«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2002-12-12 | #229, 2002-12-13 | #230, 2002-12-14


ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԸ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ» ՀԵՏ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ

Նշեց ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավար Սմբատ Նասիբյանը

«Արդշինբանկի» ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավար, «Կոնվերսբանկի» գլխավոր տնօրեն Սմբատ Նասիբյանը երեկ հայտնեց, որ «Արդշինբանկի» գործերի ուսումնասիրման գործընթացն իր ավարտին է մոտենում։ Մինչ դրա մանրամասներին անդրադառնալը, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարը հատուկ ընդգծեց, որ բանկն ունի համապատասխան ակտիվներ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առջեւ պարտավորությունները կատարելու համար։ Դրանից բացի, որոշակի ակտիվներ էլ կան բանկի արտահաշվեկշռումՙ 15¬17 մլրդ դրամ։ Դա նշանակում է, որ որեւէ ավանդատու «Արդշինբանկի» հետ խնդիր չի ունենա։

Ինչ վերաբերում է բանկի հետագա ճակատագրին, ապա այն կարող է համընթաց բանկային գործունեություն իրականացնել։ Արդեն հայտնի է, որ ԿԲ-ն հայտարարել է բանկի ակտիվների եւ պարտավորությունների մրցութային վաճառք։ Այլ խոսքերով, «Արդշինբանկի» առողջ հատվածն առանձնացվել է եւ դրվել վաճառքի։ Այսինքնՙ պարտավորությունները կարող են փոխանցվել այլ բանկի հաշիվներին, բայց դրանց կատարման հետ կապված բարդություններ չեն լինի։ Խնդիրներ կարող են լինել «Կենտրոն» եւ «Սեւան» մասնաճյուղերում փաստաթղթերով չհիմնավորված գործարքներ կատարած 1¬2 հոգու հետ, որոնք գումարը ոչ թե բանկին են տվել, այլ կառավարչինՙ առանց վճարման անդորրագիր վերցնելու։ Նման դեպքերում բանկը պարտավորություններ չի ստանձնում։

Մեր հարցին, թե «Կոնվերսբանկը» կամ այն ներդնողները, որոնց շահերն էր ներկայացնում Սմբատ Նասիբյանը, պատրաստվո՞ւմ են մասնակցել «Արդշինբանկի» վաճառքի մրցույթին, հետեւյալ պատասխանը ստացանք։ Ներդնողների խումբը միասնական մոտեցում չի ունեցել, սակայն «Կոնվերսբանկը» որպես իրավաբանական անձ, հայտ է ներկայացրել։ Առայժմ այն չի ընդունվել, որովհետեւ ներդնողներից մեկը դիտարկել է շահերի բախում եւ քննարկվում է ընդունել-չընդունելու հարցը։ Ներկայումս ներկայացվել են 6¬7 հայտեր «Արդշինբանկի» գնման նպատակով։ Սմբատ Նասիբյանի կարծիքով, դրա համար անհրաժեշտ մոտավոր գումարը 10 մլրդ դրամն է։ Գործընթացը վերջնականապես կավարտվի հունվարին։

Իսկ այն հաճախորդները, որոնք գումարային պահանջ ունեն «Արդշինբանկից» եւ դատարանի որոշումՙ դրա ստացման մասին, ինչպե՞ս են վճարվելու. Սմբատ Նասիբյանը պատասխանեց, որ նման դեպքերի համար հերթականություն է սահմանված։ Առաջինը կվճարվեն ֆիզիկական, ապա իրավաբանական անձինք, այնուհետեւՙ բանկերը եւ բյուջեն։

«Արդշինբանկի» թեման սպառելուց հետո Սմբատ Նասիբյանը պատասխանեց նաեւ «Կոնվերսբանկի» վիճակին առնչվող հարցերին։ Նա տեղեկացրեց, որ ծրագրված 300 մլն դրամի փոխարեն բանկն այս տարի կունենա մոտ 500 մլն դրամ շահույթ։ 2 մլն դոլար կդրվի հիմնադիր կապիտալում, որը մինչ այժմ կազմում էր 129 մլն դրամ։ Բանկի ընդհանուր ակտիվները կազմում են 20 մլրդ դրամ։ Եկող տարի բանկի ցուցանիշները կշարունակեն աճել։ Ըստ գլխավոր տնօրենի, դա կլինի համաչափ եւ կայուն աճ։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4