«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2002-12-13 | #230, 2002-12-14 | #231, 2002-12-17


ՏԱՐԿԵՏՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԸՙ ՀԱՆՑԱՆՔ ՔԱՎԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Պետք չէ՞ արդյոք սրբագրել որոշումը

Սահմանված կարգի խախտումով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու նպատակով վերջին մի քանի ամսվա ընթացքում հայ հասարակությանը միանգամից 2 կարեւոր որոշում ներկայացվեց։ Դրանցից մեկինՙ «Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի նախագծին արդեն անդրադարձել ենք մեր թերթի դեկտեմբերի 3-ի համարում։ Արտերկրում հայտնված այս իրավիճակում գտնվող «Ազգի» ընթերցողների խնդրանքը կատարելով պարզաբանենք նաեւ նախորդՙ կառավարության այս տարվա օգոստոսի 29-ի որոշումը։ Հիշեցնենք, որ այն վերաբերում է օտարերկրյա պետությունների բուհեր կամ գիտակրթական հաստատություններ ընդունված երիտասարդներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալուն։

Մինչ այժմ արտերկրի բուհեր ընդունված մեր երիտասարդներին տարկետում տրվում էր կառավարության որոշմամբ։ Երիտասարդը փաստաթղթեր էր ներկայացնում, որ սովորում է այս կամ այն բուհում, եւ կառավարությունը որոշում էր կայացնում տարկետում տալու կամ չտալու մասին։ Նոր որոշման համաձայնՙ ոչ միջպետական պայմանագրով դրսում ուսանողները տարկետման իրավունք կարող են ստանալ 15 հազար դոլար վճարելով կամ այդ արժեքին հավասար գրավադրումով։ Այսինքնՙ ցանկացած պահի կամ ծայր անհրաժեշտությամբ (ասենք, մերձավորների հետ դժբախտություն է պատահել) Հայաստան գալու համար արտերկրում ուսանողը նախ դրսից փաստաթղթեր պիտի ուղարկի իր ուսումնառության վերաբերյալ, հետո մտածի 15 հազար դոլարի մարման մասին։ Որոշումը չի վերաբերում 2003 թ., այսինքնՙ որոշման կիրարկումից հետո բուհեր ընդունվածներին։ Վերջիններս եթե ուզենան գալ Հայաստան, ուրեմն պիտի գնան բանակ, ծառայեն, հետո նորից գնան, ուսումը շարունակեն։ Այն վերաբերում է միայն մինչեւ 2000¬2001 թթ. արտերկրի բուհեր ընդունվածներին, որոնց թիվը չափազանց մեծ է, եւ, որոշումը մշակողների բնորոշմամբ, դաշտն ուրիշ կերպ կարգավորելու այլ միջոց չկար։

Կանխավ ասենք, որ տարկետման իրավունք արտոնող սույն որոշումն անզեն աչքով էլ խոցելի բազում կողմեր ունի։ Այն ծայր անհավասար պայմաններ է ստեղծում այս դաշտում հայտնված զանցառուների համար։ Ինչպես մեր հասարակությունը, նրանք էլ բաժանված են տարբեր շերտերի։ Իսկ այդ իրողությունը հաշվի առնելու փորձ անգամ չի արվել։

Շատ դժվար է հայտնվել արտերկրի որեւէ բուհում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում, եթե խոսքը վերաբերում է անվճար ուսուցմանը։ Դրա համար փայլուն գիտելիքներ ու ընդունակություններ պիտի ունենաս։ Միայն այդ դեպքում բուհը կամ որեւէ ֆոնդ ու հասարակական կազմակերպություն կարող է ստանձնել ուսման վարձի վճարումը։ Գերընդունակ այդ երիտասարդները մեր երկրի ապագայի համար շատ կարեւոր դերակատարում կարող են ունենալ։ Բայց նրանք սովորաբար ոչ ունեւոր խավի զավակներ են, որոնցից շատերը, գլուխը պահելու համար, ուսմանը զուգընթաց նաեւ աշխատում են։ Որտեղի՞ց կարող են հայթայթել այդ 15 հազարը։ Դարձյալ հովանավորի՞ց խնդրեն։ Խնդրի լուծման մյուս տարբերակը բնակարանի գրավադրումն է։ Բայց նվազ թվով բնակարաններ միայն կարող են հավակնել այդ գումարին, թերեւս, ասենք, Երեւանի կենտրոնի բնակարանները։

