեւույթների, տառաթվերի տեսության, միստիկայի եւ այլնի հետ։
Հաղորդումն ազգային արժեքների պահպանման եւ տարածման առաքելություն ունի։ Մեր ժամանակները հաճախ են ոգեզուրկ համարվում (Իսահակյանը վաղուց էր կանխազգացել), եւ այս անապատում հայտնված օազիսները (տարբեր ոլորտներում) շնչառություն են հաղորդումՙ սպառնացող հոգեւոր դատարկությունը լցնելով։ Առտնին նյութերի գռեհիկ կամ անմիտ հումորի սիրահարները կշարունակեն հիանալ, անշուշտ, եթերը լցված նմանատիպ հաղորդումներով (յուրաքանչյուրն իր լսարանն ունի), իսկ Արթուր Բախտամյանի լսարանը որոշակի մշակութային հետաքրքրություն ունեցողներն են։ Կարծես թե թվացյալ հակասություն կա հաղորդման խորագրի, հեռուստաժամի եւ բովանդակության միջեւ, եթե նկատի ունենանք, որ կեսգիշերային ժամերն այլ հետաքրքրություններ եւ ցանկություններ են ենթադրում։ Այս պարագայում հայտնվում ես մշակույթի տարածքներում, համաձայնեք, որ ամենօրյա եթերում այնքան էլ դյուրին չէ նման հաղորդումներ կազմակերպելՙ յուրաքանչյուր անգամ ներկայացնելով ամենատարբեր թեմաներ եւ գտնել հետաքրքրական եւ լուրջ ասելիք ունեցող մարդկանց։ «Ճեպընթացի» հյուրերը արվեստագետներ են, գրականագետներ, պատմաբաններ, հոգեւորականներ, հայագետներ եւ այլ զբաղմունքի տեր անձինք։
Դժվար է առանձնացնել Ա. Բախտամյանի հյուրերից որեւէ մեկին. թե՛ տեղի մեր մտավորականների, թե՛ արտերկրից ժամանած մեր հայրենակիցների հետ ունեցած նրա հանդիպումները բովանդակային են, ուսանելի եւ ճանաչողականՙ վերաբերող մեր պատմությանը, մշակույթին, լեզվական իրողություններին, հոգեւոր ըմբռնումներին, օտար մշակույթի հետ մեր առնչություններին։ Բազմաթիվ տպավորիչ հանդիպումներ եղել են, ինչպեսՙ Թարգմանչաց տոնի առիթով հրավիրված Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ Վազգեն վրդ. Միրզախանյանի (այժմ Վիրահայոց թեմի առաջնորդ), Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Հ. Լեւոն Զեքիյանի, Մխիթարյան միաբանության վարդապետ Հ. Հարություն Պզտիկյանի հետ, ծանոթությունը հայկական Վենետիկին եւ Սբ. Ղազար սքանչելի կղզուն, հարցազրույցների շարքը պատմաբան Բաբկեն Հարությունյանի, հայտնի հայագետներ Պիտեր Քաուի, Ջեյմս Ռասըլի հետ, թիֆլիսցի տիկնիկագործ Գարիկ Դավթյանի մասին պատմող զրույցները եւ այլն։
Հաղորդումը լայն լսարան ունի, դիտում են նաեւ սփյուռքում, հեռուստալսարանի հետ կապն անկեղծ է ու անկաշկանդ, հաղորդավարի նրբանկատությունը եւ ուշադրությունը հեռուստադիտողի հարցերի, կարծիքների նկատմամբ գովելի է։ Կարեւոր է Արթուր Բախտամյանի հարցազրույց անցկացնելու եղանակը։ Նա ստեղծում է ազատ հաղորդակցման դաշտ, նպաստում իր զրուցակցի խոսքինՙ անհարկի միջամտություններ չանելով եւ հաճախակի չընդհատելով (ինչն անում են շատերը), կարողանում է ուղիղ եթերում չափավորել հեռուստադիտողի պերճախոսությանը։
Ամեն օր «Ճեպընթացը» մի նոր աշխարհ է բացում, նոր ծանոթություն ստեղծում, նոր արժեք հայտնաբերում եւ դրանով իսկ շատ կորչող արժեքներ օրերի վազքի ու գործնականության մեջ փրկում։ Այս առումով «Ճեպընթացը» սպառող աշխարհից մեզ հեռացնում ու մոտեցնում է ստեղծագործ կյանքի ոլորտներին, թափանցելի դարձնում մարդկային նուրբ հարաբերությունները։ Հաղորդումը միտքը եւ հոգին հարստացնող հաղորդակցում է ապահովում, մտորումների առիթ տալիս, նոր առաջարկներ, մտահղացումներ ծնում։ Իսկ Երեւանի ծննդատների օրվա տվյալների հրապարակումը «Ճեպընթացի» վերջին կանգառի գյուտն է, որ հաճախ հուսադրում է հեռուստադիտողին հայության հեռանկարով։
Նկատենք նաեւ, որ հաղորդման ընթացքում արվող գովազդը չափավոր է, ստուդիայի դիզայնը հատուկ գրավչություն ունիՙ համապատասխան հաղորդման բովանդակությանը։ Բայց ավելացնենք, որ շատերը չեն կարողանում հետեւել հաղորդմանը, ուշ ժամի պատճառով։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