«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2002-12-10 | #227, 2002-12-11 | #228, 2002-12-12


ՇՈՐՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ԱՂՋԻԿՆԵՐԸ

«Միսս ուսանողուհի-2002» գեղեցկության մրցույթը կանցկացվի Մոսկվյում 2003 թ. մարտի 8-ինՙ Ռուսաստանի հայերի միության հովանավորությամբ։ Իսկ մինչ այդ երիտասարդական պալատի համերգային մեծ դահլիճում դեկտեմբերի 27-ին, ժամը 18-ին տեղի կունենա մրցույթի նախնական փուլը, որի ժամանակ կընտրվեն 12 լավագույն մասնակիցները։

Արդեն ավանդական դարձած այս մրցույթին ամեն տարի դիմում է 500 ուսանողուհի, նրանցից ընտրվում են 45-ը, ապա 27-ը, եւ վերջապես 12-ըՙ մրցանակային փուլին մասնակցելու համար։ «Միսս ուսանողուհի» գրասենյակի նախագահ Արման Անտոնյանն ու գեղարվեստական ղեկավար Ռուբեն Հովհաննիսյանը երեկ ճարտարապետների միության «Դինո» ակումբ էին հրավիրել պետական պաշտոնյաների, արվեստագետների, գործարարների, որոնք իբրեւ մրցութային հանձնաժողով հանդես գալովՙ ընտրեցին նախնական փուլին մասնակցելու արժանի 27 ուսանողուհիներին։ Ուսանողուհիները նախ ներկայացան լողազգեստով (մի քանիսըՙ լողազգեստ ձեռք բերել չէին կարողացել, եւ գեղարվեստական ղեկավարը ներողություն խնդրեց «տեխնիկական խնդիրների» համար), ապաՙ սովորական հագուստով։ Հանձնաժողովի անդամները հուզմունքից շփոթված ուսանողուհիներին տվեցին տարաբնույթ հարցեր, ընդհուպՙ «ինչպե՞ս եք պատկերացնում ձեր առաջին ամուսնուն»։ Ոմանք պատկերացրին, ոմանքՙ ոչ։ Ուսանողուհիներից մեկն էլ ասաց, որ շատ է սիրում «արտասահմանական երաժշտություն»։ Ի դեպ, նրանցից շատերն, իրենց խոսքերով, մրցույթին մասնակցելու ցանկություն են հայտնել իրենց կյանքում փոքր-ինչ փոփոխություն մտցնելու եւ «բարձր հասարակության» հետ շփվելու նպատակով։ Մրցույթում հաղթելու տրամադրվածությամբ ընդամենը մի քանիսն էին աչքի ընկնում։ Ինչեւէ, մրցույթը կավարտվի Մոսկվայում, որին կմասնակցեն մոսկվայաբնակ եւս 5 հայաստանցի ուսանողուհիներ։ Ռուսաստանի հայերի միությունը պատրաստակամություն է հայտնել հովանավորելու միայն Հայաստանի քաղաքացի ուսանողուհիների մասնակցությամբ «Միսս ուսանողուհի-2002» մրցույթը, որից հետո այն կդառնա համահայկական, եւ մասնակցելու իրավունք կստանան հայ ուսանողուհիներն աշխարհի տարբեր երկրներից։

«Միսս ուսանողուհի-2002» տիտղոսին արժանացած գեղեցկուհին, բացի մրցանակային ֆոնդից, կստանա «Միսս Հայաստան» եւ «Աշխարհի միսս ուսանողուհի» գեղեցկության մրցույթներին մասնակցելու ուղեգրեր։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ. Գ. Վերջում անդրադառնանք լրագրողներին տրված մամլո հաղորդագրությանը, որն «աչք է շոյում» քերականական ու տրամաբանական սխալների համաբույլով։ Կարծում ենք, որ «Միսս ուսանողուհի» մրցույթի կազմակերպիչները գրագետ խոսք պետք է պահանջեն ոչ միայն մասնակիցներից, այլեւ իրենք իրենցից։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4