«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2002-12-14 | #231, 2002-12-17 | #232, 2002-12-18


ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Բռնության եւ առողջության վերաբերյալ համաշխարհային զեկույցը երկուշաբթի ներկայացվեց «Կոնգրես» հյուրանոցի նիստերի դահլիճում։ Զեկուցումներով հանդես եկան «Կանանց միջազգային օգնություն» կազմակերպության հիմնադիր-տնօրեն Պիդա Ռիպլին, Հայաստանում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Հրայր Ասլանյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը, սոցիալական ապահովության փոխնախարար Կարինե Հակոբյանը, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Ալիս Ադամյանը, ՄԱԿ-ի տրաֆիքինգի էքսպերտային աշխատանքային խմբի նախագահ Գյուլնարա Շահինյանը, «ՀՀ մայրության ֆոնդ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Ասլանյանը, ՀԿ կենտրոնի ազգային համակարգող կոմիտեի ներկայացուցիչ Ջինա Սարգիզովան։ Զեկուցողներից եւ ոչ մեկը չանդրադարձավ հայ իրականության մեջ տեղի ունեցող բռնության երեւույթներին, ինչը ընթերցող մեր հասարակությանը ավելի է հետաքրքրում։ «Ազգի» թղթակցի հարցին պրն Ասլանյանը պատասխանեց, թե ամեն ինչ առջեւում է, սա ընդամենը առաջին միջոցառումն է, առաջիկայում կլինեն ուսումնասիրություններ։ Այդուհանդերձ, անհողդողդ մեր համոզմունքների մեջ, որ ցանկացած միջազգային քարոզարշավ սկսելուց առաջ նախ անհրաժեշտ է տեղեկանալ, թե ինչքանով է տվյալ երեւույթը բնորոշ մեր հասարակությանը եւ ինչպես է արտահայտվում առօրյա կյանքում, ձեռք բերեցինք «Ակունք» էթնոսոցիոլոգիական հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության «Ընտանեկան բռնությունները Հայաստանում» 2002 թ. սոցիոլոգիական ուսումնասիրությունը, որից քաղված տվյալները ներկայացնում ենք ստորեւ։ Դրանք հիմնված են Հայաստանի 11 մարզերի 17 քաղաքային եւ 41 գյուղական բնակավայրերում 1626 հարցորդների հետ 341 փորձագետների անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքների վրա։

Հայոց ավանդական ընտանիքը

Հայոց ընտանիքը Խրիմյան Հայրիկն անվանել է դրախտային։ Հայերն ապրում էին մեծ ընտանիքներով, մեկ հարկի տակ բնակվում էր շուրջ 30-40 անձ։ Ընտանիքներին հատուկ էր խիստ կարգապահությունը, յուրաքանչյուրը գիտեր իր դերն ու պարտականությունը։ Ավանդական ընտանիքում շերեփը տանտիկնոջ իշխանության խորհրդանիշն էր։ Նրա մոտ էին պահվում մառանի բանալիները, առանց նրա թույլտվության ոչ ոք այնտեղ մտնելու իրավունք չուներ։ Ընտանիքում մեծ հարգանք, նույնիսկ ակնածանք էին տածում նրա նկատմամբ։ Նա էր դաստիարակում երեխաներին եւ ղեկավարում ընտանիքի ծիսական կյանքը, հարթում ընտանիքում ծագած վեճերը։ Նրան արգելվում էր ցանքս անել, խաղող տրորել։ Հայոց սովորութային իրավունքը եզակի դեպքերում էր կնոջը ամուսնալուծվելու իրավունք տալիս. երբ ամուսինը տառապում էր անբուժելի հիվանդությամբ (բորոտություն, խեւություն, իմպոտենցիա, յոթ տարի բացակայում էր կամ կրոնափոխ լինում)։ Ըստ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» (13-րդ դար), ամուսնության խզման պատճառ կարող էին լինել ամուսինների փոխադարձ ատելությունը, ամուսնու մշտական դաժան վերաբերմունքը կնոջ նկատմամբ, որը սպառնում էր նրա կյանքին։ Սակայն նահապետական դաստիարակություն ստացած ոչ մի կին չէր օգտվում իր իրավունքից, քանի որ հասարակությունը դեմ կլիներ նրա վարքին։ Արեւելյան բարքերի նկատելի ազդեցությամբ հանդերձ, հայն իր ցեղային, մշակութային առանձնահատկությունների շնորհիվ հատուկ հարգանք է ցուցաբերել ավանդապահ կանանց հանդեպ։

