«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2002-12-19 | #234, 2002-12-20 | #235, 2002-12-21


Ո՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ՎՃԱՐԵԼՈՒ «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊԻՆ»

Ինչպես հայտնի է, «Հայկական միջազգային ավիաուղիների» (ՀՄԱ) խոշոր բաժնետերերից մեկըՙ «Մուլտի գրուպը», դուրս եկավ ընկերությունից։ Վերջինիս բաժնետերերը մնացին ֆրանսահայ գործարար Լեւոն Բաղդասարյանը, որը նաեւ ՀՄԱ գործադիր տնօրենն է եւ Հրայր ու Վերսանդ Հակոբյանները, որոնք հասարակությանն առավել հայտնի են որպես Երեւանի շամպայն-գինիների գործարանի սեփականատերեր։ Մեր ունեցած տեղեկություններով, «Մուլտի գրուպին» էր պատկանում ավիաընկերության բաժնետոմսերի 35 տոկոսը, որը կատարել էր նաեւ ամենամեծ ներդրումըՙ 1,5 մլն դոլար։ Լեւոն Բաղդասարյանը ներդրել է 1 մլն դոլար, Հակոբյաններըՙ 300 հազար դոլարՙ 1 տարվա ընթացքում վճարելու պայմանով։ Նրանց համար, ամենայն հավանականությամբ, անակնկալ էր «Մուլտի գրուպի» դուրս գալն ընկերությունից, որին պետք է վճարվի ոչ փոքր գումար կազմող բաժնեմասը։ Ո՞վ եւ ինչպե՞ս է վճարելու։ Մեզ չհաջողվեց այս հարցի պատասխանը ստանալ ո՛չ վճարողներից, ո՛չ վճարվողից։ Որոշ աղբյուրներ հավանական են համարում «Մուլտի գրուպի» բաժնեմասի փոխարեն շամպայն-գինիների գործարանի փոխանցումը նրանՙ ավիաընկերությունում մնացած երկու բաժնետերերի միջեւ գումարային եւ բաժնեմասային հարցերը հստակեցնելու հեռանկարով։ Այս տարբերակը թերեւս հավանական է, որովհետեւ «Մուլտի գրուպն» արդեն մեկ լուրջ քայլ կատարել է ոգելից խմիչքների բիզնեսումՙ ձեռք բերելով «Արարատ» օղու-գինու-կոնյակի կոմբինատը։ Շամպայն-գինիների գործարանի ձեռքբերմամբ «Մուլտի գրուպը» կդառնա ոգելից խմիչքներ արտադրող խոշորագույն ընկերությունը Հայաստանում։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4