«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2002-12-07 | #226, 2002-12-10 | #227, 2002-12-11


ՄՈՒՐԱԴ ԲՈՋՈԼՅԱՆԻՆՙ 11 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ, ԱՄԲՈՂՋ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄՈՎ

Մեղադրանքը. Թուրքիայի օգտին լրտեսություն, հայրենիքի դավաճանություն

Թուրքիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող, ՀՀ նախկին եւ գործող նախագահների նախկին անձնական թարգմանիչ Մուրադ Բոջոլյանի դատավարությունը մոտենում է հանգուցալուծմանը։

Պաշտպան Հովիկ Արսենյանը հերթական անգամ դատարանում միջնորդություն ներկայացրեց, որպեսզի «կարճվի քրեական գործը, անօրինական հետապնդումը դադարեցվի, եւ Բոջոլյանն ազատ արձակվի»։ Ամբաստանյալը միացավ միջնորդությանը։ Դատարանը միջնորդությունը համարեց անհիմն եւ մերժեց։

Պետական մեղադրող Արամ Ամիրզադյանը կարդաց միջնորդական ճառըՙ մեկ անգամ եւս շեշտելով, որ Բոջոլյանը Թուրքիային չի տվել պետական, ռազմական գաղտնիքներ, սակայն կատարել է հետախուզությանՙ ՄԻԹ-ի առաջադրանքները, ինչը եւս լրտեսություն է։ «Իրոք, մեղադրող կողմը չունի ապացույցներ ամբաստանյալի կողմից պետական գաղտնիքներ հայտնելու վերաբերյալ եւ մեղադրանք է ներկայացրել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի տնտեսական, ներքաղաքական, ռազմական եւ պաշտպանության ոլորտներին վերաբերող տարաբնույթ վերլուծական տեղեկություններ ՄԻԹ-ին հաղորդելու համար։ Մեղադրող կողմը սույն քրեական գործով ապացուցված է համարում, որ Բոջոլյանն իրոք գործել է ՄԻԹ-ի առաջադրանքով, որոշակի դիտավորությամբՙ շահադիտական դրդումներով», ասաց պետական մեղադրողը։

Ամբաստանյալը ձերբակալությունից 2 օր հետոՙ 2002 թ. հունվարի 27-ին, հարցաքննության ժամանակ քննիչի արտահայտած այն մտքին, որ կասկածվում է 1993-ից ՄԻԹ-ի հետ համագործակցելու եւ նրա հանձնարարությամբ տարբեր բնույթի տեղեկություններՙ ի վնաս Հայաստանի շահերի, հաղորդելու մեջ, Բոջոլյանը պատասխանել է, որ իրականում ինքը ՄԻԹ-ի հետ համագործակցել է ոչ թե 1993-ից, այլ 2000 թ. հունիսից։ Իր հետագա ցուցմունքներում Բոջոլյանը ինքնախոստովանություն է արել եւ ներկայացրել ՄԻԹ-ի աշխատակիցների հետ իր համագործակցության ձեւերի, մեթոդների, ծպտյալ բնակարանների, հանդիպման վայրերի, ստացած գումարների մասին։ Պետական մեղադրողը նշեց, որ Բոջոլյանն իր ցուցմունքներում նշել է այնպիսի մանրամասնություններ, որ եթե տեղի ունեցած չլինեին, ապա լավագույն երեւակայության դեպքում էլ հնարավոր չէր հորինել։ Այսպեսՙ իր ցուցմունքում Բոջոլյանը մանրամասն նկարագրում է թուրք-հայկական գործարար զարգացման թուրքական կողմից համանախագահող Քաան Սոյաքի եւ շվեյցարա-թուրքական «Քալթրեյդ» ընկերության ղեկավար Էրդալ Սարալի առաջարկները ՄԻԹ-ի հետ համագործակցելու մասին, միաժամանակ նշում, որ հրաժարվել է այդ առաջարկներից։ Հետագայում հորաքրոջ որդուՙ ստամբուլահայ ոսկերիչ Մուրադ Իշլերի միջնորդությամբ ծանոթացել է ՄԻԹ-ի աշխատակիցների հետ, որոնք դիմել են նույն առաջարկով, եւ այս անգամ Բոջոլյանը, ելնելով նյութական ծանր վիճակից, համաձայնում է համագործակցել որոշակի պայմաններով։ ՄԻԹ-ի գործակալներ Թոլունայի եւ Նյուսրեթի հետ Ստամբուլում տեղի ունեցած երկրորդ եւ երրորդ հանդիպումների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվում հետագա հանդիպման վայրերը ճշտելու, վճարվելիք գումարների մասին։ «Թոլունայն ինձ ասաց, որ իրենց հաջողվել է ինձ համար որպես օգնություն 500 դոլար դուրս գրել, որ, իրոք, քիչ է, բայց դա է հնարավորությունը, նախաքննական ցուցմունքում պատմել է Բոջոլյանը եւ շարունակել. «Դա նույնիսկ ճանապարհածախսը եւ Ստամբուլում մնալու ծախսերը չի փակում»։ Ծրարով վարձատրություն ստանալիս Մուրադ Բոջոլյանին զարմացնում է թուրք հետախույզների աշխատանքի ոչ պրոֆեսիոնալիզմը։ «Ես ապշեցի աշխատանքի կոպտությունից եւ խնդրեցի ծրարը տալ հետո, բայց նա խցկեց գրպանսՙ ստորագրել տալով մի անդորրագիր», ցուցմունքներից մեկում ասել է Բոջոլյանը։ «Ինձ զարմացրեց, թե հետախույզները ո՞նց են 2 անգամ նույն տեղում հանդիպում նշանակում», նշել էր Բոջոլյանը եւ դժգոհություն հայտնել, որ թուրք հետախույզներն ամեն օր նույն տեղում են հանդիպում նշանակել, «իսկ հարյուրավոր ոստիկաններ ինձ տեսնում են նրանց հետ»։

