«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2002-12-19 | #234, 2002-12-20 | #235, 2002-12-21


ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Դեկտեմբերի 20-ն ազգային անվտանգության համակարգի աշխատողի օրն էր

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Երեկ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգությանՙ վերակազմավորված ծառայությունում կայացավ հանդիսավոր նիստՙ նվիրված համակարգի աշխատողի օրվան։ Ներկա էին Ամենայն հայոց կաթողիկոսը, իշխանական ողջ վերնախավըՙ ՀՀ նախագահի, վարչապետի մասնակցությամբ, նախարարական դասը, գիտության, կրթության ու մշակույթի ճանաչված դեմքեր եւ վերջապես ազգային անվտանգության ծառայության ընտրանու ներկայացուցիչները։ Տոնն արժեւորվեց ազգային անվտանգության մարտական դրոշի ու զինանշանի հաստատմամբ։ Դրոշը ծառայությանը հանձնելու պատիվը վերապահված էր ՀՀ նախագահին։ Ինչպես իր ելույթում նշեց ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կառլոս Պետրոսյանը, առաջին անգամ հրապարակայնորեն գնահատվեց հայրենիքի ու ժողովրդի անվտանգության համար իրենց ծառայության ներդրումը։ Ըստ տնօրենի, վերակառուցման գործընթացներն ավարտվել են, եւ համակարգն այսօր կայացման փուլում է։ Իհարկե, ազգային անվտանգության մարմինները հեշտությամբ չեն վստահություն ձեռք բերել։ Եղել են ե՛ւ հաջողության, ե՛ւ ձախողումների ժամանակներ։ Խորհրդային տարիներին իրականացված բազում ապօրինությունների հիշողությունը հեշտ չէր ջնջել մարդկանց գիտակցությունից։

Այժմ ծառայությունը գործում է բավական դժվար ժամանակահատվածում, երբ փորձում են կայանալ ժողովրդավարական սկզբունքները, եւ երկիրը նոր ընտրությունների նախաշեմին է։ Կառլոս Պետրոսյանը բարձր գնահատեց առանձնապես հատուկ ծառայությունների աշխատանքըՙ օտարերկրյա լրտեսական կառույցների գործունեության բացահայտման ու կանխման գործում։

Տոնի առթիվ շնորհավորելով համակարգի աշխատողներինՙ ՀՀ նախագահն ասաց. «Մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում եւ ունենք Ղարաբաղի չկարգավորված խնդիր։ Դա մեզ ստիպում է մեծ ուշադրություն դարձնել երկրի անվտանգության խնդիրներինՙ մեր քայլերը պիտի համապատասխանեն իրավիճակին։ Մենք այսօր երկիր ենք կառուցում արժեքային նոր համակարգումՙ մի կողմից ժողովրդավարական սկզբունքների խորացում, մյուս կողմից անվտանգության խնդիրներ։ Պիտի կարողանանք այնպես անել, որ մեկը մյուսի հաշվին չիրականացվի, այսինքնՙ անվտանգության խնդիրները լուծենք, ասենք, խոսքի ազատության կամ մարդու իրավունքների սահմանափակման հաշվին»։

Մի քանի օր առաջ պետական կառավարման համակարգի բարեփոխումների շրջանակում ՀՀ նախագահի հրամանագրով ազգային անվտանգության նախարարությունը վերակազմավորվեց ազգային անվտանգության ծառայության։ Փոփոխության իմաստը համակարգը քաղաքական գործընթացներից տարանջատելն էր։ «Ուսադիր կրողն իրավունք չունի քաղաքական պաշտոնյա լինել», ասաց ՀՀ նախագահը։ Ցրելով հնարավոր մտավախությունները, նա հավաստիացրեց, որ կառուցվածքային փոփոխությունը ծառայության ղեկավար կազմի փոփոխություններ չի առաջացնի։

ՀՀ նախագահի հրամանագրով իրենց մասնագիտական տոնի օրը ծառայության մի շարք աշխատակիցներ պարգեւատրվեցին մարտական ծառայության մեդալով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4