«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2002-12-17 | #232, 2002-12-18 | #233, 2002-12-19


ՆՎԻՐՈՒՄՈՎ ԱՊՐԱԾ ԿՅԱՆՔ

Ֆադեյ Սարգսյանի «Կյանքի դասերը»

Յուրաքանչյուր անհատի գործունեությունը մոլորակի վրա պայմանավորված է տվյալ անհատի մտավոր ու հոգեւոր ներուժի եւ, իհարկե, այդ ներուժը օգտագործելու համար շուրջն արդեն ձեւավորված կյանքի կերպից։ Եվ յուրաքանչյուր անհատի ներուժի հնարավորություններից է կախված այն հանգամանքը, թե որքան մեծ շրջանակներում կարող է գործել նա։

1920-ական թվականների սկզբին, Ցեղասպանության սարսափներն ապրած գաղթականներով լի Երեւանում ծվարում է Նախիջեւանի Կզնուտ գյուղից գաղթած Սարգսյանների երիտասարդ ընտանիքը։ Այստեղ է ծնվում կործանված Կզնուտի ավերված եկեղեցու վերջին քահանայիՙ տեր Թադեւոսի թոռը, անվանվում պապի անունով եւ քայլելով իրեն բաժին կյանքի ճանապարհով, մեզ համար մնում է Ֆադեյ Սարգսյանՙ Ֆադեյ Տաճատիչ։ Նրա ապագան ձեւավորվում է մի բակում, ուր մեծ հավատ կար ապագայի նկատմամբ եւ ամեն ինչ զոհաբերվում էր երեխաներին ուսման տալու համար։ Այս բակից դուրս եկան երիտասարդներ, որոնք հետագայում դարձան հանրաճանաչ հեղինակություններ, գիտնականներ, ակադեմիկոսներ։ Պատանեկության շրջանում նրանց ձեռքից ձեռք անցնող գրքերը հափշտակությամբ կարդում էր նաեւ նրանցից տարիքով ավելի փոքրըՙ Ֆադեյը եւ ձեւավորվում որպես գիտությունը հայրենասիրությանը շաղկապող անհատ։ «Բակի մշտապատրաստ ռադիոտեխնիկը եւ էլեկտրիկը», այսպես է վերհիշում իր մանկությունն ու պատանեկությունը հետագայում արդեն անվանի անձնավորությունը։

Երբ բուռն ապրած կյանքն արդեն հետեւում էր, Ֆադեյ Սարգսյանի հոգեւոր ներուժը դեռ գործելու է մղում նրան, եւ ստիպում նստել գրասեղանի առաջ։ Քայլ առ քայլ շնչավորվում, ամբողջականանում ու ծնվում է «Կյանքի դասեր» գիրքը։ Այն ամենը, ինչը տվել է կյանքը, անցել է իր ժողովրդին ու հայրենիքինՙ դառնալով նրա շնչառության մի կարեւոր հատվածը, եւ չի մարելու որպես արդեն անցած, ավարտված, իրեն սպառած գործողություն։

«Կյանքի դասեր»։ Գիրքը գրվել է 2000-ին, լրամշակված վերահրատարակվել 2001-ին։ Հայ գրականությունը հուշագրության օրինակներ շատ ունի, տարբեր ուղղվածություններովՙ ինքնակենսագրական, ճանապարհորդական, գեղարվեստական։ Ժամանակակից հուշագրության հրաշալի օրինակ է Ֆադեյ Սարգսյանի «Կյանքի դասերը»։ Միայն թե խորագրի ներքո պետք է հասկանալ ոչ թե անհատի, այլ մի ողջ ժողովրդի կեսդարյա օրագրությունը։ Օրագրությունՙ սեղմ, հակիրճ, ճշմարիտ, անկողմնակալ, անկեղծ։ Օրագրությունՙ նվիրումով ապրած կյանքի մասին, որի գիտելիքի ու գիտական շրջանակները սկսվում են բակում անսարք անջատիչները վերանորոգելուց մինչեւ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Տոմսկի զինվորական էլեկտրատեխնիկական կապի ակադեմիա, հայրենական ռադիոլոկացիոն տեխնիկայի զարգացմանը նվիրված աշխատանքներՙ հրետանային գլխավոր վարչությունում, այդ վարչության ավագ զինվորական ներկայացուցչի աշխատանքները Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, ներդրումները հանրապետությունում ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում օգտագործվող էլեմենտներ, միկրոսխեմաներ եւ սարքավորումներ։ «Առանձնահատուկ պետք է նշել «Հրազդանմեքենա» միավորումն իր մասնաճյուղով, «Արաքս», «Մարս», «Տրանզիստոր», անջատիչների, չափող սարքերի, կոնդենսատորների, մի շարք նոր էլեկտրոնային հաշվիչ մեքենաների գործարանների ստեղծումը եւ այլ օժանդակ կարողությունների կազմակերպումը», վերհիշում է հեղինակը։

