«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2002-12-06 | #225, 2002-12-07 | #226, 2002-12-10


ԳԼԽԱՎՈՐ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԸ ՀԻՎԱՆԴ Է

«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության երեկվա նիստը սկսվեց եւ քիչ անց ավարտվեց։ Ինչպես հայտնեց նախագահող Սամվել Ուզունյանը, քննչական մեկուսարանից ստացվել էր բժշկական փաստաթուղթ։ Համաձայն այդ փաստաթղթի, գլխավոր ամբաստանյալ Նաիրի Հունանյանը հիվանդ է։ Դատավոր Ուզունյանը պարզեցրեց, որ բժշկական ախտորոշումն ուղղակի գրիպն է, որի համար բժիշկը Նաիրի Հունանյանին նշանակել է անկողնային ռեժիմ։

Նման ռեժիմը պետք է պահպանվի եւս 3 օր։ Դրանից հետո գուցե թե գլխավոր ամբաստանյալի առողջական վիճակը բարվոք լինիՙ դատավարությունը շարունակելու համար։

Այսպես թե այնպես, հաջորդ դատական նիստը կլինի հինգշաբթի, եթե Հունանյանն առողջանա։

Դժվար չէ ենթադրել, որ գլխավոր ամբաստանյալի առողջանալու դեպքում հիշյալ հանգամանքը կդառնա արդեն վաղուց բազմաթիվ դարձած նմանատիպ հանգամանքների շարքի շարունակությունը, որի պատճառով եւ ազդեցությամբ երկարաձգվում ու հետզհետե ե՛ւ դատավարության սկզբից, ե՛ւ ավարտից հեռանում է «Հոկտեմբերի 27» գործի լուծում-դատավճռի կայացման պահը։

Եվ քանի որ վկաների հարցաքննությունների ընթացքն էլ «չի փայլում» գոնե նորմալ տեմպով, ուրեմն դատավարության երկարաձգման եւս մեկ պատճառիՙ հիվանդության գումարումը, հուսանք կվերանա հենց հինգշաբթի, մանավանդ որ նույն ինքըՙ Նաիրի Հունանյանը բողոքում է ձգձգումների դեմ։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4