«Էներգիայի լրացուցիչ աղբյուր ստանալուց բացի, մեր հիմնական խնդիրն է ստեղծել նորՙ արեւային տեխնիկայի արտադրության ճյուղ», երեկ Հայաստանի հելիոֆիկացիայի ազգային ծրագրի մասնագիտական քննարկման ժամանակ ասաց այս ծրագրի գլխավոր նախաձեռնողըՙ տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը։ Նա ներկայացրեց նախորդ 9 տարիներին այս ուղղությամբ կատարված աշխատանքը եւ առաջիկա տարիներին կատարվելիքը։
Հելիոֆիկացիայի ծրագիրը երեք կարեւորագույն խնդիրներ ունի լուծելու։ Առաջինըՙ դառնալ արեւային տեխնիկային եւ տեխնոլոգիաներին տիրապետող երկիրՙ գործելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում։ Երկրորդՙ մասամբ բարձրացնել էներգետիկ անկախությունը, երրորդՙ նպաստել էկոլոգիական իրավիճակի բարելավմանը։
Անցած 9 տարվա ընթացքում ստեղծվել է համախոհների խումբՙ կազմված գիտնականներից եւ գործարարներից, ստեղծվել եւ փորձարկվել են 30 տեսակի սարքեր, նախագծվել են եւս 1200 մոդելներ, կայացել է փակ ցիկլով տեխնոլոգիական բազան։ Բոլոր սարքավորումները պատրաստվել են Հայաստանումՙ «Տեխնոստանդարտ», «Մետշին», «Ինտերստանոկ», «Վան», Էջմիածնի պլաստմասաների գործարան, Սպիտակի «Վերելակշին», «Տաթեւ», «Տեխնոլոգիա», Արտաշատի «Էլեկտրաստանդարտ» ընկերությունների միջոցով։ Այս ընկերությունները հելիոֆիկացիայի ծրագիրն իրականացնելու նպատակով որոշել են ստեղծել նոր ընկերություն։
Մոտ ապագայում առաջնահերթ է լինելու այսպես կոչված արեւային պոլիգոնների (բնակավայրեր, որտեղ խրախուսվում է այդ սարքերի օգտագործումը) ստեղծումը Հայաստանի մարզերում, Երեւանում եւ Ղարաբաղում։ Դրանց ընդհանուր թիվը կլինի 12։ Վահան Համազասպյանը հայտնեց, որ Երեւանի պոլիգոնը պատրաստ կլինի արդեն գարնանը։ Այն գտնվում է Աջափնյակի տարածքում։ Սակայն հելիոֆիկացիայի ծրագիրը հիմնականում ուղղված է գյուղին եւ գյուղատնտեսությանը։ Սկզբնական շրջանում (առաջին 2 տարում) 10 մարզերի 10 գյուղերում պոլիգոններին կտրվեն 100-ական արեւային սարքեր։ Սկզբնական շրջանում դրանք կտրվեն շատ ցածր գներով կամ անվճար։ Այդ սարքերն ունեն 50 տարվա աշխատանքի ժամկետ եւ հնարավորություն կտան գյուղացուն հոգալ կենցաղային կարիքները (ջուր տաքացնել, սնունդ պատրաստել, բնակարան տաքացնել եւ այլն), իսկ ֆերմերային տնտեսություններինՙ արտադրությանն անհրաժեշտ կարիքները։ «Այսինքն գյուղացուն կենտրոնական էներգամատակարարումից անկախ գոյության հնարավորություն ենք տալիս», նշեց Վահան Համազասպյանը։ Նրա հաշվարկներովՙ 10 կվտ.ժ էներգիայի արտադրողականություն ունեցող սարքերը Հայաստանում կարող են գնել 400 հազար գյուղացիական տնտեսություններ։ Դա նշանակում է, որ արտադրվելու են այդքան սարքերՙ 400 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ Այդ հզորությունները, դարձյալ պրն Համազասպյանի հավաստմամբ, մեր ատոմակայանի հզորությանը գերազանցում են երեք անգամ։ Եթե սկսվի արեւային տեխնիկայի սարքերի սեփական արտադրությունը, մի քանի տարում Հայաստանի ներքին շուկան կհագեցվի։ Դրանից հետո հիմնական խնդիրը կլինի արտաքին շուկա դուրս գալը, որտեղ 4¬5 տրիլիոն դոլարի նման սարքեր վաճառելու հնարավորություն կա։ Դա նշանակում է նաեւ 20 հազար աշխատատեղերի ստեղծում։ Վահան Համազասպյանն ասելով այս մասին ընդգծեց, որ նման էժան, հուսալի եւ լայն սպառման համար նախատեսված սարքեր միջազգային շուկայում չկան։ Եղածներն այլՙ ավելի նեղ նշանակություն ունեն։ Հայկական սարքավորումների արտադրած 1 կվտ.ժ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը, փաստորեն, կկազմի 50¬60 դոլար, սակայն այդ ծախսերը կծածկվեն դրանց կիրառման առաջին 3¬4 ամիսներից հետո։ Մի խոսքով, կարելի է փաստել, որ հելիոֆիկացիայի ծրագիրն իսկապես խոստումնալից է եւ տեսականից արդեն անցել է գործնական փուլ։ Հուսանք, որ նախատեսված քայլերը կյանքի կկոչվեն եւ կունենան ակնկալվող արդյունքը։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