Նկարագրելով խոշորագույն ձեռքբերումները հանրապետության հաշվողական տեխնիկայի զարգացման ուղղությամբՙ «Կյանքի դասերի» հեղինակը որդեգրել է գրելաոճի հետեւյալ տարբերակը. անձն աննկատ թողնել գիտության բնագավառում ունեցած բոլոր ձեռքբերումներում։ Իսկապես մտավոր պոտենցիալով հզոր ու հոգեւոր նվիրումներով անունների մասին պատմող էջերը Ֆ. Սարգսյանի հուշագրությունը հարստացնում են եւ գիտական ե՛ւ պատմական արժեքներով։

Չափազանց կարեւոր արձանագրություններով է հարուստ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի «Կյանքի դասերում» տեղ գտած Մերգելյան ինստիտուտի աշխատանքային փորձը։ Այստեղ ոչ միայն գիտական նվաճումների արձանագրություններն են, այլեւՙ զուտ մարդկային գործոններին տրված լուծումները։ Վերաբերմունք Սերգեյ Մերգելյանի նկատմամբ, որի դեմ հսկայական պայքար կար ծավալված։ Աշխատանքի նկատմամբ պատասխանատվության խոր զգացումով է շնչում «Կյանքի դասերը»։ «Ես չեմ կարող աշխատելՙ ամբողջապես չնվիրվելով գործին»։ Այս տողերը պատասխանն են այն հարցի, թե ինչու գրքում ոչինչ չի ասվում անձնական կյանքի մասին։ Աշխատանքՙ առանց անձնական կյանքի, առանց հանգստի։

Քառորդ դարից ավելի հայրենական գիտական ու պաշտպանական արդյունաբերության բնագավառում ղեկավարի աշխատանքը չէր կարող ընթանալ առանց նշումների ու գրառումների, որոնք հիմք են ծառայել այն համառոտ ու ճշմարիտ փաստերի համար, որոնք տեղ են գտել գրքի համապատասխան բաժնում։

Գրքում հիշատակվում են նորագույն սարքավորումների ու նրանց հետեւում կանգնած գիտակ անհատների անուններ։ Հրանտ Սագոյան, Սարգիս Թումանյան, Մնացական Բունիաթյան, Հրանտ Բաղդասարյան ու մյուսներ, որոնց աշխատանքն այսօր հիշողություն չէ միայն, այլՙ շարունակություն։

Ֆադեյ Սարգսյանի հուշագրությունը մի գեղեցիկ, ուրույն ու հետաքրքրական վավերագիր է Կարեն Սերոբի Դեմիրճյանի մասին։ Վերջինս, որ ընդհանրապես թե կյանքում, թե աշխատանքային առանձնահատուկ գործունեության ընթացքում անտեսել էր հուշագրության տեսակի կարեւորությունը, մեզ է վերադառնում Ֆադեյ Սարգսյանի գրքիՙ իրեն նվիրված բաժնով։ «Հայացքների ու նպատակների ընդհանրությունն է տասնամյակների ընթացքում նպաստել մեր ընկերության եւ բարեկամության ամրապնդմանը», գրում է Ֆ. Սարգսյանը։ Իսկ ընդհանրությունն այն ժամանակ, Կարեն Դեմիրճյանի կուսակցական ղեկավար պաշտոններ ստանալուց առաջ էլ, վերաբերում էր ճշգրիտ մեքենաշինության զարգացմանը երկու ղեկավարների տված նշանակությանը։

«Կյանքի դասերի» այն խորագրի տակ, որ վերաբերում է Ֆ. Սարգսյանիՙ ՀԽՍՀ Նախարարների խորհրդում աշխատանքի անցնելուն, ուրվագծվում է Կ. Դեմիրճյանի ինքնատիպ կերպարն ու բարձր պահվածքը։ Այնուհետեւ սկսվում է ԽՄԿԿ Կենտկոմի հետ ունեցած հարաբերությունների օրագրությունների շղթան, որ շատ ու շատ հարցերի հետ պարզաբանում է այն հանգամանքները, թե ինչպես էին «հեշտությամբ» լուծվում մեր հանրապետության բոլոր կենսական հարցերը։

