ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երբ սկսեցի կարդալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի դեկտեմբերի 11-ի համարում հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվածների կենսագրական տվյալների հրապարակումը, մի պահ կասկածեցի, թե որոշ թեկնածուներ անցել են քարոզչության, չնայած ժամանակը չէ։
Բացի քարոզչություն հիշեցնող գովաբանական գնահատականներից ու որակումների գերադրական աստիճաններից, որոշ կենսագրականներ անգամ քնարական ու տոհմածառային բովանդակություններ ունեն։
Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված 15 հոգուց սովորական, հստակ եւ առանց այլեւայլությունների իրենց կենսագրականները ներկայացրել են Վլադիմիր Դարբինյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Կարապետյանը, Արամ Հարությունյանը, Պետրոս Մակեյանը, Գառնիկ Մարգարյանը, Արամ Սարգսյանը («Հանրապետություն»), Ռոբերտ Քոչարյանը։
Մնացյալներից, օրինակ, Ռուբեն Ավագյանիՙ «Միավորված հայեր» կուսակցության ստորագրությամբ կենսագրականում 1993¬95 թթ. պաշտպանության, ապա նաեւ ազգային անվտանգության նախարարություններում ծառայելու ժամանակ «այդ աշխատատար գործին զուգահեռ Ռուբեն Ավագյանն ուժ ու եռանդ չի խնայել աջակցելու հայոց ազգային բանակի իրավական կայացմանը, ինչպես նաեւ ղարաբաղյան ազատամարտին»։
Ռուբեն Ավագյանի կենսագրականից տեղեկանում ենք նաեւ, որ վերը նշված գործերում «ուժ ու եռանդ չխնայող» պրն Ավագյանը, «Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ, այլ հաստատությունների հետ համատեղ կատարել է 1700 տնկիների ծառատունկ»։
Կենսագրության այս օրինակը, մյուս «կենսագրականների» համեմատությամբ, բավականին մեղմ է իր գնահատականներում։ Ի հակադրություն սրա, Արտաշես Գեղամյանի կենսագրությունը, «Ազգային միաբանություն» կուսակցության լրատվական կենտրոնի կողմից ստորագրված, բավականին հարուստ է «փրկչական» գնահատականներով, նաեւ հիշյալ թեկնածուի եզակիության որակումներով։ Մասնավորապես պարզվում է, որ Գեղամյանի Երեւանի քաղաքապետ լինելու ժամանակ (1989¬90 թթ.) «ավարտվել է Մասիս-Երեւան եւ Արզական-Երեւան ջրատարների տարիներ շարունակ ձգձգվող շինարարությունը..., շեշտակի թափ է ստացել Դավիթաշենի կամրջի շինարարությունը»։ Մեր իրականությունը, այնուամենայնիվ, փաստեց, որ այդ «շեշտակի» թափը բավարար չէր կամրջի շինարարությունն ավարտելու համար։
Կենսագրականը մեզ լուսավորում է նաեւ, որ 1990 թ. մայիսի 27-ինՙ Նուբարաշենի հայտնի իրադարձությունների օրը «մի խումբ ազատամարտիկների հետ Արտաշես Գեղամյանը կանխել է երեւանցիներին սպառնացող վտանգը»։
Երեւանցիներին «վտանգից փրկող» Գեղամյանը, համաձայն կենսագրականի որակումների, «բազմիցս հանդես է եկել հանրապետության սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ծրագրային առաջարկություններով, հիմնավորել է իշխանությունների վարած քաղաքականության արատավոր լինելը...»։ Այսքանը բավական չէ, Արշատես Գեղամյանի կենսագրության մեջ հատուկ «կենսագրական տվյալ» է դարձել այն, որ Գեղամյանը «պահանջել է հանրապետության նախագահի հրաժարականը»։
Պարույր Հայրիկյանի կենսագրությունը ներկայացրել է պատմաբան Նորայր Խանզադյանը։ Վերջինս նախ անհրաժեշտություն է համարել, պատմական էքսկուրս կատարելով, «հանդիպեցնել» Հայրիկյանի ծնողներին։
Պահպանելով Պարույր Հայրիկյանի բանաստեղծությունների ու երգերի ստեղծման ժամանակագրությունըՙ պատմաբանը շռայլ որակումներ է տվելՙ չմոռանալով անընդհատ մեջբերումներ անել Հայրիկյանի տարբեր առիթներով տարբեր տեղերում ասածներից։
Ավելի շուտ գեղարվեստական ստեղծագործություն հիշեցնող կենսագրականն այնուհետեւ բովանդակում է Պ. Հայրիկյանի տարբեր բանտերում հայտնվելու պատմությունըՙ հետզհետե նմանվելով դետեկտիվ պատմության։ Հետո պատմաբան Խանզադյանը պատմում է «թեւաթափ» չլինող Հայրիկյանի մասին, ում մասին հաղորդագրություններով «այդ ամբողջ ժամանակաշրջանում աշխարհի բոլոր թերթերը լի էին»։
Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվածների մեջ ամենաերկար կենսագրականում Հայրիկյանի «ոդիսականը» հանգեցվում է նրան, որ Հայրիկյանի «Ժողովրդավարություն խոսքով եւ գործով» գիրքը (2002 թ., Երեւան) որակվում է «համամարդկային կարեւորության խոսք ժողովրդավարական սկզբունքների վերաբերյալ»։
Մեկ այլ թեկնածու առաջադրված Րաֆֆի Հովհաննիսյանը, հավանաբար խիստ կարեւորելով նախնիների ծագումնաբանությունն ու նրանց շփման շրջանակները, իր իսկ հիմնադրած եւ ղեկավարած Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գործունեությունը որակել է «լայնածավալ», իսկ դիրքորոշումներըՙ «անաչառ»։
Պրն Հովհաննիսյանը նման գերադրական գնահատականներով է բնութագրել նաեւ «Հայացք Երեւանից» սեփական նախաձեռնությամբ հիմնված ամսագիրը։ Վերջինս կենսագրականում ներկայացվում է որպես հասարակական-քաղաքական¬մշակութային ամսագիր, որը «կամրջում է հայության Հայաստան-սփյուռք հատվածներըՙ անդրադառնալով նաեւ աշխարհաքաղաքական կարեւորագույն խնդիրների»։
Կենսագրականն ավարտվում է 1988 թ. երկրաշարժից հետո Հովհաննիսյան ընտանիքիՙ Հայաստանում հաստատվելու պատճառաբանությամբ, այն էՙ Հովհաննիսյանները մեծացել եւ դաստիարակվել են «ազգային արմատների կենսունակության շնչով»։
Վազգեն Մանուկյանն իր կենսագրության մեջ հաջողված որակելով 1990¬91 թթ. սեփական վարչապետությունը, նշում է. «Վարչապետին ընձեռված լիազորությունները եւ գործելակերպն առաջացնում էին իշխանական վերնախավի դժգոհությունը»։ Սա բացատրվում է նրանով, որ Վազգեն Մանուկյանը նախընտրում էր «համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ»։
Այնուհետեւ եզակիության ինչ-որ մոտեցում ունենալու համար Վազգեն Մանուկյանը հետխորհրդային տարիների Հայաստանում որակվում է «...առաջին եւ առայժմ միակ քաղաքական գործիչը, որը հանուն սկզբունքների բարձրագույն պաշտոնից հրաժարականի օրինակ է տվել»։
Ինքնագնահատմամբ, 1996 թ. նախագահական ընտրություններում ժողովրդի «վստահության քվեի» արժանացած Վազգեն Մանուկյանիՙ պաշտպանության նախարարի պաշտոնակատար եղած ժամանակ է սկսվել մեր բանակի փայլուն հաղթանակների շրջանը։
Դե, Արշակ Սադոյանի կենսագրականը գրեթե չի տարբերվում հեղինակի «հրապարակային ելույթներից»։ Տարբեր երեւույթների ու հանգամանքների դեմ Սադոյանի պայքարը, ըստ կենսագրականի, սկսվում է 1991 թ.-ից, երբ կենսագիրը «պայքար է ծավալել «ՀՀ նախագահի մասին» օրենքի նախագծի դեմ»։
Արշակ Սադոյանի կենսագրությունից կարելի է ենթադրել, որ «անձնականը երկրի ու ժողովրդի շահերին ստորադասող» Արշակ Սադոյանը ոչ ՀՀՇ անդամ է եղել, ոչ էլ երբեւէ պատասխանատու պաշտոններ զբաղեցրել։
1989 թ.-ից սկսած Սադոյանը «սկզբունքայնորեն պայքարում է» եւ «չնայած առկա դժվարություններինՙ շարունակում է պայքարել»։
Ամենահետաքրքրականը նշված կենսագրության ավարտն է. «ԱԺԴ կուսակցությունը գտնելով, որ երկրում պետք է կատարվեն արմատական փոփոխություններ եւ արժեւորելով այդ գործում Ա. Սադոյանի կարողությունները, նրան առաջադրել է առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու»։
Փրկչական ինչ-որ միտում ցուցաբերող այս որակումը որոշ առումով մոտ է Արամ Սարգսյանին (ՀԴԿ) տրված գնահատականին։
Արամ Սարգսյանի կենսագրականն, առանց այլեւայլության, ավարտվում է. «ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ունի սկզբունքային եւ անբասիր, քաղաքականապես հասուն գործչի համբավ»։
Նախընտրական քարոզչություն սկսելու ժամկետից բավականին շուտ սկսված նման կենսագրական «գնահատականներն» այսպես թե այնպես վկայում են. մեր քաղաքական գործիչները դարձյալ գործում են առանց «խաղի կանոնների»։