Արկադի Ղուկասյանի մամուլի ասուլիսը
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
Ֆրանսիա եւ ԱՄՆ կատարած այցից վերադառնալուց հետո ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը դեկտեմբերի 12-ին իր նստավայրում հրավիրեց մամուլի ասուլիս։ Համառոտակի ներկայացնելով Ֆրանսիայում հեռախոսամարաթոնի եւ ԱՄՆ-ում հեռուստամարաթոնի արդյունքները, նախագահը գոհունակություն հայտնեց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու համար դրամահավաքի ընթացքից։ Նա առանձնապես ընդգծեց սփյուռքահայ այն բարերարների անունները, որոնց ներդրումն այս ձեռնարկման մեջ խիստ շոշափելի է։
Համեմատելով նախորդ տարիների հեռուստամարաթոնները, Ա. Ղուկասյանը նշեց, որ ոչ միայն աճել է հանգանակված գումարների չափը, այլեւ ընդլայնվել է մասնակից երկրների աշխարհագրությունը։ Նախագահի խոսքերով, հնարավոր է, որ առաջիկայում Հունաստանում եւս կազմակերպվի հեռախոսամարաթոն։ Իսկ գալիք տարվա աշնանը նախատեսվում է հեռուստամարաթոն Ռուսաստանի Դաշնությունում։
Ա. Ղուկասյանը խիստ կարեւորեց Հայաստանի ու Ղարաբաղի գործարարների արդյունավետ մասնակցությունը հեռուստամարաթոնին։
Ֆրանսիա եւ ԱՄՆ կատարած իր այցի նպատակը գնահատելով հիմնականում դրամահավաքի ֆոնի վրա, Ա. Ղուկասյանը նշեց, որ ինքն արտերկրում քաղաքական հանդիպումներ չի ունեցել։ Բացառություն են, թերեւս, փարիզյան հանդիպումները որոշ քաղաքական գործիչների հետ, քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված կարեւոր հարցեր։ Նա արտերկրում հանդիպումներ է ունեցել նաեւ հայ ավանդական կուսակցությունների եւ համայնքների ներկայացուցիչների, հոգեւոր գործիչների հետ։ Այդ հանդիպումներում, ինչպես նշեց նախագահը, ինքը չի կենտրոնացել սոսկ «Հյուսիս-հարավի» վրա, քննարկվել են նաեւ այլ ծրագրեր, որոնց մի մասը ներկայումս իրականացվում է Արցախում։ Դրանցից են, մասնավորապես, դպրոցաշինությունը, ջրատարների կառուցումը եւ այլն։ Նման կարգի շուրջ հարյուր ծրագիր սփյուռքահայերի օժանդակությամբ պետք է առաջիկայում իրականացվի Արցախում։
Նախագահն ուրախությամբ նշեց, որ սփյուռքում մեծ արձագանք են գտել նախագահական վերջին ընտրությունները ԼՂՀ-ում, ինչը վկայում է մեր երկրի հեղինակության բարձրացման մասին։
Ա. Ղուկասյանը չժխտեց, որ սփյուռքում կարեւորում են նաեւ կառուցվելիք ավտոմայրուղու տեխնիկական որակը։ Այս առնչությամբ նա լրագրողներին տեղեկացրեց, որ կառավարությունը խստապահանջություն կցուցաբերի աշխատանքների ավարտի մասին ամփոփիչ փաստաթղթերը ստորագրելիս։ Եթե որակական հատկանիշները զիջեն օբյեկտիվ պատճառներով, ինչը նա պայմանավորեց եղանակային անակնկալներով, ապա դա ըմբռնումով կընդունվի, սակայն անորակ աշխատանք կատարած շինարարներն անպայման պատասխան կտան դրա համարՙ ընդհուպ նաեւ հեռացվելով այդ աշխատանքներին մասնակցելուց։
Նախագահը հոժարորեն պատասխանեց լրագրողների տվածՙ ասուլիսյան թեմայից դուրս հարցերին։ Մասնավորապես, Ադրբեջանի դատախազությանՙ նրա դեմ հարուցած քր. գործի առնչությամբ ասաց, որ պաշտոնական Բաքվի նման դեմարշերը վկայում են շփոթվածության այն մթնոլորտի մասին, որն այժմ իշխում է Ադրբեջանումՙ կապված ԼՂՀ-ի եւ նրա քաղաքական ղեկավարության հեղինակության միջազգային ասպարեզում նկատելի բարձրացման մասին։ Ի հավաստումն դրա կարող են ծառայել թեկուզեւ ԼՂՀ ղեկավարի հասցեով ստացված 46 կոնգրեսականների շնորհավորանքներըՙ նախագահ վերընտրվելու առթիվ։ Միեւնույն ժամանակ, Ա. Ղուկասյանի խոսքերով, պաշտոնական Բաքուն վերջին դեմարշով ճանաչել է ինչպես բուն ԼՂՀ անկախությունը, այնպես էլ Ադրբեջանի հետ կոնֆլիկտում Լեռնային Ղարաբաղի հավասարասուբյեկտությունը։ Նախագահի կարծիքով, ԵԱՀԿ-ն էլ հիացած չէ Բաքվի ծայրահեղ անլուրջ էմոցիոնալ քայլից, որն ընդունակ է սոսկ խորացնելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առանց այն էլ բարդ գործընթացը։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե գալիք տարում Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններն արդյոք չե՞ն սառեցնի ղարաբաղյան կարգավորման բանակցությունները, նա նշեց, որ անհրաժեշտ է վերականգնել հակամարտության կողմերի ճանաչման իրական ֆորմատը։ Դա հնարավոր համարելով միայն նախագահական ընտրություններից հետո, Ա. Ղուկասյանը չբացառեց այդ ընթացքում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների շփումները միջազգային կառույցների միջոցառումների շրջանակներում։
Չհամաձայնելով այն կարծիքին, թե ԼՂՀ նախագահական ընտրությունների ժամանակ Արցախի քաղաքական ուժերի համախմբումը գործող նախագահի շուրջ թուլացրել է ԼՂՀ քաղաքական դաշտը, Ա. Ղուկասյանը նշեց, որ մյուս երեք թեկնածուների ներկայության փաստը հենց վկայում է հանրապետությունում քաղաքական այլ ուժերի առկայության մասին։ Նա հավաստեց, որ ինքը ձգտում է ամեն կերպ երկրում ապահովել առողջ ընդդիմություն եւ աջակցում է քաղաքական դաշտի ստեղծմանը։
Լրագրողները չշրջանցեցին Էյ Թի Էյ ընկերության հետ կապված միջադեպը։ Մեկնաբանելով հարցը, նախագահն ասաց, որ խնդիրն անիմաստորեն քաղաքականացվել է։ Նրա խոսքերով, այդ գործարանն առ այսօր չունի բանկային հաշիվ եւ չի մուծում հարկեր։ Իշխանությունների նպատակն է եղել ձեռնարկությունը բերել հարկային դաշտ, որովհետեւ ԼՂՀ-ում բոլորն էլ հավասար պետք է լինեն օրենքի առաջ։ Ինչ մնում է ձեռնարկության հետագա գործարկմանը, նախագահն անհրաժեշտ համարեց դա։
Նախագահին ուղղված մյուս հարցերն արծարծում էին հանրապետության ներքին սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնց եւս Ա. Ղուկասյանը տվեց սպառիչ պատասխաններ։