Դրսում ուսանող երիտասարդների մյուս շերտում հարուստ խավի զավակներն են, որոնց ընտանիքների համար այդ 15 հազարը խնդիր չէ։ Հենց այս շերտի գլխացավը բուժվեց։ Կարող են վճարել եւ ամեն պահ հայրենիք այցելելու թույլտվություն ստանալ։ Իսկ եթե չվերադառնան, 15 հազարն ընդամենը կմնա պետությանը, իսկ իրենք կազատվեն ե՛ւ քրեական պատասխանատվությունից, ե՛ւ մեր պետության առջեւ որեւէ պարտավորությունից, որովհետեւ գումար են վճարել։

Կա նաեւ երրորդ շերտըՙ միջպետական պայմանագրերով դրսի ուսանողները։ Այսօր միջպետական կրթական պայմանագրեր առկա են Ռուսաստանի, Չինաստանի, Ռումինիայի, Չեխիայի, Սլովակիայի հետ։ Կրթության նախարարության արտաքին կապերի վարչության տեղեկատվությամբ, միայն վերջին 3 տարվա ընթացքում այդ երկրներ ուսանելու է մեկնել 250 հոգի։ Ուսանողների փոխանակման ծրագրեր են գործում Գերմանիայի, Սիրիայի, Եգիպտոսի հետ։ Նրանք ե՛ւ անվճար կրթություն են ստանում, ե՛ւ ապահովված են կրթաթոշակով ու հանրակացարանով։ Այսինքնՙ արքայական վիճակում են այն երիտասարդների համեմատ, որոնք մեկնել են անհատական նախաձեռնությամբՙ մասնակցելով ու շահելով բազում մրցույթներում։ Միջպետական պայմանագրերի շնորհիվ տարկետում ունեցող այս երիտասարդներին չի վերաբերում 15 հազար դոլարի սպառնալիքը։ Բայց ո՞վ կարող է երաշխավորել, որ ուսումն ավարտելուց հետո նրանք անպայման վերադառնալու են։

Կա նաեւ երիտասարդների մի շերտ, որոնք արտերկրում ուսանում են Հայաստանում գործող արտասահմանյան հասարակական կազմակերպությունների կրթական ծրագրերի միջոցով։ Այսինքնՙ այս կամ այն երկրի հետ դարձյալ միջպետական պայմանագիր չկա։ Ասենքՙ ամերիկյան «Մասկի» ծրագիրը։ Կառավարական նման կարեւոր որոշում ընդունելուց առաջ նախ պետք էր մտահոգվել այդ ծրագրերի գործունեությունը միջպետական համաձայնության դաշտ բերելու մասին։ Եվ, ի վերջո, եթե բանակից խուսափելը քրեական պատասխանատվություն է ենթադրում, ապա սույն որոշման տրամաբանության համաձայն ստացվում է, որ գումար տալով կարելի է քավել հանցանքը։

Մի ուշագրավ դիտողություն եւսՙ ԱԺ-ում քննարկվող վերջին օրինագծում պարտադիր զինծառայությունից խուսափած, 27-ից բարձր տարիքի երիտասարդներին բաց թողած զորակոչերի համար առաջարկվում է վճարել 3¬4 հազար դոլար, իսկ այս որոշման համաձայնՙ արտերկրի բուհերում ուսանողներըՙ 15 հազար դոլար։ Տրամաբանական ի՞նչ մեխանիզմ է գործել։

Եվ ամեն ինչից զատ, ինչպես նկատում է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը, այս 2 որոշումների խորքային իմաստը համաներումն է, որը սահմանելու իրավունքը վերապահված է միայն հանրապետության նախագահին։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4