Գերմանացի պրոֆեսոր, ախտաբան Պիտեր Սթոզիեկը կենսաթոշակի անցնելուց հետո հավաքել է իր աշխատանքային գործիքները եւ եկել Երեւան։ Նա «Արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում հիմնել է պաթոիմունոլոգիական-պաթոհիստոլոգիական լաբորատորիա, որ արյան չարորակ հիվանդությունների առավել ճշգրիտ ու հստակ ախտորոշումների հնարավորություն է տալիս։ Պրոֆեսորը միջազգային մարդասիրական ծրագրերից մեկի առաքելությունն է իրականացնում Հայաստանում եւ մեր երկիրն ընտրել է պատահականորեն, գործընկերոջ խորհրդով։ Այն միկրոսկոպը, որ բերել է Պիտեր Սթոզիեկը, 20¬30 հազար դոլար արժե, եւ, մասնագետների բնորոշմամբ, լիարժեք ախտորոշում է խոստանում։ Պրոֆեսորը բոլոր հետազոտություններն անվճար է իրականացնում։
Մեկ տարի առաջ պետպատվերի շրջանակներում լեյկոզով մեկ հիվանդի բուժմանը հատկացվում էր 45 հազար դրամ, այսօր այդ գումարը հասել է 70 հազարի։ Բայց դա այն ահռելի ծախսերի մեկ տոկոսն էլ չի կազմում, որ հիվանդի հարազատները (եթե ի վիճակի են) ծախսում են բուժման համար։ Ռուսաստանում այդ հատկացումը կազմում է 10 հազար դոլարին համարժեք ռուբլի։ Իսկ ընդհանրապես, «Արյունաբանական կենտրոնի» տնօրեն Սմբատ Դաղբաշյանի խոստովանությամբ, «պետպատվերային գումարներն ադմինիստրացիան հիմնականում օգտագործում է հիվանդանոցային գույքը եւ շենքը պահպանելու, աշխատավարձի, հեռախոսի ու հոսանքի վճարների համար, իսկ դեղորայքին ու ախտորոշումներին չնչին գումարներ են մնում»։
Վերջին տարիներին արյունաբանները սոսկ հայեցողական դիտարկումներով արյան չարորակ հիվանդությունների աճ են արձանագրում հատկապես երիտասարդության շրջանում։ Վիճակագրական հստակ ցուցանիշներ չկան, իսկ հիվանդանոց դիմածների թվաքանակի վրա հույս դնել չի լինի։ Հիվանդների մի մեծ զանգված բժշկի չի էլ դիմում։ Դարձյալ գերմանացի բարերարների նախաձեռնությամբ Կարմիր խաչի միջոցով հանգանակվել է 1 մլն մարկ։ Հանգանակությունը շարունակվում է, եւ ամեն ամիս այդ գումարի որոշակի տոկոսով դեղորայք է գնվում։ Մինչեւ 15 տարեկան բոլոր երեխաները մասնակի ապահովված են դեղորայքով։ Եվ եթե մանկահասակ հիվանդներին բարեգործության շնորհիվ ինչ-որ օգնություն հասնում է, մեծահասակներին մնում էՙ ով ինչպես կարող է, ինքն իր գլխի ճարը տեսնել։ Մարդասիրական փոքրիկ միջամտություններն ի զորու չեն թեթեւացնելու խնդիրների այն բեռը, որ կուտակվել է այս ասպարեզում։ «Արյունաբանական կենտրոնն», իհարկե, ունի արյան բոլոր պրոբլեմները հետազոտելու կոչված լաբորատորիա, սակայն այն վաղուց նորացման ու կատարելագործման պետք ունի։ Իսկ դրա անհրաժեշտությունը կա, հատկապես կանանց հետազոտելու համար։ Մոսկվացի արյունաբանները հայտնաբերել են, որ, օրինակ, չբերությունների գերակշիռ տոկոսը կապված է արյան մակարդելիության պրոբլեմների հետ, երբ որոշակի ֆերմենտների բացակայությունը հանգեցնում է անպտղության։ Հղիության ընթացքում բավական տարածված են անեմիաները։ Համեմատաբար մեղմ ընթացքով այս հիվանդության բուժումը, ըստ կենտրոնի տնօրենի, մատնվել է բարձիթողության։ Նույնիսկ պոլիկլինիկաներում ու կոնսուլտացիաներում են փորձում «բուժել» հիվանդներին, իսկ անեմիայի բուժումը մասնագիտական խնդիր է։ Արտաքուստ անմեղ այս իրողությունը վաղուց արդեն սպառնալիքի տակ է դրել առողջ նորածիններ ունենալու հավանականությունը։
Թե կոնկրետ ի՞նչն է արյան չարորակ հիվանդությունների առաջացման իրական պատճառը, առ այսօր հայտնի չէ։ Խթանիչների թվում նշվում են ե՛ւ աղտոտված օդը, ե՛ւ թունավոր սնունդը, ե՛ւ ստրեսները, ե՛ւ ժառանգական տրամադրվածությունը, ե՛ւ ճառագայթային, ռադիացիոն գործընթացները։ Համենայն դեպս, դրանց մեծ մասը ներկա է մեր առօրյայում, եւ ակնհայտորեն առաջին թիրախն աղքատ մարդու թերասնված օրգանիզմն է։ Իսկ չքավորներից քանի՞սն են դիմում բժշկի եւ քանի՞սըՙ ոչ, ոչ ոքի հայտնի չէ։ Նրանց մեծ մասը հասարակ խորհրդատվության համար պահանջվող 2000¬4000 դրամն էլ չունի։
Ընդհանրապես ողջ աշխարհում ոչ մի մասնագետ արյան չարորակ հիվանդությունների լիակատար բուժում չի երաշխավորում։ Սակայն ժամանակին ախտորոշմամբ, հատկապես նորագույն սարքերի ու դեղորայքի օգտագործմամբ, հնարավոր է երկարաձգել օրհասը։ Վերջին 5 տարում 280 երեխաների այդ ճանապարհով հաջողվել է փրկել լեյկոզից։
Արյան չարորակ հիվանդությունների դեմն առնելու աշխարհի գիտնականների համառ փորձերին այսօր մասնակից են նաեւ հայ գիտնականները։ «Արյունաբանական կենտրոնում» աշխուժորեն քննարկվում է սենսացիայի հավակնող մի նորույթ։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արմեն Գալոյանին հաջողվել է փորձարարական կենդանիների ուղեղի հիպոթալամուսից ստանալ մի պրեպարատ, որը, նախնական արդյունքների համաձայն, արդյունավետ լուծում է խոստանում նյութափոխանակության խանգարված գործընթացների կարգավորմանը եւ լեյկոզի բուժման դեղատոմս կարող դառնալ։ Արդեն ապացուցված է, որ պրեպարատը ոչ միայն օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող, այլեւ արյան բջիջների թաղանթը կայունացնող հատկություն ունի։ Արդեն իսկ հետազոտվում է նոր պրեպարատի ազդեցությունը լեյկոզով հիվանդ մարդու արյան վրա։ Սակայն հայ արյունաբաններն առայժմ զգուշանում են վերջնական կանխատեսումներ անել։ Իբրեւ գիտական նորույթ, իհարկե, հետազոտությունը մեծ արժեք է ներկայացնում, բայց գործնական արդյունքների մասին դեռ վաղ է խոսել։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