Գիտնականները նախազգուշացնում են սողանքներից
Գեղարդ տանող ճանապարհի աջ կողմում, Հացառատ գյուղի շրջակայքում ժայռակուտակումների մի հսկա զանգված կա, որ երկրաբանները վաղուց առանձնացրել են իբրեւ սողանքի վտանգավոր օջախ։ Ժայռերը դանդաղ, եւ անգիտակ աչքի համար անտեսանելի, առաջ են շարժվում։ Դավադիր ինչ-որ բան կա քարաբեկորների այդ աննահանջ համառության մեջ, կարծես արդեն սպառել են համր անշարժության պաշարները եւ նոր, չարագուշակ գոյավիճակի են տենչում։ Սողանքի ընդգրկումներն այնքան մեծ են եւ քայլքն այնքան աներեւույթ, որ Հացառատ գյուղի տները որեւէ կերպ չեն զգում նրա ներկայությունը։ «Ժամանակին այդպես եղավ եւ Ողջաբերդի հետ։ Այն ժամանակ, երբ սողանքի գործունեությունը զգալի չէր, մենք զգուշացրինք, որ եթե ակտիվանա, գյուղն ամբողջությամբ կավերվի։ Մեզ չլսեցին, եւ այն, ինչ, այսօր կատարվում է Ողջաբերդում, Հացառատին էլ է սպառնում», ասում է ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի գեոէկոլոգիայի բաժնի վարիչ, անվանի սողանքագետ Ռուբեն Յադոյանը։
Արդեն 10 տարի Հայաստանում հակասողանքային ոչ մի միջոցառում չի իրականացվել։ Լինսի հիմնադրամի միջոցներով նորոգված, գերազանց գնահատականներով հանձնված հանրապետական մայրուղիների տասնյակ հատվածներ, գիտնականների համոզմամբ, քանդման մշտական սպառնալիքի տակ են։ Ճանապարհաշինությունն իրականացվեց եւ իրականացվում է առանց սողանքային մերձակա գոտիների հաշվառման։ Ավելինՙ մեծ է հավանականությունը, որ շինարարների անգրագիտությունը հանգեցրել է նաեւ սողանքային այս կամ այն գոտու աշխուժացմանը։
Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհներին մերձ վտանգավոր տեղամասերի ե՛ւ նկարագրությունը, ե՛ւ քարտեզագրումը դեռ 2 տարի առաջՙ մինչ ճանապարհաշինությունը, արդեն իրականացվել էր երկրաբանության ինստիտուտում։ Ագարակից մինչեւ Վրաստանի սահմանը 69 կետ է առանձնացվել, որոնք սողանքի, քարաթափերի ու հեղեղների մշտառկա վտանգ են ներկայացնում։ Քարտեզի վրա սեւ կետերով մեկ-մեկ նշվել են ճանապարհների այն հատվածները, որոնք սողանքների հարեւությամբ կամ անմիջապես դրանց վրա են։ Դսեղ գյուղի տարածքում միլիոնավոր տոննաների ժայռաբեկորն անընդմեջ ճաքեր է տալիս եւ մի օր պոկվելու է։ 3¬4 վտանգավոր տեղամասեր կան Կապան-Գորիս մայրուղում, նույն քանակի սողանքներ «բազմել» են Վայքից Սիսիան տանող ճանապարհի կատարին։ Դիլիջանի ծայրամասից (Շամախյան թաղամաս) մինչեւ Բլդան գյուղի ձորն է իջնում գործող, արթուն սողանքը, որ ամենաիրական սպառնալիք է ճանապարհի համար։ Սողանքագետի վկայությամբ, Դիլիջանից Վանաձոր ձգվող ճանապարհահատվածը 2¬3 տեղամասում արդեն «նստել» է եւ նույնիսկ անփորձ աչքին տեսանելիՙ ձեւախեղվել։ Դիլիջան-Նոյեմբերյան մայրուղին եւս մերձ է սողանքներին եւ սրան էլ նույն ճակատագիրն է սպառնում։ Բայց նույնիսկ եթե արդեն արվել է այն, ինչ չպետք է արվեր, հնարավոր է եւ իրականՙ համապատասխան մեթոդներով հակամիջոցների ձեռնարկումը գոնե ճանապարհների վտանգավոր հատվածները վերահսկելի դարձնելու առումով։ Ճանապարհաշինարար ծրագիրը դեռ չի ավարտվել, գոնե նորոգման ենթակա մյուս հատվածներում պետք է բացառել սխալի կրկնությունը։ Երբ գիտնականները մեր ճանապարհներին սպասող տխուր հեռանկարի մասին ժամանակին փորձեցին զգուշացնել ճանապարհաշինարար վերին ատյաններին, կոշտ ու խուսափուկ պատասխան ստացանՙ դրա համար գումարներ չեն առանձնացվել։
Հիմնադրամի 37 մլն դոլար հատկացումից այդպես էլ նվազագույն մասնաբաժին չառանձնացվեցՙ գոնե վտանգավոր տեղամասերի հաշվարկման ու այնտեղ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար։
