«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2002-12-13 | #230, 2002-12-14 | #231, 2002-12-17


ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Նույնիսկ նախատոնական այս օրերին, երբ կենցաղային հարցերն առաջին պլան են մղվել, ամեն դեպքում մոտեցող նախագահական ընտրությունների մասին մտորումները եւ եզրահանգումները կրկին ու կրկին առաջնային են։

Դա վկայեց նաեւ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության անդամների այցը Տավուշի մարզ։ ՀՌԱԿ ատենադպիր Մեսրոպ Հարությունյանը, Հանրապետական վարչության անդամներ Կարեն Կակոյանը եւ Հովիկ Հակոբջանյանը (որը նաեւ ՀՌԱԿ Տավուշի շրջանակի ատենապետն է) եղան մարզի տարածքում գտնվող Խաշթառակ, Այգեհովիտ, Աչաջուր, Կողբ գյուղերում։ Այցելության ընթացքում պատվիրակության անդամները ներկա եղան ՀՌԱԿ շարքերի համալրմանը. 30 նորագիրներ այս չորս համայնքներում կատարեցին ՀՌԱԿ-ի անդամակցության ուխտը։

Հանդիպումների ընթացքում ՀՌԱԿ ատենադպիր Մեսրոպ Հարությունյանը խոսեց կուսակցության պատմության, ներկա քաղաքական իրավիճակում կուսակցության դիրքորոշումների եւ մոտակա ծրագրերի մասին։ Հանդիպումների մասնակիցներն այն կարծիքին էին, որ այսօր այլեւս հեղափոխական եւ կամ որեւէ այլ քաղաքական փոփոխությունների չեն սպասում։ Կայունացած քաղաքական եւ տնտեսական իրավիճակը գյուղի մարդկանց համար անչափ կարեւոր է, որովհետեւ հարմարվելով շուկայական ազատ հարաբերությանը, մարդիկ կարողացել են հարմարվել նոր պայմաններին։ Ուստի նախագահական ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության պաշտպանությունը տավուշցիները շատ բնական են համարում։

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4