Անճշտությունները վերացնելուն օգնում է «Ուրբան» համակարգչային նոր ծրագիրը
Ընտրությունների մասին ՀՀ օրենքի համաձայն, տարին 2 անգամ համայնքներում պիտի վերանայվեն ընտրացուցակները, կանխատեսվեն հնարավոր խախտումները, թերություններն ու ճեղքերը փակելու միջոցներ ձեռնարկվեն։ Թաղապետարաններում արդեն ստեղծվել են հատուկ խմբեր, որոնք կոչված են աջակցելու ԿԸՀ-ինՙ ճշտելու ընտրացուցակները։ Ի՞նչն է բնութագրական նախապատրաստական այս ընթացքի համար։
Նախ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, նոր ընտրացուցակները կազմվում ենՙ նշելով նաեւ ընտրողների ծննդյան տարեթիվը, օրն ու հասցեն։
Այս տարի թաղապետարաններն աշխատում են ներքին գործերի համապատասխան ծառայությունների հետ։ Նրանք անմիջականորեն մասնակցում են գործընթացին, ոչ թե կհայտնվեն անմիջապես ընտրությունների ժամանակ։ Ընտրացուցակներ կազմելուն մասնակցում են նաեւ զագսերը (մահերի գրանցումները ճշտելու համար) եւ զինկոմիսարիատները։ Վերջիններս համայնքներին տվյալներ են տալիս բանակում ծառայող, բանակից վերադարձած երիտասարդների մասին։
Մեծ հույսեր են կապվում համակարգչային նոր ծրագրիՙ «Ուրբանի» ներդրման հետ։ Այն տվյալներ է հավաքում ու մշակում գրանցումից դուրս եկած, նոր գրանցված քաղաքացիների, բանակային ծառայությունն ավարտածների վերադարձի ժամկետների վերաբերյալ։ Նոր ծրագիրը կօգնի նաեւ բացառելու կրկնությունները։ Քաղաքի 10 համայնքներում այս ծրագիրն արդեն կիրառվում է, շաբաթվա ընթացքում կներդրվի նաեւ Շենգավիթի եւ Արաբկիրի թաղապետարաններում։
Եթե նախորդՙ տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցում էին նաեւ փախստականները, ապա գալիք ընտրություններին (ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական) մասնակցելու իրավունք չունեն նրանք, ովքեր դեռեւս Հայաստանի քաղաքացիություն ձեռք չեն բերել։ Այս բավական խճճված խնդիրը լուծելուն եւս կօգնի «Ուրբան» ծրագիրը։ Տեղական ինքնակառավարման նախորդ ընտրություններին զինվորականները չէին մասնակցում, այս անգամ նրանք միանգամից կներառվեն ցուցակների մեջ։ Ընտրություններից 20 օր առաջ դրանք կտրամադրվեն տեղամասային հանձնաժողովներին։
Ընտրություններին կմասնակցեն այն երիտասարդները, ովքեր ծնվել են մինչեւ 1985 թ. փետրվարի 19-ը։ Համակարգչային նոր ծրագիրը կօգնի, որ առանց բարդությունների ու նոր հաշվարկների, ցուցակներում ընդգրկվեն նաեւ նրանք, ում 18 տարին կլրանա հենց ընտրության օրը։ Կրկնական ընտրություններին մասնակցելու իրավունք կունենան այդ ընթացքում 18 տարեկան դարձածները։
Նախորդ ընտրությունների ժամանակ գործում էր 1 քաղաքային ընտրական հանձնաժողովը, որը սպասարկում էր քաղաքի բոլոր 12 համայնքներին։ Այժմ 1-ի փոխարեն 18 ընտրատարածքներում կգործեն 18 հանձնաժողովներ, որոնք կվերլուծեն տեղամասային հանձնաժողովների տվյալները։
Ընտրությունների նախաշեմին ամեն համայնք բնորոշվում է նաեւ միայն իրեն հատուկ պրոբլեմներով։ Նոր Նորքում անհամեմատ հեշտ է աշխատելը, որովհետեւ այստեղ սեփական տնատիրություններ չկան։ Բանն այն է, որ անձնագրային ծառայությունները լիովին չեն տիրապետում սեփական սեկտորի վերաբերյալ ինֆորմացիային, ոչ բոլորն այստեղ անձնագրային քարտեր ունեն։ Նման խնդիր է առկա հատկապես Աջափնյակում, Էրեբունիում, Մալաթիա-Սեբաստիայում։ Այն փորձ է արվում լուծել թաղային լիազորների օգնությամբ։
Այս ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում ընտրողների թիվը 2000-ից չպետք է անցնի։ 3000 մարդու դեպքում կուտակումները երբեմն անխուսափելի էին լինում։ Այս անգամ պատկառելի թվաքանակ են կազմելու ընտրատեղամասերը։ Ըստ քաղաքապետարանի կազմակերպատեսչական բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանի, այսօրվա դրությամբ արդեն կազմավորվել են 422 ընտրատեղամասեր։ Ճշտման ընթացքում են զինվորների քվեարկման համար նախատեսվող տեղամասերը։
Եվ վերջում մի փաստ, որ 1999-ից առ այսօր ընտրացուցակների անցած դժվար ճանապարհի վկայությունն է։ 1995-ի ընտրությունների ժամանակ իրենց ընտրական իրավունքը վերականգնելու համար դատարան էր դիմել մոտ 21 հազար մարդ, տեղական ինքնակառավարման վերջին ընտրությունների ժամանակՙ 2412-ը։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