Ֆ. Սարգսյանի օրագրության արժեքը մեծ է նաեւ ԽՄԿԿ Կենտկոմի պաշտոնյաների կերպարների հստակեցման ու նրանց գործունեության վերաբերյալ ճիշտ կարծիքների ձեւավորման համար։ Նրա մանկության ու երիտասարդության շրջանի սերնդին վիճակված դժվարին ժամանակներում հաղթահարելու շատ բան կար, եւ գիրքը ռեալ ու ամբողջական պատկերն է ներկայացնում խորհրդային երկրի գիտական մի ողջ սերնդի։ Այնուհետեւ արժեքավոր տեղեկություններՙ հանրապետության ինքնապահովումն իրականացնող ծրագրերի մասին, որոնք վերաբերում են գյուղատնտեսական արտադրանքներին (անասնապահություն, խմիչքների արտադրություն, «Դեմիրճյանի խնձորի» այգիներ), օպերային թատրոնին, երիտասարդական պալատին, մարզահամերգային համալիրին, նոր շուկաներին, հիվանդանոցներին, դպրոցներին, կոմունալ օբյեկտների կառուցմանն ու վերակառուցմանը։

Լինելով մարդամոտ եւ մարդկային հարաբերություններում ճկուն անձնավորությունՙ Ֆադեյ Սարգսյանը ոչինչ չի թաքցնում «վերեւների» մասին, ներկայացնելով իրական էությունըՙ հաճախ հումորով, հաճախՙ դառը ճշմարտությամբ։

Գիրքը գրված է աշխույժ հումորով. օրինակՙ մետրոպոլիտենի, որի շինարարության թույլտվությունը տրվել է անեկդոտային հումորով։

«Ընդհատելով շինարարության մասին իմ զեկուցումը, Ա. Ն. Կոսիգինն ասաց. «Ընկ. Սարգսյան, թույլ կտա՞ք ես զեկուցեմ»։ Ես սկզբից անհանգստացա, կարծեցի գործը տանուլ ենք տվել, բայց ինչ կարող էի անել, ասացիՙ խնդրեմ։ Եվ նա կիսածիծաղելով ասաց. «Բանն այն է, որ հայերը կառուցել են տրամվայի նոր գծեր, բայց քանի որ քաղաքի տեղանքը կտրտված է, հարկ է եղել թունելներ փորել, որպեսզի ունենան արագընթաց տրամվայ։ Հետո, երբ լավ են նայել, տեսել են, որ տրամվայի գծերի փոխարեն ստացել են մետրոպոլիտենի գծեր։ Ելնելով ստեղծված վիճակից, խնդրում եմ օրինականացնել շինարարությունը։ Ի՞նչ անել»։ Բոլորը ծիծաղեցին եւ առանց քննարկելու որոշեցին թույլատրել շինարարությունը»։

Ֆադեյ Սարգսյանն անկողմնակալությամբ է անդրադառնում «Արցախի հիմնախնդրին»։ «... Վիճում էինք, պայքարում», մեր վիճակը դժվարանում էր նրանով, որ ժողովուրդը չգիտեր այդ մասին (հիմա էլ չգիտի), իսկ մենք ինքնագովազդով չենք զբաղվել։ Պատմել այն մասին, ինչ կատարվում էր վերեւներում, իրավունք չունեինք, բայց մեր խիղճը մաքուր էր»։ Այնուհետեւ նկարագրելով իր մասնակցությամբ տեղի ունեցած մի քանի դեպքերի մանրամասներըՙ Ֆ. Սարգսյանը ներկայացնում է կարեւոր իրադարձությունների հիմնական դրդապատճառները, ինչպես նաեւ բնութագրում մի շարք կերպարներ, որոնց անունները երկար ժամանակ հոլովվում էին հանրահավաքներում։ Գրքիՙ «Անցանկալի անձի կարգավիճակում» բաժինը Ֆ. Սարգսյանիՙ Նախարարների խորհուրդը թողնելու պատճառների մասին է, ենթատեքստում խորհրդային երկրի առավել ամբողջական նկարագրությունը։

Գիտությունների ակադեմիայի նախագահի պաշտոնը, որ վարում է նա այսօր, Ֆ. Սարգսյանի անկոտրում ոգու, կամքի, իր երկրին օգտակար լինելու պատշաճ մակարդակի վրա պահելու ինքնազոհողության մասին է վկայում։

Այսօր էլ Ֆադեյ Սարգսյանը նույն աշխատանքային ծանրաբեռնվածությունն ունեցող անհատն է, որ իր խոստովանությամբ, դեռ անելիքներ ունի բազում հետաքրքրական հանդիպումների ու գործերի մասին։ Գնահատելով գրքի խմբագրիՙ Ժիրայր Ավետիսյանի աշխատանքը «Կյանքի դասերին» կենդանություն տալու առումով, կարծում եմ, բոլորս ենք սպասում նրա շարունակությանը։

«Կյանքի դասերը» գիրքը փաստում է Ֆադեյ Սարգսյանի խոսքերը գիտական ներուժի մասին, որ հեշտ ձեռք չի բերվում, իսկ կորցնելը դժվար չէ։ Քանի դեռ իր ժողովրդի հետ է անվանի ակադեմիկոսը, հայ ժողովուրդը հանձին նրա պետք է ունենա գիտական ներուժ պահելու եւ ուղղորդելու խորհրդատուի։

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4