«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2002-12-13 | #230, 2002-12-14 | #231, 2002-12-17


ԱՂԹԱՄԱՐԻ ԱԽՆ ՈՒ ՎԱԽԸ

Հատուկ «Լոս Անջելես թայմս» թերթի համար գրված հոդվածում, որը հրատարակվել է դեկտեմբերի 9-ին, Ամբերին Զաման անունով լրագրողը Թուրքիայից ահազանգ է բարձրացրել Աղթամարի վանքի անմխիթար վիճակի մասինՙ մեղադրելով համապատասխան մարմիններին անտարբերության մեջ։ «Դարեր շարունակ կողոպուտի ու սրբապղծությունների դիմանալուց հետո, ներկայումս այս սուրբ աղոթավայրը կանգնած է փլուզման եզրին», գրում է նաՙ վկայակոչելով հնէաբան եւ Վանի պետական թանգարանի տնօրեն Մետե Թոզկոպորանի կարծիքը, որն ասել է. «Եթե անմիջապես վերականգնողական աշխատանքներ չձեռնարկվեն, հնարավոր չի լինի փրկել վանքը»։ Բայց, որպես պետական պաշտոնյա, նա չի ասել, թե ինչո՞ւ մինչ օրս այդ աշխատանքները չեն սկսվել։

Մյուս կողմից, սակայն, մշակույթի նախարար Հուսեին Չելիքը, որն իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության անդամ է, ավելի համարձակ է գտնվելՙ ասելով. «Մենք դեմ-հանդիման ենք որոշ նեղմիտ մարդկանց հայտարարած քաղաքականության, որոնք դեմ են հայկական հուշարձանների վերականգնմանը... Այդ մարդիկ վախենում են, թե վերանորոգված վայրերը որպես ապացույց կծառայեն, որ հայերը մի ժամանակ ապրել են այստեղ եւ կարող են մեր հողերի նորանոր պահանջներ ներկայացնել»։ Նա խոստացել է առաջնահերթ ուշադրություն դարձնել Աղթամարի վանքի վերանորոգման աշխատանքներին։ Ըստ հոդվածագրի, ցարդ վերականգնման աշխատանքներին նյութապես օժանդակելու արեւմտյան երկրների առաջարկներին թուրքական կառավարությունը բացասաբար է պատասխանել, իսկ Վանի թանգարանի «Ցեղասպանություն» բաժնում ներկայացված են իբր հայերի սպանած թուրքերի գանգերն ու ոսկորները։

«Այդ բոլոր անհեթեթություններին շուտով վերջ կտրվի, խոստանում է Չիլիքը, եթե մենք Արեւմուտքից ենք հանդուրժողականություն հայցում, ապա առաջին հերթին մենք պետք է հանդուրժողականություն ցուցաբերենք այստեղՙ մեր երկրում»։

«Ակօս» հայկական թերթի խմբագիր Հրանդ Դինքը նշել է, որ չնայած թուրքական իշխանությունները գիտակցում են, որ նման հուշարձանների վերականգնումը զգալիորեն մեծացնելու է զբոսաշրջությունը երկրում, նրանց հիվանդագին մտայնությունը, համենայն դեպս, թույլ չի տալիս առողջ դատել։ Նորընտիր կառավարությունն արդյոք ուժ կգտնի՞ ջարդելու հին, քարացած կաղապարները։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4