ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հայաստանը վերջապես անդամագրվեց Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը։ Դրան հասնելու համար մեզ անհրաժեշտ եղավ անցնել տարիներ տեւող գործընթաց, այդ կազմակերպության չափանիշներին համապատասխանեցնել բազմաթիվ օրենքներ, վերանայել որդեգրած դիրքորոշումը որոշ առանցքային հարցերի վերաբերյալ։ Բնականաբար, հարց է ծագումՙ ո՞րն է այդ ամենի նպատակը։ Ի՞նչ ենք ստանալու դառնալով ԱՀԿ 145-րդ անդամը եւ ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ։
Փորձենք անդրադառնալ այս հարցերին եւ համադրել անդամակցության հնարավոր դրական ու բացասական հետեւանքները։
Հաջողություն պետք է փնտրել արտաքին շուկայում
Որ այս միջազգային կառույցին անդամակցում է 145 երկիր, որ դրան մեծ ջանքերի գնով հասավ այնպիսի զարգացող տնտեսություն ունեցող երկիր, ինչպիսին Չինաստանն է, որ անդամակցման են ձգտում մյուս երկրները եւ անգամ այնպիսի «փակ» տնտեսություն ունեցող երկիր, ինչպիսին Իրանն է, վկայում է դրա ավելի շուտ դրական նշանակության մասին։ Սաՙ տեսականորեն։ Իսկ գործնականում ԱՀԿ-ին անդամակցումը նշանակում է այլ վերաբերմունք եւ ընկալում արտաքին աշխարհի կողմից, երկրի նկատմամբ վստահելիության ավելի բարձր աստիճան, գործընկերության հավասար պայմաններ։
Սակայն հիմնականը, որի մասին առավել հաճախ է նշվում, արտահանման համար նպաստավոր պայմանների ստեղծումն է։ Պատահական չէ, որ ԱՀԿ-ին անդամակցելու բարենպաստ հետեւանքների մասին, բացի պետական պաշտոնյաներից, ոգեւորվածությամբ խոսում են արդեն կայացած եւ արտահանման ուղղվածություն ունեցող ընկերությունների ղեկավարները։ Նկատի ունենալով Հայաստանի արտաքին առեւտրի մեծ բացասական հաշվեկշիռը (մոտ 500 մլն դոլարի), մեր երկրի փոքր ու սահմանափակ ներքին շուկան, ակնհայտ է, որ արտահանման աճը Հայաստանի տնտեսության զարգացման միակ երաշխիքն է։
Այսինքնՙ անգամ եթե ներքին շուկայում ԱՀԿ-ի անդամակցման հետեւանքով մեր արտադրողների դիրքերը սասանվեն, ապա արտահանման հստակ ուղղվածություն ունենալու դեպքում դա նրանց ընդհանուր տնտեսական գործունեության վրա լուրջ ազդեցություն չի ունենա։ Իսկ արտահանման ուղղվածություն կարելի է ունենալ միայն բարձրորակ արտադրանք թողարկելու դեպքում։ Այս առումով ԱՀԿ-ի դերն անգնահատելի էՙ այն կստիպի մեր արտադրողներին մշտական ուշադրություն հատկացնել որակական չափանիշներին եւ հաջողությունը որոնել արտաքին, շատ ավելի ընդարձակ շուկաներում։
Որքանո՞վ են իրական վտանգները
Այդուհանդերձ, հնարավո՞ր է, որ Հայաստանի ներքին շուկան լուրջ ցնցումների ենթարկվի ԱՀԿ-ին անդամակցության, ավելի կոնկրետՙ ներմուծման ծավալների աճի հետեւանքով։ Նախ նշենք, որ Հայաստանը մինչ այդ էլ ամենալիբերալ տնտեսություն ունեցող երկրների շարքում էր։ Ներմուծման համար սահմանված են մաքսատուրքերի երկու դրույքաչափերՙ 0 եւ 10 տոկոս։ Այսինքնՙ արդեն իսկ հիմա ներմուծողները կամ ընդհանրապես մաքսատուրք չեն վճարում եւ արտադրողների հետ գտնվում են նույն հարկային դաշտում, կամ վճարում են շատ փոքր եւ ԱՀԿ-ի չափանիշներով թույլատրելի մաքսատուրք։
Ներմուծման հետեւանքով տեղական արտադրությանը հասցվելիք հնարավոր վնասի կամ վնասի վտանգի կանխման նպատակով ընդունվել է «Ներքին շուկայի պաշտպանության մասին» օրենքը։ Այն, վերոնշյալ հանգամանքների դեպքում, թույլ է տալիս մինչեւ 15 տոկոսի չափով հովանավորել տեղական արտադրողին, մաքսատուրքեր բարձրացնել կամ անգամ ներմուծվող ապրանքի համար չափաբաժին (քվոտա) սահմանել։ Սակայն խոսքը համարժեք որակ ունեցող ապրանքների մասին է, եւ տեղական արտադրողը պետք է հիմնավորի, որ ոչ թե իր ապրանքի ցածրորակության, այլ ներմուծման աճի հետեւանքով է վնասներ կրում։ Դժվարին խնդիրը թերեւս սա է։ Տեղական արտադրողի համար խնդիր կառաջանա ներմուծողի կողմից դեմպինգային գներ սահմանելու դեպքում։ Ճիշտ է, այս դեպքում եւս գործում է «Հակադեմպինգի մասին» օրենքը, բայց ակնհայտ է, որ տեղական արտադրողների համար ե՛ւ անփորձության, ե՛ւ հավելյալ ծախսերի պատճառով սկզբնական շրջանում դժվար կլինի օգտվել օրենքի ընձեռած հնարավորություններից։ Մյուս կողմից էլ, բարեբախտաբար կամ դժբախտաբար, Հայաստանը դեռեւս խոշոր ընկերությունների համար լուրջ հետաքրքրություն չի ներկայացնում նույնՙ փոքր շուկա լինելու պատճառով։ Ուստի, գոնե առայժմ, լուրջ վտանգ դեմպինգային գներով ներմուծման ծավալման համար, չկա։
Տեղական արտադրողի համար, հատկապես եթե նոր է սկսել իր գործունեությունը, ներքին շուկայում դիրքերը կորցնելու վտանգն իրական կարող է դառնալ կամ արտադրած ապրանքի ցածրորակության, կամ ոչ ճկուն գնային քաղաքականության հետեւանքով։ Այս գործոնները, ԱՀԿ-ին անդամակցելուց հետո ավելի առարկայական են դառնալու։
Ամենաբարդ խնդիրները կարող են առաջ գալ գյուղատնտեսության հարկման եւ սուբսիդավորման հարցում, որի պատճառով պարբերաբար հետաձգվում էր Հայաստանի անդամակցությունն այս կառույցին։ Սակայն այս մասին կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ, սահմանափակվելով միայն այն նշումով, որ չնայած 6 տարվա միջանկյալ ժամկետի եւ սուբսիդավորման առավել մեծ չափերի մասին պայմանավորվածությանը, սկզբնական շրջանում որոշակի խառնաշփոթ եւ դժգոհություններ կառաջանան։ Գերխնդիրն այստեղ պետք է լինի գյուղատնտեսության մեջ անկման երեւույթներ թույլ չտալը։ Եթե այս զգայուն հարցը բացառենք, ապա մնացած բոլոր առումներով մեր երկրի անդամակցումն ԱՀԿ-ին մեր տնտեսության համար հիմնականում դրական նշանակություն կունենա։