«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2002-12-10 | #227, 2002-12-11 | #228, 2002-12-12


ՏԵՍԱՆԵԼԻ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Տպավորություններ Վրեժ Քասունու «Մնջաճիչ» ցուցահանդեսից

Իրականություն, երեւույթներ, բարքեր, մեր շուրջը տարածվող կյանք. կարելի է այն գունազարդել, վարագուրել, թաքցնել կամ էլՙ հակառակը։ Մերօրյա իրականության մեջ ռոմանտիկական մտայնությունները ժամանակավրեպ են այլեւս։ Իրականության գունազարդվող մղձավանջը, բարեբախտաբար, անցել է։ Կյանքն ավելի քան քողազերծ է, ու մարդն էլ, ցավոք, անպաշտպան։ Արվեստն էլ, ի վերջո, ինչ-որ չափով պարտադրվում է արտաքին իրողություններին (որքան էլ ներհայեցողական լինի)։ Յուրաքանչյուրն իր գեղագիտական սկզբունքներն ու սուբյեկտիվ հայացքն ունի, բայց եւ օրինաչափ է այն, որ կյանքի հանդեպ պատկերացումները որքան բարձր են եւ իդեալական, այնքան ավելի պահանջկոտ ու խիստ է դառնում հայացքն այդ նույն աշխարհի նկատմամբ։ Երգիծանքի ժանրն այս առումով գտնված է, որն իրականության գեղարվեստական արտացոլման այն ձեւն է, որում հեղինակը (գրող, նկարիչ) փորձում է կյանքի թերությունները դիտել ավելի սուր պրիզմայովՙ հետեւելով չափազանցությունների, գրոտեսկի, այլաբանության ձեւերին։ Այս տեսանկյունից է իրականությունը մեկնաբանում սիրիահայ երգիծանկարիչ Վրեժ Քասունին, որի աշխատանքների անհատական ցուցահանդեսը բացվեց «Մոսկվա» կինոթատրոնում նոյեմբերի 30-ին եւ կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 30-ը։

Ծնունդով հալեպցի Վրեժ Քասունին, ավարտելով տեղի Լազար-Նաճարյան միջնակարգ վարժարանը, սովորել է Հալեպի ՀԲԸՄ միության Մ. Սարյանի անվ. գեղանկարչական ակադեմիայում, ապա ուսումը շարունակել Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվ. գեղանկարչական ուսումնարանում։ Նա Սիրիայի նկարիչների միության անդամ է եւ բազմաթիվ անհատական ու խմբակային ցուցահանդեսների է մասնակցելՙ Սիրիայում, Երեւանում, Բեյրութում։ 2000 թ.-ից մասնակցել է միջազգային երգիծանկարիչների փառատոների (Բելգիա, Գերմանիա, Դուբայ)։ Համագործակցել է մի շարք թերթերի եւ ամսագրերի հետՙ «Արձագանք», «Գանձասար», «Զարթօնք», «Հայաստանի Հանրապետություն», «Ոզնի», ներկայումսՙ «Գրական թերթ» եւ այլն։ Պատկերազարդել է գրքեր, թողարկել գովազդային անիմացիոն տեսահոլովակներ։

«Մոսկվա» կինոթատրոնում ներկայացված աշխատանքներում երիտասարդ երգիծանկարիչը բավականին ինքնատիպ մոտեցումներ ունի կյանքին եւ առաջարկում է հետաքրքրական լուծումներ։ Հեգնանքից բացի, այստեղ նկատելի ցավ կա մարդու աղավաղված կերպարի համարՙ սկսած նախնական մեղքից մինչեւ մարդու բարոյական անկումն ու ընդվզումները, որոնք դառնում են տառապանքի հիմնական պատճառՙ առիթ տալով մտորումների եւ մղում արթուն մտքինՙ քննելու ու քննադատելու մարդու ստեղծած աշխարհը։ Թերեւս երգիծանքը լավագույն ձեւն է մեր մտացածին պատրանքները ցրելու, միտքը թմբիրից հանելու եւ արատները, թերությունները մերկացնելու։ Ի՞նչն է երգիծաբանին (նրանց որպես կանոն չեն սիրում) ստիպում լինել երբեմն անողոք եւ ոչնչացնելու աստիճանի սարկազմիկ. թերեւս խաբուսիկ կյանքը եւ իրականությունը ավելի սթափ եւ մերկ տեսնելու ճշմարտությունը, որովետեւ նրանք նման առաքելությամբ են հայտնվել եւ անվրեպ աչք ու նշանառություն ունեն։ Թերեւս այսօրինակ երգիծանքն ավելացնում է մեր հիասթափությունները, սակայն այն կոչված է շտկելու շատ արատներ (թեեւ ժողովրդական առածն ասում էՙ «սապատավորին միայն գերեզմանը կուղղի»)։

Ծիծաղաշարժ, կոմիկական տարրերը Վրեժ Քասունու աշխատանքներում ավելի սակավ են։ Դրանք ծիծաղ չեն առաջացնում եւ ոչՙ ժպիտ հարուցում։ Գծապատկերներում թաքնված տխրություն կա, ցավ եւ անհանգստությունՙ իր ժամանակի եւ ժամանակակցի կորուստների համար (եւ ամենը սկիզբ է առնում նախնական մեղքից (Ադամ եւ Եվա), անապատային ամայություն, սիրո պակաս, հաշվարկների աղյուսակ, մթագնած սիրտ, գլոբալիզացիա եւ զանազան անմաքուր խաղեր, մարդու նենգ մտադրություններՙ չարություն, նախանձ եւ երեւակայական պատրանքՙ կնոջ առեղծվածային կերպարով եւ այլն)։

Ցուցահանդեսը խորագրված է «Մնջաճիչ»։ Պատկերային ճիչի այս լռությունը խոսուն էՙ անակնկալ, երբեմն հանելուկային, ռեբուսային լուծումներով։ Երգիծանքն ընդհանրապես ոչ միայն մտորումների, նաեւ ինքնաքննության տրամադրություն է ստեղծում, այսպիսին այս ցուցահանդեսի մթնոլորտն է նաեւ։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4