Ստամբուլից վերադառնալուց հետո Բոջոլյանը կանգնել է դժվարին ընտրության առաջ. «Կարելի է կապվել իմ նախկին գործընկերների, մասնավորապես Իվան Ղուկասովի հետ, պատմել նրան ամեն ինչ եւ մտնել երկակի խաղի մեջ, շարունակել աշխատել թուրքերի հետՙ մերոնց իմացությամբ եւ ուղղորդությամբ» կամ «թուրքերից ստանալ հնարավորինս շատ գումար եւ լուծել հարցերս»։

Փաստորեն, Մուրադ Բոջոլյանը, սկսելով համագործակցությունը ՄԻԹ-ի հետ, որոշել է դիմել Հայաստանի անվտանգության մարմիններին եւ աշխատել ի նպաստ Հայաստանի, սակայն, ենթադրաբար, պարտքերի պատճառով նախընտրել է համագործակցության թուրքական տարբերակը։

Թուրքերի հետ Մուրադ Բոջոլյանի համագործակցության իրեղեն ապացույցներից է կապույտ թուղթը, որի մասին ամբաստանյալը հայտնել է հետեւյալը. «Գյուրելն իր տետրից մի էջ պոկեց եւ տվեց ինձ, որպեսզի որոշ հարցեր արտագրեմ։ Հենց այդ կապույտ թղթի վրա էլ, կարծեմ, մատիտով թուրքերեն արտագրեցի հարցերը»։ Պետական մեղադրողը հռետորական հարց ուղղեց. «Լրագրողական աշխատանքի համար պե՞տք էր ՄԻԹ-ին ներկայացնել ռուսերեն «R-17» տակտիկական կոմպլեքսի, «Կրուգ» հակաօդային կոմպլեքսի, «Օսա» հակաօդային արկերի, «Իգլա» հակաօդային կոմպլեքսի, տանկերի, զրահամեքենաների, պահեստային մասերի, զինամթերքի տեսակների եւ քանակի մասին տեղեկություններ, Երեւանում տեղակայված հրետանային գնդի, նրան ենթակա Կարմիր քարում տեղակայված հերթապահական կետի մասին»։

Պետական մեղադրողները դատարանին ներկայացրին հետեւյալ միջնորդությունը. «Մուրադ Բոջոլյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր.-ի 59 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել նրան ազատազրկման 11 տարի ժամկետով, ամբողջ գույքի բռնագրավումով, առանց աքսորի։ Մուրադ Բոջոլյանը նշանակված պատիժը պետք է կրի խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը համարել ձերբակալության պահիցՙ 27 հունվարի, 2002 թ.»։

Դատավարությունը կշարունակվի վաղը։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4