ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ընթացիկ մրցաշրջանում մեկ անգամ չէ, որ հարկ է եղել գրել մեր շախմատիստների փառահեղ ելույթների մասին։ Այսօր եւս մեծ ուրախությամբ ու հաճույքով շտապում ենք տեղեկացնել շախմատասերներին հայկական շախմատի նոր նվաճման մասին։ Հնդկաստանի Գոա քաղաքում ավարտված մինչեւ 20 տարեկան աղջիկների եւ պատանիների շախմատի աշխարհի առաջնությունում գերազանց հանդես եկավ գրոսմայստեր Լեւոն Արոնյաննՙ արժանիորեն նվաճելով չեմպիոնի տիտղոսը։ Առաջնության ավարտից 2 տուր առաջ Արոնյանը 8 միավորով ռուսաստանցի միջազգային վարպետ Արտյոմ Տիմոֆեեւի հետ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Լեւոնը գերազանց անցկացրեց վերջնագիծըՙ տպավորիչ հաղթանակներ տոնելով հնդիկ գրոսմայստեր Հարիկրիշնայի եւ ռուսաստանցի գրոսմայստեր Դմիտրի Յակովենկոյի նկատմամբ։ 13 հնարավորից Արոնյանը վաստակեց 10 միավոր (7 հաղթանակ, 6 ոչ-ոքի), ինչը բավական բարձր ցուցանիշ է աշխարհի առաջնության համար։ Սա ավելի է արժեքավորում 20-ամյա հայ գրոսմայստերի փայլուն նվաճումը։
Լեւոն Արոնյանի հաջողությունն օրինաչափ է։ Նա պատանի հասակից աչքի է ընկել իր կայուն մրցելույթներովՙ բազմիցս մրցանակների արժանանալով ամենաբարձր կարգի մրցաշարերում։ Տպավորիչ է տաղանդավոր պատանու տիտղոսների շարքը։ Լեւոնը մինչեւ 12 տարեկանների արագ շախմատի աշխարհի չեմպիոն է, կրում է մինչեւ 14 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաեւ մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր է։ Նա բազմիցս դարձել է տարիքային տարբեր խմբերի աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր։ Անցյալ տարի Աթենքում կայացած մինչեւ 20 տարեկան աղջիկների եւ պատանիների աշխարհի առաջնությունում Արոնյանն արժանացել էր բրոնզե մեդալի։ Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում Լեւոն Արոնյանը դարձել է Ստամբուլում անցկացված մինչեւ 16 տարեկանների շախմատի օլիմպիադայի չեմպիոն, իսկ մեծահասակների հավաքականի կազմում նվաճել Եվրոպայի թիմային առաջնության հաղթողի կոչումը։ Լեւոնը գերազանց հանդես եկավ նաեւ սեպտեմբերին կայացած շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում։ 9 հանդիպումներում վաստակելով 6 միավոր (3 հաղթանակ, 6 ոչ-ոքի), Լեւոնն առաջին անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն (նախորդ երկու առաջնություններում նա գրավել էր 2-րդ տեղը)։ Ընդ որում, Արոնյանը միակն էր, որ այդպես էլ չճաշակեց պարտության դառնությունը։ Այդքանից հետո շատ ցավալի էր, որ ինչ-ինչ պատճառներով Արոնյանին չընդգրկեցին Բլեդ մեկնող ՀՀ հավաքականի կազմում, թեեւ առաջնության մրցակարգով չեմպիոնը պետք է անպայման լիներ օլիմպիադայի մասնակիցների ցանկում։ Ինչեւէ, Լեւոն Արոնյանը մեկ անգամ եւս ապացուցեց, որ տիրապետում է շախմատային խաղի գաղտնիքներին եւ մեծ ներուժ ունի, ինչը պետք է օգտագործել ի շահ հայկական շախմատի։
Արոնյանը կես միավորով առաջ անցավ անգլիացի գրոսմայստեր Լուկ Մակշեյնից։ Վերջինս վերջին երկու տուրերում եւս իր օգտին հաղթանակներ գրանցեցՙ համապատասխանաբար պարտության մատնելով Հաեմ Էխսանին եւ հունգարացի Ֆերենց Բերկեշին։ 9 միավորով բրոնզե մրցանակակիր դարձավ հնդիկ շախմատիստ, միջազգային վարպետ Գանգուլի Սուրիան։
Առաջնության վերջնագծում չեմպիոնի կոչման համար լարված մրցապայքար ծավալվեց նաեւ աղջիկների մրցաշարում։ Աշխարհի ներկայիս չեմպիոնուհի, հնդիկ շախմատիստուհի Հումպի Կոներուն եւ չին գրոսմայստեր Չժաո Հուն երկուական հաղթանակներ տոնելով, վաստակեցին հավասարՙ 10,5-ական միավոր։ Ոսկե մեդալի բախտը վճռեցին լրացուցիչ գործակիցները։ Չեմպիոնուհի հռչակվեց Չժաո Հուն։ 3-րդ մրցանակակիր դարձավ ռուսաստանցի գրոսմայստեր Նադեժդա Կոսինցեւան, որը նախ հաղթեց հնդիկ Պրաթիբային, ապա վերջին տուրում պարտության մատնեց ավստրիացի Եվա Մոզերին։