Ծեծը որպես դաստիարակչական միջոց չի մերժվել հայ միջնադարյան դպրոցներում։ Պատժել են ոչ միայն անկարգության, այլեւ չսովորելու համար։ Գրիգոր Տաթեւացին գավազանի խրատը համարել է ամենակարեւորը։ Խորհրդային եւ հետխորհրդային տարիներին թեպետ փոխվեց կնոջ ավանդական կերպարը, սակայն հասարակության մեջ դեռեւս պահպանվում է ավանդական մենթալիտետը, ըստ որի նախընտրելի է կանանց սոցիալական համեստ դիրքը։

Ընտանեկան բռնությունների տարածվածությունն այսօր

Վերջին տարիների սոցիալ-տնտեսական փոփոխությունները անմիջական ազդեցություն են թողել ոչ միայն ընտանիքի առօրյա կենցաղի, այլեւ նրա անդամների փոխհարաբերությունների ու բարոյաէթիկական նորմերի վրա։ Հետազոտության արդյունքների համաձայն, ընտանիքներում տարածված բռնությունների ձեւերն ենՙ թեթեւ վիճաբանություններ, հաղորդակցման ցածր կուլտուրա կենցաղում, արգելքներ, սպառնալիքներ։ Թեթեւ վիճաբանություններըՙ «լեզվակռիվները», կազմում են 94,4 տոկոս։ Հիմնականում կենցաղային վեճերն են, որ տարածված են գրեթե բոլոր ընտանիքներում։

Հոգեբանական բռնության ձեւերը դասակարգվել են ըստ ընտանիքի անդամի հոգեկան վիճակի վրա ազդելու աստիճանիՙ անհարկի դիտողություններՙ 56,9 տոկոս, կոպիտ խոսելաոճՙ 44,6, հայհոյանքՙ 19,9 արհամարհանքՙ 19,2։

Արգելքների առավել տարածված ձեւերն ենՙ ազատ ժամանակն ըստ նախասիրությունների անցկացնելու արգելքՙ 12,6 տոկոս, ընկերների, հարեւանների հետ շփման արգելք (10,4), աշխատանքի արգելք (5,2), երեխաների հետ շփման արգելք (1,8)։

Առանձնացվել են սպառնալիքի հետեւյալ ձեւերըՙ սպառնալիք բռունցքովՙ 8,3 տոկոս, կենցաղային առարկաներով (3,6), դանակով կամ զենքով (1,4)։ Սպառնալիքները ֆիզիկական բռնության սկիզբն են, որոնք դրսեւորվում են ապտակովՙ 12,7 տոկոս, ծեծովՙ 1,8 տոկոս, դանակով կամ այլ իրերով հարվածելու ձեւերովՙ 0,8։

Հարցման ընթացքում տղամարդկանց մեծամասնությունը, որոշ չափով ընդունելով եւ արդարացնելով ապտակը որպես դաստիարակության եւ ընտանեկան կոնֆլիկտը լուծելու միջոց, գրեթե բացառել է ծեծով եւ այլ առարկաներով վնաս հասցնելու գործողությունը։ Այնուամենայնիվ, մյուս երկրների համեմատությամբ, հայ ընտանիքներում ֆիզիկական բռնության ձեւերը բավական ցածր ցուցանիշներ ունեն եւ հիմնականում բնորոշ են կոնֆլիկտային ընտանիքներին։

