Հայտնեց նախագահի աշխատակազմի ղեկավարը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Հասարակական երկխոսություն եւ զարգացում» կազմակերպությունը երեկ «Կոնգրես» հյուրանոցում հրավիրել էր հանդիպում-քննարկումՙ նվիրված Հայաստան-սփյուռք հարաբերություններին, մասնավորապես սփյուռքիՙ Հայաստանում կատարած ներդրումներին։ Քննարկում, ըստ էության, տեղի չունեցավ։ Ելույթ ունեցողները պարզապես ներկայացրին իրենց մոտեցումներն ու տեղեկություններն առաջարկված թեմայի շուրջ։ Հիմնական բանախոսը նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանն էր, որն անդրադարձավ Հայաստան-սփյուռք հարաբերությունների նկատմամբ տարվող պետական քաղաքականությանը, ինչպես նաեւ մանրամասնեց սփյուռքի միջոցներով Հայաստանում կատարվող երկու խոշոր ծրագրերը։
Սփյուռքը Հայաստանի իշխանությունները դիտում են որպես անգնահատելի արժեք, որպես իրողություն, որի համար, ըստ Արտաշես Թումանյանի, Հայաստանում գործելու ազատ պայմաններ են ստեղծված։ Դրա արդյունք է սփյուռքյան տարաբնույթ կառույցների ներգրավվածությունը հայաստանյան ծրագրերում։ Նախագահի աշխատակազմի ղեկավարն առանձնացրեց հայրենիք-սփյուռք երկուՙ 1999թ. եւ 2000 թ. խորհրդաժողովները։ Առաջինը բնութագրվեց որպես զգացմունքային, բայց շատ կարեւոր, որի ստեղծած դրական մթնոլորտը մթագնեց հոկտեմբերի 27-ով։ Երկրորդն ավելի պրագմատիկ էր եւ գործնական։ Ստեղծվեց ընդհանուր տեղեկատվական դաշտ, գիտական, կրթական ոլորտում համագործակցության ծրագրեր մշակվեցին։ Գայթակղություն եղավ համահայկական ընդհանուր կառույց ստեղծելու, ինչը տեղի չունեցավ։
Խորհրդաժողովում այն եզրակացության եկան, որ սփյուռքի կարեւորությունը նրա բազմազանության մեջ է։ Տնտեսական ոլորտից Արտաշես Թումանյանն ընդգծեց Հայաստանում իրագործվող երկու խոշոր ծրագրերը։
Առաջինը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներդրումներն են։ Դրանք ընդհանուր առմամբ կազմել են 80 մլն դոլար, որի մոտ կեսը Լեռնային Ղարաբաղում է ներդրվել։ Հիմնադրամի հանգանակած միջոցներով կառուցվել են դպրոցներ, հիվանդանոցներ, ջրատարներ, ճանապարհներ։ Առաջիկա ծրագրերից են հիվանդանոցային համակարգի բարելավումը, դպրոցներին գույքով եւ կահավորանքով ապահովումը։ «Օրորոց» ծրագրով 150-ական դոլար կտրամադրվի մինչեւ 12 ամսական 5 հազար երեխաների համար։
Նախագահի աշխատակազմի ղեկավարն առավել հանգամանորեն ներկայացրեց Հայաստանում իրականացվող երկրորդՙ խոշորագույն ծրագիրը։ Խոսքը «Լինսի» հիմնադրամի գործունեության մասին է։ Այն հատկապես ակտիվորեն է գործում 1999 թ.-ից։ Արտաշես Թումանյանի հավաստմամբ, ամիսներ են եղել, երբ ամսական 10 մլն դոլարի աշխատանքներ են իրականացվել։ «Լինսի» հիմնադրամի կողմից 4 խոշոր ծրագրերի համար ընդհանուր առմամբ 150 մլն դոլարի գումար է հատկացվել։ 2001 թ. իրականացվել է 10 մլն դոլարի, 2002 թ.ՙ 60 մլն դոլարի, իսկ 2003 թ. իրականացվելու է 80 մլն դոլարի աշխատանք։ Ծրագրի ավարտը նախատեսված է 2003 թ. նոյեմբերին։ Միջին զբաղվածությունն այստեղ 11 հազար մարդ է կազմում, որն աշխատանքների ամենալարված պահերին հասել է մինչեւ 17¬18 հազարի։ Այդուհանդերձ, ամենալարված տարին լինելու է 2003 թ.։
Ամենակարեւոր ծրագիրն Արտաշես Թումանյանը համարեց ճանապարհայինը, նշելով, որ Հարավային Կովկասում Հայաստանն ամենալավ ճանապարհներն ունի։ Այնուհետեւ նա առանձին-առանձին ներկայացրեց այս, ինչպես նաեւ մյուս երեքՙ աղետի գոտու, «Մշակույթ», Երեւանի փողոցների հիմնանորոգման ծրագրերը։
Նախագահի աշխատակազմի ղեկավարի ելույթին հաջորդեցին այլ հրավիրվածների ելույթներ, որոնց թվում էին ԱԺ պատգամավորներ, կուսակցությունների ղեկավարներ։