Այսօր լրանում է կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), նախաձեռնող խմբերի լիազոր ներկայացուցիչներին նախագահի իրենց թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկների հանձնման ժամկետը։ Ըստ ընտրական օրենսգրքի պահանջների, ստորագրություններ հավաքելու համար նախատեսված 80 պաշտոնաթերթիկներում պետք է լրացվեն տվյալ թեկնածուի առաջադրումը պաշտպանող քաղաքացիների ազգանունները, անունները, հայրանունները, հաշվառման վայրերը, անձը հաստատող փաստաթղթի համարը։ Սրան գումարած նաեւ յուրաքանչյուր նշված քաղաքացու ստորագրությունը։
Արդեն լրացված պաշտոնաթերթիկները ներկայացվելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողով այսօրվանից մինչեւ դեկտեմբերի 31-ի ժ. 18-ը։
Հանրապետության նախագահի ցանկացած թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում քաղաքացիների ստորագրությունների վավերականությունը ստուգում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Անվավեր կհամարվեն կեղծված կամ ընտրելու իրավունք չունեցող անձանց պատկանող ստորագրությունները, ինչպես նաեւ այն ընտրողների ստորագրությունները, որոնց տվյալները պաշտոնաթերթիկներում սխալ են լրացվել։
Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրումը պաշտպանելու փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից 20 օր անց կունենանք այն թեկնածուների ցուցակը, որոնք, արդեն գրանցված լինելով ԿԸՀ-ում, կիրականացնեն նախընտրական քարոզչությունը։
Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցի բոլոր 15 թեկնածուներին էլ, ապա, թերեւս, նախագահի թեկնածուների նման առատության պայմաններում ընտրապայքարն ավելի մեծ հավանականությամբ կմեղմանաՙ ուղղակի մասնատվելով այդքան մեծ թվով հատվածների միջեւ։
Մյուս կողմից, 15 թեկնածուի գրանցվելու դեպքում որպես ընտրական գրավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին կմուտքագրվի 75 մլն դրամ։
Նախագահության թեկնածուի ընտրական գրավը վերադարձվում է, եթե թեկնածուն ստացել է թեկնածուների օգտին տրված ձայների 5 եւ ավելի տոկոսը։ 5 տոկոսից պակաս ձայներ ստանալու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե։
Լավատեսական մոտեցման դեպքում անգամ հասկանալի է, որ 5 տոկոսանոց սահմանագիծը կհատեն հանրապետության նախագահի թեկնածուներից 4¬5-ը։ Հետեւաբար, այսպես թե այնպես, պետական բյուջե կփոխանցվի մոտ 50 մլն դրամ։ Սա էլ, թերեւս, կարելի է համարել թեկնածուների առատության միակ «օգուտը»։
Եվ չնայած որոշ կարծիքներին, թե թեկնածուական նման առատությունը գոնե վկայում է ժողովրդավարության կայացում, այնուամենայնիվ, այդ առատության միակ շոշափելի եւ գնահատելի հետեւանքը կլինի բյուջե փոխանցվելիք գումարը։
Այսպիսով, այսօրվանից կսկսվի թեկնածուների առաջադրման պաշտպանությունըՙ ԿԸՀ փաստաթղթերի ներկայացման կարգով։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