«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2002-12-06 | #225, 2002-12-07 | #226, 2002-12-10


ԱԴՐԲԵՋԱՆ ՇԱՐԺՎՈՂ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Էդուարդ Շեւարդնաձե. «Վրաստանում իրավիճակը տագնապալի է»

ՌԴ նախագահն ահաբեկչության դեմ վճռական գործողություններ իրականացնելու համար գոհունակություն է հայտնել Վրաստանի իր գործընկերոջը։ «Վրաստանի հատուկ ծառայություններն անցկացրել են մի շարք միջոցառումներ, ոչնչացրել ահաբեկիչների, այդ թվում նրանց, ովքեր մասնակցել են Մոսկվայի բնակելի շենքերի ահաբեկչական գործողություններին։ Նրանցից մեկը ձերբակալված է, այժմ պահվում է Լեֆորտովոյում», երեկվա կառավարության նիստում ասել է Պուտինը, հավելելով, որ «Վրաստանի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների նման համագործակցությունն օգտակար է ոչ միայն ահաբեկչության դեմ պայքարում, այլեւ քայլ առ քայլ ռուս-վրացական հարաբերությունները կբարձրացնեն որակական նոր աստիճանի»։

Անցած շաբաթ նախագահ Շեւարդնաձեն ժողովրդին հղած ուղերձում Վրաստանում իրավիճակը որակել էր տագնապալի եւ երկրի ողջ տարածքում հայտարարել «արտակարգ միջոցառումների» սկիզբ։

Արդեն դեկտեմբերի 6-ին վրացական հատուկ ծառայություններն Արեւելյան Վրաստանումՙ Կախեթում, ոչնչացրել են հինգ հոգանոց ահաբեկչական խմբին։ Վրաստանի պետանվտանգության նախարարության մամլո ծառայության ղեկավար Նիկա Լալիաշվիլին ասել է, որ ահաբեկչական խմբի երեք անդամների ինքնությունը պարզվել էՙ Թիմուր Բատչաեւ, Ռաշիդ Խուբիեւ, Թահիր Բեջիեւ, բոլորն էլ Կարաչայ-Չերքեզիայի բնակիչներ։ Գրոհի պահին ահաբեկչական խումբը դիմել է ինքնապայթեցման։ Մինչեւ ադրբեջանական սահման ահաբեկիչներին ուղեկցել են երկու չեչեններՙ Պանկիսի կիրճի բնակիչներ։ Այս երկուսը եւս մահացել են։ Ռուսական եւ վրացական ԶԼՄ-ները միաբերան նշում են, որ խումբը փորձել է անցնել Ադրբեջան։

Շաբաթ երեկոյան վրացական հատուկ ծառայությունները ռուսական կողմին են հանձնել 1999 թ. սեպտեմբերին Մոսկվայի եւ Վոլգոդոնսկի ահաբեկչական գործողություններին մասնակից 35-ամյա Յուսուֆ Կրիմշամխալովին։ Երեկ երեկոյան, սակայն, պաշտոնական Թբիլիսին հերքեց Կրիմշամխալովին ռուսական կողմին հանձնելու տեղեկությունը։ «Մենք այդ տեղեկությունը չենք հաստատում։ Կրիմշամխալովը երբեք չի եղել Վրաստանում, այսպիսով, մենք չէինք կարող նրան հանձնել Ռուսաստանին», ասել է Նիկա Լալիաշվիլին։ Ռուսական կողմի տարածած լուրը հերքել է նաեւ Վրաստանի արդարադատության նախարարությունը։

Հանգստյան օրերին Թբիլիսիում եւ վրացական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող երկրի մյուս հատվածներում եղել է անհանգիստ. վրացական հատուկ ծառայությունները եւ իրավապահներն անց են կացրել լայնածավալ գործողություններ։ Կասկածելի անձինք, ընդ որում ոչ միայն չեչեններ, ձերբակալվել եւ ենթարկվել են հարցաքննության։ «Հանցագործ տարրերի կուտակման կենտրոններից մեկը, ցավոք, Վրաստանի մայրաքաղաքն է։ Քրեածին իրավիճակն այն աստիճան ծանր է, որ մենք արդեն աղետի շեմին ենք», ասել է Նիկա Լալիաշվիլին։

Չեչեն դաշտային հրամանատարները նախազգուշական ակնարկներ են ուղղել վրացական իշխանություններինՙ հորդորելով նրանց դադարեցնել Վրաստանում ապաստանած չեչենների «զտումները»։ Մասնավորապես չեչեն գրոհայինների գաղափարախոս Մովլադի Ուդուգովը «Ռուսթավի-2» հեռուստատեսությանը տված հեռախոսազրույցում վրացական իրավապահ մարմինների գործողությունները որակել է «լայնածավալ հակաչեչենական»։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում իրավիճակը կայուն լինելուց հեռու է, լավ կլիներ, որ վրացական իշխանությունները դադարեցնեին չեչենների նկատմամբ նմանօրինակ գործողությունները», սպառնացել է Ուդուգովը։

Վրացական ԶԼՄ-ներն ակնարկում են, որ չեչենների նկատմամբ գործողությունները սկսվեցին այն ժամանակ, երբ չեչենները նախապատրաստում էին վրացի ուժային նախարարների եւ քաղաքական գործիչների մահափորձեր։ Մասնավորապես, մի քանի սպառնալիքներ են հնչել գլխավոր դատախազ Նուբզար Գաբրիչիձեի հասցեին։

Երեկ իր ավանդական ռադիոհարցազրույցում Էդուարդ Շեւարդնաձեն ասել է. «Ես մեծ սխալ եմ գործելՙ ուշադրություն չդարձնելով ահաբեկչական սպառնալիքներին։ Դա այլեւս չի կրկնվի»։

Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են, որ վրաց-ադրբեջանական սահմանագլխին ոչնչացված ահաբեկչական խումբը մտադրություն է ունեցել Վրաստանում առեւանգել պատանդներ եւ նրանց տանել Ադրբեջան։

Ռադիոհարցազրույցում Շեւարդնաձեն նշել է, որ երկուշաբթի առավոտյան հակաքրեական գործողություններ են սկսվել Քութայիս, Սամտրեդիա եւ Ծղալտուբո քաղաքներում, ձերբակալվել են «մեծ քանակությամբ հանցագործներ, որոնք գտնվում էին հետախուզման մեջ»։

Վրաստանում իր իշխանության տասը տարիներին Շեւարդնաձեն թերեւս առաջին անգամ հայտարարել է, ճիշտ է, առանց անուններ տալու, որ չեչենների սպառնալիքներն անթույլատրելի են, քանզի «բարոյական առումով, հաշվի առնելով աբխազական իրադարձությունները, Վրաստանն արել է ավելին (չեչենների համար), քան որեւէ այլ պետություն»։

Հիշեցնենք, որ 1992¬93 թթ. վրաց-աբխազական պատերազմի տարիներին նույն չեչեն դաշտային հրամանատարները, ովքեր անգթորեն կոտորում էին վրաց ժողովրդին, Աբխազիան մաքրեցին վրացական տարրերից, իսկ ռուս-չեչենական երկրորդ պատերազմի սկզբից մինչեւ վերջերս ստանում էին Շեւարդնաձեի աջակցությունը։ Թվում է, Շեւարդնաձեն զղջում է դրա համար։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4