«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2002-12-17 | #232, 2002-12-18 | #233, 2002-12-19


ՖՐԱՆՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԱԳՈՐԵՆ Է ՏԱՐԱԾՎՈՒՄ

«Անցնող տարին յուրահատուկ էր ֆրանկոֆոնիայի համար։ Ինձ անկեղծորեն ուրախացնում են ուսանողների հաջողությունները, նրանց հարուստ մտքերն ու գաղափարները։ Տարին ավարտվում է, այսինքնՙ եկել է ժամանակն ամփոփելու եւ ճիշտ որոշումներ կայացնելու։ Երկրի ապագան երիտասարդներին է պատկանում, ուրեմն ամենայն ուշադրության են արժանի կրթության խնդիրները»։ Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին երեկ ջերմ ընդունելություն էր կազմակերպել դեսպանատանըՙ հյուրընկալելով ֆրանսերեն լեզվի այս տարվա մրցույթի հաղթողներին։ Արդեն երկրորդ տարին անցկացվող մրցույթին այս տարի մասնակցել են 350 հոգի, ինչպես հանրակրթական դպրոցների սովորական եւ թեքումով դասարաններից, այնպես էլ Երեւանի օտար լեզուների, պետական եւ ֆրանսիական համալսարաններից։

Դեսպանը մեծ ուրախությամբ նշեց, որ անցյալ տարվա համեմատ եռապատկվել է մասնակիցների թիվը, աճել հետաքրքրությունն ու սերը ֆրանսերենի եւ ֆրանսիական մշակույթի նկատմամբ։ Կարեւորելով ֆրանսիական համալսարանի դերը կառավարման ոլորտում աշխատող կադրեր պատրաստելու գործում, որը կխթանի երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը, դեսպանն առանձնահատուկ հույսեր է փայփայում նոր բացված տարածաշրջանի բարձր տեխնոլոգիաների կենտրոնի հետ։ Խոսելով նոր ծրագրերի մասին, նա հայտնեց, որ շուտով ֆրանսիական համալսարանի շենքում իր առաջին քայլերը կսկսի «Ալյանս» ընկերությունը, որի մի մասնաճյուղը կբացվի Գյումրիում։ Ֆրանսիական համալսարանում կստեղծվի նաեւ հետազոտությունների կենտրոնՙ կառավարական ոլորտի գիտական ուսումնասիրությունների համար։

Մրցույթում հաղթող ճանաչված 9 մասնակիցներին դեսպանը գրքեր նվիրեց։ Առաջին երեք տեղերը զբաղեցրածներն ամռանը կմեկնեն Ֆրանսիա։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4