«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2002-12-17 | #232, 2002-12-18 | #233, 2002-12-19


ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ

Ըստ էության, ԱԺ պահպանության իմիջիայլոց լինելու եւս մեկ վկայություն

«Հոկտեմբերի 27-ի գործով դատավարության երեկվա նիստին որպես վկա ներկայացել էր ահաբեկչության ժամանակ վաշտի հրամանատար, այժմ «Ազգ¬96» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, կապիտան Գագիկ Հակոբյանը։

Նա ՆԳ համակարգում աշխատել է 1993 թ.-ից, 1997 թ.-իցՙ որպես վաշտի հրամանատար։

Վկան իր ցուցմունքում նշեց, որ կառավարության հետ հարց ու պատասխանի օրերին իրենք առանձնակի ուշադրություն են դարձրել Դեմիրճյան փողոցի թիվ 4 պահակակետին, որտեղից մտնում էին կառավարության անդամներն ու վարչապետը։

1999 թ. հոկտեմբերի 27-ին Գագիկ Հակոբյանն ԱԺ է գնացել ժ. 2-ին, ստուգել բոլոր պահակակետերը։ Ժ. 4։15-ին կապիտանը գնացել է թիվ 4 պահակակետ։ Վարչապետն ու կառավարության անդամներն անցել են։

Ժ. 4։50 Գագիկ Հակոբյանը գնացել է կանաչ նախասրահ եւ տեսել, որ ոստիկաններ Կարախանյանն ու Մարտիրոսյանը կանգնած են իրենց տեղերումՙ համապատասխանաբար առաջին եւ 3-րդ դռների մոտ։

Ժ. 5։15, երբ կապիտանն ու Մարտիրոսյանը խոսելիս են եղել 3-րդ դռան մոտ, լսել են կրակոցներՙ չհասկանալով, թե արդյոք ԱԺ նիստերի դահլիճո՞ւմ են կրակում։

Գագիկ Հակոբյանն ու Մարտիրոսյանը բացել են 3-րդ դուռն ու համոզվել, որ «անկանոն կրակահերթերը շարունակվում են»։ Սրանից հետո կապիտանը Մարտիրոսյանին հրահանգել է մնալ դահլիճումՙ կատարվածին ականատես։ Իսկ ինքը վազելով իջել է առաջին հարկՙ 101 սենյակ։ Սենյակում, իր համար անսպասելի, Գագիկ Հակոբյանը տեսել է գումարտակի հրամանատար Մանուչարյանին, որն արձակուրդի մեջ լինելով հանդերձՙ եկել էր աշխատանքի։

Այնուհետեւ Հակոբյանը հերթափոխի պետ Ռուբեն Գրիգորյանին հրահանգել է պահարանից հանել զենքերը եւ զանգահարել գունդՙ օգնության համար։ Ապա դիմել է գումարտակի հրամանատարին, թե ինչ անեն։ Մանուչարյանը պատասխանել է, որ պետք է ապահովել պաշտպանությունը, այսինքնՙ ոչ մեկին ԱԺ չթողնել։

Լսածը Գագիկ Հակոբյանն ասել է Արթուր Հակոբյանին, որից հետո ինքն ու ոստիկան Անդրանիկ Դարբինյանը վերցրել են մեկական ինքնաձիգ ու բարձրացել կարմիր նախասրահ։

Կապիտան Հակոբյանն ու Դարբինյանը, չհասնելով կարմիր նախասրահ, տեսել են ԱԺ աշխատակազմի աշխատակից Ռոբերտ Սանոյանի օգնությամբ աստիճաններից մի կերպ իջնող վիրավոր Անդրանիկ Մանուկյանին։

Կարմիր նախասրահ բարձրանալիս Դարբինյանին ու կապիտանին միացել է ոստիկաններից Ջամալյանը, որն էլ այնուհետեւ օգնել է Անդրանիկ Մանուկյանին դուրս գալու ԱԺ շենքից։

Իր իսկ խոսքերովՙ Գագիկ Հակոբյանն այդ պահին մտածել է, որ կատարվածն ու կրակոցներն Անդրանիկ Մանուկյանի դեմ մահափորձ են եղել։ Դրա համար էլ աստիճաններից իջնողներին թիկունքով քայլելովՙ Հակոբյանը միացել է նրանց։

Իջնելուց հետո կապիտանը վազել է դեպի Դեմիրճյան փողոցի մուտք եւ կարգադրել առանց ստուգման բաց թողնել շտապօգնության մեքենան։ Այդ պահին ներսից մի քանի մեքենաներ փորձել են դուրս գալ ԱԺ տարածքից։ Հակոբյանն արգելել է ու վերադարձել։ Երբ Անդրանիկ Մանուկյանին հասել է շտապօգնությունը, կապիտան Հակոբյանը վերադարձել է 101 սենյակ։

Այդ ժամանակ արդեն 101 սենյակում գնդի հրամանատարական կազմից մարդիկ կային, ուստի Գագիկ Հակոբյանը հանձնել է ինքնաձիգը, ըստ էության, նաեւ հրամանատարությունը։

Պատասխանելով հարցերինՙ վկան նշեց, որ ԱԺ շենքի պահպանության հետ կապված որեւէ թերություն նկատելիս դիմել են ԱԺ աշխատակազմ։ Մասնավորապես, թերի շատ բան է եղել։ ԱԺ նիստերի դահլիճի դռների մոտ կանգնած ոստիկանները հրամանատարական 101 սենյակի հետ ներքին հեռախոսակապի հնարավորություն չեն ունեցել, անցագիր հնարավոր է եղել պատվիրել նաեւ քաղաքային հեռախոսով, գիշերը ԱԺ տարածքը չի լուսավորվել եւ այլն։

Այս ամենի կապակցությամբ ԱԺ աշխատակազմից հայտնել են, որ պետք է զեկուցել սեփական պետերին։

Գագիկ Հակոբյանը նշեց նաեւ, որ իր վաշտի ոստիկաններից մոտ 60 տոկոսը զենք կրելու իրավունք չի ունեցել։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե զինվելուց հետո ինչո՞ւ ոստիկանները դեպի դահլիճ չեն գնացել, վկա Հակոբյանը պատասխանեց, որ իրենք անտեղյակ են եղել կատարվածին, մի քիչ էլՙ շփոթված։ Եվ որպես առաջնային խնդիր աշխատել են դրսից ոչ մեկին ներս չթողնել։ Եվ, ըստ կապիտանի այդ օրվա ենթադրության, վերեւ բարձրանալը կարող էր ավելի վատ հետեւանքների բերել։

Վկան այս կապակցությամբ ավելացրեց, որ, ամեն դեպքում, ո՛չ իր, ո՛չ Անդրանիկ Դարբինյանի ինքնաձիգներից այդ օրը կրակոց չի եղել։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4