ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) երեկ դրամաշնորհ տրամադրեց Հայաստանի անշարժ գույքի կադաստրի համակարգին։
Ինչպես նշեց կադաստրի կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը, արդեն 4-րդ ամիսն է, ինչ կոմիտեի եւ USAID-ի միջեւ հաջող համագործակցություն է։ Այս դրամաշնորհը երկու ուղղվածությամբ է ծախսվելու։ Առաջինը հարկային վարչարարության բնագավառն էՙ անշարժ գույքի կադաստրի դերի վերլուծությունն այդ շրջանակներում։ Մասնավորապես մշակվելու են անշարժ գույքի գնահատման այլընտրանքային մեթոդներ եւ կարգեր, դրանց հիման վրա փորձնական ծրագրեր, 3 մլն դրամից պակաս գույքը հարկադրումից ազատելու հետեւանքները պարզող վերլուծություն եւ այլն։
Երկրորդ ուղղությունը շարժական գույքի ռեգիստրի ստեղծումն է, ինչը կնպաստի գրավի շուկայի զարգացմանը, վարկերի ստացման հնարավորությունների ավելացմանը։ Այս նպատակով ստեղծվելու է համակարգային ծրագիր ռեգիստրի համար, կազմակերպվելու է ուսուցում ոլորտին առնչվող կառույցների աշխատակիցների համար, մշակվելու է համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ, կազմակերպվելու է հանրության իրազեկման քարոզարշավ եւ այլն։
Իր համառոտ ելույթում USAID-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կիտ Սիմոնսը նշեց, որ հողի, սեփականության եւ անշարժ գույքի գրանցման ծրագրերին կավելանան գույքի հարկի վարչարարության, շարժական գույքի ռեգիստրի ծրագրերը։ Նա կարեւորեց այն փաստը, որ մարդիկ կկարողանան գրավ դնել եւ գումար ստանալ։
Ա. Մ.