«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2002-12-07 | #226, 2002-12-10 | #227, 2002-12-11


ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻՆ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ Է ԻՐ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ

«Բազմոցի վրա Նորա Արմանիի հետ» հեղինակային միանձնյա բեմադրության աննախադեպ հաջողություններից հետո մրցանակակիր դերասանուհի Նորա Արմանին վերջերս է վերադարձել Կահիրեից (Եգիպտոս), որտեղ եգիպտացի հայտնի ռեժիսոր Իսմայիլ Աբդել Հաֆիզի հրավերով մասնակցում էր գրող Քարամ Էլ Նագգարի հեղինակած եգիպտական նոր հեռուստասերիալի նկարահանումներին։

«Ալ Ասդիկա» («Ընկերները») վերնագրով սերիալն անդրադառնում է գլոբալիզացման, կապիտալիստական շահագործման, դասակարգային նոր տարբերությունների եւ ժամանակակից սոցիալական այլ խնդիրներին։ Գործող անձինք երեքն են, որոնցից մեկը միջուկային բնագավառի գիտնական էՙ համեստ ընտանիքից, երկրորդըՙ ճանաչված դատավոր եւ երրորդըՙ աղքատ մակույկավար։ Նրանց եւ իրենց ընտանիքների ճակատագրերը միահյուսված են, երբ դիմակայում են գլոբալիզացման եւ բանվոր դասակարգի դանդաղ վերացման խնդիրներին։

Արմանին խաղում է միլիոնատեր արդյունաբերող Նանոուի երկրորդ կնոջՙ Ռիմի դերը։ Մեծահարուստը գլոբալիզացման կողմնակից է եւ տարիքով բավականին մեծ Ռիմից, բայց վերջինիս ընտանիքին նա այնպես է կարողանում «կաշառել», որ նրանք չեն կարողանում մերժել։ Ռիմը հայտնվում է իր ընտանիքին չհակադրվելու եւ իր սկզբունքներին չդավաճանելու դժվարին կացության մեջ։ Դրությունը էլ ավելի է բարդանում, երբ ամուսնությունից հետո նա հայտնաբերում է, որ «բարեսիրտ ծերուկի» դիմակի տակ թաքնված է խիղճը կորցրած մի գիշատիչ գազան, որն առնչված է նաեւ զենքի առք ու վաճառքին։

«Արտասովոր փորձառություն էր աշխատել իմ ծննդավայրում եւ «աստղի» վերաբերմունքի արժանանալ», ասել է այս առթիվ Նորա Արմանին, որը ֆիլմում հանդես է գալիս եգիպտական ֆիլմարվեստի լավագույն դերասաններ Ֆարուք Ֆիշաուիի, Էլհամ Շահինի, Ասլան Սաադանիի եւ Գամիլ Ռաթիբի հետ։

Եգիպտացի կինոգործիչների հետ համագործակցելը նորություն չէ Արմանիի համար։ Երեք տարի առաջ նրան հրավիրել էր դերասան Մոհամեդ Սոբհին, որպեսզի նա իր խաղընկերը դառնար «Թագավորը եւ ես» երաժշտական կատակերգության մեջ։ Նրան հրավիրել են նաեւ արաբերենով ներկայացնելու իր վերջին գլուխգործոցըՙ «Բազմոցի վրա Նորա Արմանիի հետ» միանձնյա ներկայացումը, որն Ամերիկայում եւ Լոնդոնում մեծ հաջողության է արժանացել, բայց պիեսը պետք է նախ թարգմանվի արաբերեն, «դա հրաշալի առիթ է լինելու հաղորդակցվելու իմ ծննդավայրի հարազատ ժողովրդի հետ։ Իմ ինքնության այդ մասը շատ ընդգծված ձեւով արտահայտվում է իմ կատարումում, որովհետեւ կապված է իմ մանկության եւ ձեւավորման շրջանի հետ», ավելացնում է Նորան։

«Ընկերները» հեռուստասերիալը ցուցադրվելու է ավելի քան 60 արաբական արբանյակային կայաններով։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4