«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2002-12-18 | #233, 2002-12-19 | #234, 2002-12-20


ԽԱՎԱՐԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՔԱԾՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ

Որովհետեւ ռուսական տափաստաններում նրանք չգտան իրենց տեղը

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Մարդասիրական նավթն ակնհայտորեն չէր բավարարում 90-ական թթ. Հայաստանում ցրտից մահացող բոլոր հայերին։ Ըստ «Բժիշկներ առանց սահմանների» բելգիական կազմակերպության տվյալներիՙ 1993¬94 թթ. ձմռան ամիսներին ինքնիշխան հանրապետության մայրաքաղաքում ամեն օր ցրտահարությունից իրենց բնակարաններում մահացել են միջինը 10 հայեր։ Ղարաբաղում շարունակվում էր ազատամարտը, չկար հաց, լույս եւ ամենակարեւորըՙ հպարտ հայերի մի մասը չէր տանում հհշական ցինիզմը։ Ինքըՙ Նորին գերազանցությունը, մաթեմատիկական հաշվարկ էր արել. «Հայաստանը կարող է կերակրել ոչ ավելի, քան 2 մլն մարդու»։

Ռուսական ցուրտ տափաստաններում բոլոր հայերը չէ, որ գտան իրենց տեղը։ Նրանց մի մասն այսօր պատրաստ է վերադառնալ հայրենիք եւ այս հողի վրա կառուցել իր տունը, շենացնել երկիրը։ Բայց դրա համար նախ եւ առաջ փող է պետք։ «Ռուսաստանի հայերի միությունը» վերջերս մոտավոր հաշվարկներ է արելՙ ճշտելու Ռուսաստանում բնակվող հայերի թիվը։ Ստացվել է 2,5 մլն, այսինքնՙ մի Հայաստան։ Այդ 2,5 միլիոնից 350 հազարը գաղթել է Ադրբեջանից, 250 հազարըՙ Վրաստանից, 200 հազարըՙ Միջին Ասիայից։

Ստավրոպոլի երկրամասի հայ համայնքի ղեկավար, նահանգապետի օգնական Գենադի Ոսկանյանն ասում է, որ երկրամասում հայերի թիվը մոտ կես միլիոն է, որից 25¬30 տոկոսը հայրենիքը լքել է «մարդասիրական նավթի» տարիներին։ «Եթե լինի պետական ծրագիր, ապա հայերի մի մասը կվերադառնա, որովհետեւ այստեղՙ Հայաստանում, պայմանները լավանում են», ասում է պրն Ոսկանյանը։ Ի տարբերություն հարեւան Կրասնոդարի, որտեղ հայերը մյուս «սեւ» ազգերի հետ համարվում են անցանկալի հյուրեր, Ստավրոպոլում այլ է վիճակը։ Այնտեղ հայերին հարգում են, տեղացիների հետ լուրջ բախումներ չեն եղել, եթե եղել ենՙ կենցաղային հողի վրա։

Կրասնոդարի հայ համայնքի ներկայացուցիչ, գործարար Ռազմիկ Գեւորգյանի ասելովՙ Կուբանում հայության թիվը մոտ կես միլիոն է ըստ վերջին մարդահամարիՙ 2002 թ. տվյալների։ Սեւ ծովի ափեր երեք խոշոր գաղթ է եղել, առաջինըՙ համշենահայեր, երկրորդըՙ եղեռնից մազապուրծ հայեր, երրորդըՙ ԽՍՀՄ փլուզումից հետո ժամանած հայեր Հայաստանից, Ադրբեջանից, Աբխազիայից, Միջին Ասիայից։ Կրասնոդարի երկրամասի եւ դրա նահանգապետ Տկաչովի մասին հայկական մամուլը, այդ թվում «Ազգը», շատ են գրել։ Վերջերս Հայաստան էր եկել ինքըՙ «բատկան»։ Պրն Գեւորգյանին հարցրեցիՙ «Տկաչովի Հայաստան այցելությունից հետո Կրասնոդարում հայերի նկատմամբ վերաբերմունքը փոխվե՞լ է»։ «Այսօր բացահայտ չեն ասում, ինչպես նախկինում, որ հայերն անցանկալի հյուրեր են, բայց ասել, թե հայության հետ կապված հարցերը լուծված են, ճիշտ չէ։ Նոր ընդունված միգրացիոն օրենքներն են խիստ», ասաց Ռազմիկ Գեւորգյանը, ավելացնելով, որ Հայաստանից աշխատանքային միգրացիան չի դադարում, այսինքնՙ հայ տղամարդը մեկնում է Կուբան, փող աշխատում, ապա վերադառնում Հայաստան։ Կրասնոդարի հայ համայնքի ներկայացուցիչը եւս կարծում է, որ անհրաժեշտ է պետական ծրագիր եւ այդ դեպքումՙ հայերի մի մասը, որոնց բախտը չի բերել պանդխտության մեջ, կվերադառնա հայրենիք։

Վոլգոգրադի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը, որը եւս Հայաստան էր եկել «Հզոր հայրենիք» կուսակցության համագումարին մասնակցելու, կարծիք հայտնեց, որ Հայաստանում կյանքը փոխվում էՙ դրական իմաստով։ «Այն, որ Պուտինն է ընդունում Քոչարյանին, Պուտինն ու Կասյանովն են գալիս Հայաստան, Ելցինն է Հայաստանից հեռանում վառ տպավորություններով, մեզ հպարտություն է տալիս, ռուսների մեջ հայերի նկատմամբ ստեղծում հասարակական դրական կարծիք», ասում է պրն Գրիգորյանը։ Վոլգոգրադի հայ համայնքի ղեկավարը խիստ դրական կողմերով ներկայացրեց այդ մարզից արդեն հայրենիք «գաղթած» Տիգրան Կարապետյանինՙ ԱԼՄ հոլդինգի նախագահին։ Պարզվում է, որ պրն Կարապետյանը Վոլգոգրադում է թողել իր բիզնեսի մի մասը, օրինակ, «32 խանութները, որ վարձակալական հիմունքներով է տալիս»։

Մեր զրուցակիցների խոսքերից պարզ դարձավ, որ նրանք հավանում են Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը եւ, չի բացառվում, իրենց համայնքներում կոչ կանեն Հայաստանի քաղաքացիներին քվեարկելու գործող նախագահի օգտին առաջիկա նախագահական ընտրություններում։ Բայց թե ինչ ձեւով է հնարավոր, ասենք, Բուդյոնովսկում կամ Ադլերում ընտրություններ կազմակերպել, առայժմ պարզ չէ։ Ամեն դեպքում, եթե հնարավոր լինի Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասերում, Վոլգոգրադում կազմակերպել ընտրություններ, ապա նույն հաջողությամբ հնարավոր կլինի կազմակերպել նաեւ խորհրդարանական ընտրություններ։ Դժվար չէ ենթադրել, թե վերջին դեպքում ում օգտին կքվեարկեն այդ երկրամասերի հայերը։ Հիշեցնենք, որ «Հզոր հայրենիք» կուսակցությունը պետական բյուջեի միջոցների հաշվին դասագրքերով օգնում է Կրասնոդարի, Ստավրոպոլի կիրակնօրյա հայկական դպրոցներին։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4