Սեռական բռնությունը հայ ընտանիքներում ընկալվում է ոչ թե ընդունված սկզբունքով, այսինքնՙ սեռական հարաբերություն առանց փոխհամաձայնության, այլ որպես բռի, կոպիտ գործողություն։ Այստեղ որոշիչ դեր ունի սեռական հարաբերությունների անհամատեղելիության եւ դրանից առաջացած կոնֆլիկտների ավանդական մտածելակերպի ձեւը։ Կանանց գերակշռող մասը պատասխանել է, որ «դա իրենց պարտականությունն է եւ պետք է կատարել, եւ դրա պատճառով չեն ցանկանում ընտանիքում ավելորդ վեճերի առիթ ստեղծել»։ Այդպիսով, սոցիոլոգիական հետազոտության արդյունքներից պարզվում է, որ հայ ընտանիքներում առանձնապես տարածված են հոգեբանական բռնության ձեւերը, ընդ որումՙ հաղորդակցման ցածր կուլտուրան կազմում է ամենաբարձր տոկոսըՙ 68,7։

Երեխաների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները

Հայ ընտանիքներում ծնողների որոշակի խումբ գտնում է, որ անտարբեր վերաբերմունքը երեխայի վատ արարքի նկատմամբ շատ դեպքերում ավելի վատ հետեւանք կարող է թողնել նրա հետագայի վրա, քան խիստ տոնով սաստելը կամ ապտակելը։ Հարցվողների 58,7 տոկոսն ապտակը կիրառում է որպես երեխայի դաստիարակության մեթոդ։ Բարձրագույն կրթություն ունեցողների մեծ մասը ավելի շատ ընդունում է բացատրական աշխատանքների արդյունավետությունը, քան ապտակը։ Ապտակը եւ ծեծը հայ իրականության մեջ դեռեւս ընկալվում են որպես դաստիարակության միջոց, հաշվի չառնելով, որ դրանք կարող են ունենալ լուրջ հոգեբանական բացասական հետեւանքներ։

Ընտանեկան բռնությունների հետեւանքները

Կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ ներընտանեկան կոնֆլիկտներն ամենից շատ ազդում են անձի հոգեբանության վրա։ Դրանք մեծ ազդեցություն են թողնում անքնության խորացման եւ աշխատունակության կորստի վրա։ Դրանց ազդեցությունը գրեթե նմանատիպ դրսեւորումներ ունի նաեւ երեխաների վրա։ Առաջացնում է տրամադրության անկում եւ ճնշվածություն, առաջ է բերում վախի զգացում, ուսման առաջադիմության անկում, թերարժեքության բարդույթ, ագրեսիայի դրսեւորում։ Կենցաղում առավել տարածված են բռնություն առաջացնող հետեւյալ երեւույթներըՙ կնոջ ժամանակավոր հեռացում իր ծնողների տուն, ամուսնալուծություն, հարբեցողություն, տարեց ազգականների տեղափոխություն այլ ազգականների մոտ, մարմնական վնասվածքի պատճառում, երբեմն էլ մարմնավաճառություն, մուրացկանություն եւ թմրամոլություն եւ այլն։ Ամենաքիչը տարածված են մեղավորին վարչական տուգանքի ենթարկելու, հաշմանդամ դառնալու, ինչպես նաեւ ինքնասպանություն եւ սպանություն կատարելու երեւույթները։

Այսպիսով, ընտանեկան բռնությունները ոչ միայն թուլացնում են ավանդութային նկարագիրը դեռեւս պահպանող ընտանիքի հիմքերը, այլեւ դրանով իսկ աստիճանաբար համալրվում եւ ընդլայնվում է աղքատության, մուրացկանության ու հարբեցողության շրջանը, որը բնորոշ չի եղել դարավոր ավանդույթներ ունեցող հայ ընտանիքին։

Ընտանեկան բռնությունները կանխարգելելու համար պետք է մշակել ազգային մշակույթից, էթնիկ հոգեբանությունից բխող ռազմավարություն, քանի որ նշված գործոններն ամուր կերպով պահպանված են հայ իրականության մեջ։

Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4