Այսօր հանրապետության տարբեր մարզերում սողանքային 6¬7 խոշոր օջախներ են հայտնի։ Տարիներ անուշադրության մատնվելովՙ փոքր հատվածներն աշխուժանում են, քաղցկեղի նման նոր ճյուղավորումներ տալիս։ Մինչեւ 90-ական թթ. սողանքային էներգիայով ծանրաբեռնված հատվածները բեռնաթափելու համար ինչ-ինչ ձեռնարկումներ դեռ իրականացվում էին։ Երկար ժամանակ անվերահսկելի մնալով, խոշոր սողանքներում անկասկած շարունակվում են էներգիայի հետեւողական կուտակումները եւ, գիտնականների կարծիքով, մեծ վնասները հավանական ու կանխատեսելի են ե՛ւ Դիլիջանում ու Ֆիալետովոյում, ե՛ւ Եղեգնաձորում ու Գորիսում, ե՛ւ Կապանում ու Լոռիում։ Հանրահայտ Ղուրղունի սողանքն ամենաիրական վտանգ է դարձել Հովք գյուղի համար։ Այդ տարածքների բնակչությունը, իհարկե, տեղյակ է պրոբլեմին, բայց ճար չունի եւ ընդամենը ժամանակ առ ժամանակ օգնության խնդրանքով դիմում է կառավարությանը, երբ սողանքի որեւէ օջախ հանկարծ հատում է լռության սահմանը։ Հենց այս գարնանը հորդառատ անձրեւներից արթնացավ Հաղարծնի սողանքըՙ խաղաթղթի պես փլվեցին գյուղի առափնյա տները, հողի ու քարի զանգվածը փակեց Աղստեւ գետի հունը։ Իրավասու ատյաններն անցան իրենց նախընտրած անելիքինՙ վնասների հաշվարկմանը։ Բայց չէ՞ որ գլխիվայր տնտեսվարելու փոխարեն ֆինանսական այդ բոլոր միջոցները (ե՛ւ ճանապարհների կրկնանորոգման, ե՛ւ գյուղացիներին տրվող փոխհատուցումները) կարելի էր օգտագործել փորձանքի դեմն առնելու համար, ինչը ժամանակին միշտ էլ արվել է։ Պետշինում նույնիսկ հատուկ հանձնաժողով էր գործում, որ պարբերաբար խորհրդակցություններ էր հրավիրում այս առիթով։ Այն, որ պրոբլեմն անընդհատ շրջանցվում է, սխալ է բացատրել միայն ցանկության ու ֆինանսների բացակայությամբ։ Սողանքներով զբաղվում են մարդիկ, ովքեր անգիտակ են դրան։ «Ոչ անհայտ այդ անձանցից մեկը, սողանքի վրա կանգնած, հարցրեցՙ դե՛, ցույց տուր, որտե՞ղ է սողանքը։ Եվ քանի որ չգիտեն պրոբլեմըՙ մտածում են, որ հսկայական ծախսեր են պետք, եւ ավելորդ գլխացավանքի մեջ չեն ուզում ընկնելՙ ինչ լինելու է, թող լինի», ասում է Ռուբեն Յադոյանը։
Գեոէկոլոգներն այսօր սողանքների դեմ պայքարի արդյունավետ եւ չափազանց էժան միջոցներ են նշումՙ պոլիէթիլենային-պոլիպրոպիլենային ցանցերի օգտագործումը։ Սրանց միջոցով սողանքային մակերեսների վերաձեւավորումներ են արվում, շարժվող հողերը յուրօրինակ շերտավոր զանգվածի են վերածվում, որ նրանց ապահովագրում է նույնիսկ ռումբի պայթյունից։ Իբրեւ այդպիսի նոր մեթոդ առաջարկվում է նաեւ «Հույսիտ» անվանված փոշու օգտագործումը, որ պոլիմերային նյութերի եւ կավի պարզ միացություն է։ 1987¬88 թթ. Հայաստանի կառավարությունը հատուկ որոշում ընդունեց պոլիէթիլենային իրեր արտադրող ձեռնարկություններում հակասողանքային նման միջոցների արտադրություն կազմակերպելու վերաբերյալ։ Որոշումն այդպես էլ թղթի վրա մնաց։ Իսկ ի՞նչ է արվում այսօր։ Այս տարվա IV եռամսյակի համար պետական միջոցներից բավական պատկառելի հատկացումներ եղան սողանքների դիտարկումների ու մոնիտորինգի համար։ Գեոէկոլոգների կարծիքով, նման որոշումը տնտեսական պոպուլիզմի փայլուն արտահայտություն է։ Որովհետեւ ի՞նչ մոնիտորինգի մասին կարող է խոսք լինել, եթե հետազոտված չեն սողանքների ներկա իրավական վիճակը, դրանց շարժման ակտիվությունն ու տեղաշարժերի հավանականությունը։ Եվ ի՞նչ ուղղությամբ ու ինչպե՞ս են ծախսվում այս նպատակին առանձնացված միջոցները։ Մեր տնտեսությունը միշտ էլ պակասավոր կմնա, եւ մենք միշտ էլ տարակուսելու ենք առաջընթացի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության ու իրականության հակադրությունից, քանի դեռ շարունակելու ենք հիմնահարցերը լուծելՙ զանցառելով մտավոր ներուժը։ Խնդիրների նկատմամբ նման հերետիկոսական մոտեցումը չէ՞ պատճառներից մեկը, որ, սիրելով երկիրը, շատերը խորթանում են նրանից ու բռնում գաղթի ճամփան։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