Ամիսներ առաջ Eurotel World Chess Irophy-ից շախմատային մրցախաղի առիթով Պրահա էր այցելել Գարրի Կասպարովը։ Չեխական «Լիդովե Նովինի» օրաթերթը բացառիկ հարցազրույց է տպագրել հռչակավոր շախմատիստի հետ։ Ձեզ ենք ներկայացնում բովանդակությունն ըստ «Օրեր» հանդեսի։
Շախմատը, Կասպարովի կարծիքով, հոգեբանական խաղ է, որին հատուկ պատրաստվելու համար չկա որեւէ «ունիվերսալ դեղատոմս»։ Ինքը քննարկում է շախմատային պարտիաները, վերլուծում հակառակորդների խաղը եւ եզրահանգումների գալիս։ Լավ շախմատ խաղալու համար հանճարեղություն չի պահանջվում եւ ոչ էլ բարձր ինտելեկտ, այլ ընդամենը չափազանց մեծ տրամաբանություն։ Բայց նա բացառություն է, որովհետեւ շատ ժամանակ է տրամադրում ինքնակրթությանը։ Այն հարցին, թե գաղտնի ծառայությունները փորձե՞լ են օգտագործել իր վերլուծական կարողությունները, շախմատիստը պատասխանել է, որ իր մտքով անգամ չի անցել կարողություններն օգտագործել նման բաների մեջ։ Կասպարովի համար շախմատը մաթեմատիկորեն անվերջանալի խաղ է. կարեւոր է դիմադրելու կարողությունը եւ հակառակորդին «ստիպել» ավելի շատ սխալվել։ Չպետք է անմիջապես աչքի ընկնել հաղթանակի հասնելու ցանկությամբ. ինքը նախընտրում է դինամիկ խաղը։
Հարցազրույցի երկրորդ մասը վերաբերում է Կասպարովիՙ շախմատի աշխարհ գրեթե առասպելական մուտքին եւ արյունակցական ծագման, անձնական մանրամասներին, որն առավել հետաքրքրական է։
6 տարեկանից նա տանն ուշադրությամբ հետեւել է ծնողների խաղին, սովորել նրանցից, եւ կանխավ գուշակել կատարվելիք քայլերը։ Հայրը մահացել է սպիտակարյունությունից, երբ ինքը 7 տարեկան էր, նրան հիշում է շատ աղոտ։ Հոր ազգանունը Վայնշտեյն էր։ Հոր մահից հետո Գարրին ընդունել է մոր ազգանունը։ Լրագրողի այն հարցին, թե ունեցե՞լ է խնդիրներ հոր հրեա լինելու հանգամանքի հետ, Կասպարովը պատասխանում էՙ «Ոչ։ Պարզապես հորս մահից հետո ինձ պահել ու մեծացրել են մայրս եւ նրա հայրը։ Ես արդեն համարվում էի նրանց ընտանիքի անդամը։ Պապս ուներ երեք աղջիկ եւ, փաստորեն, ոչ մի հնարավորություն չուներ իրենից հետո իր ազգանունը պահպանելու։ Այս հարցով մայրս խորհրդակցեց հորս ազգականների հետ, որոնք այնքան էլ հիացած չէին նրա առաջարկից, բայց եւ կտրականապես չմերժեցին։ Չնայած այդ տարիներին, երբ ԽՍՀՄ-ն ապրում էր ծաղկումային ժամանակաշրջան, ինձ համար այնքան էլ շահավետ չէր հրեական ազգանունը վերափոխել հայկականի»։
Իսկ թե Կասպարովն իրեն որ ազգությանն է դասում, շախմատիստն ասում է. «Հայրս հրեա էր, մայրսՙ հայուհի։ Ես ապրում եմ Մոսկվայում։ Մայրենի լեզուս ռուսերենն է, ստացածս դաստիարակությունն ու կրթությունը ռուսական են։ Իմ արյունակցական ծագման հարցն ինձ այնքան էլ չի անհանգստացնում։ Իսրայելին աջակցում եմ նույնքան ինտենսիվությամբ, որքանՙ Հայաստանին։ Ու թեեւ երկու երկրներն էլ ինձ հոգեհարազատ են, երբեք չեմ մտածել նրանցից մեկում ապրել»։
Գարրի Կասպարովը քաղաքական ընդդիմադիր կեցվածք ունի, սուր քննադատական վերաբերմունք է ունեցել խորհրդային ռեժիմին։ Լավ կոմունիստ հասկացություն չի ընդունում, կարծում է, որ գոյություն չունի ավելի վատ բան, քան կոմունիզմը (ֆաշիզմից հետո իհարկե, որոնք արյունակից եղբայրներ են)։
Հոգեւոր, կրոնական հարցերում թերեւս հստակ կողմնորոշված չէ։ Բառացիորեն հավատացյալ չէ, բայց ոչ էլ աթեիստ է։ Կարծում է, որ հավատքը մարդուն զերծ է պահում իր անձը կորցնելուց։ Հավատում է ճակատագրի նախախնամությանը։ Ընտրության դեպքում գերադասելին իր համար քրիստոնեությունն էՙ որպես ամենահանդուրժողական կրոն։
Շախմատի պատմության մեջ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնի մասին չեխական թերթում զետեղված հոդվածի նախաբանում ասվում է. «Վեց տարեկանում արդեն վերլուծում էր ծնողների խաղացած շախմատային պարտիաները։ Մրցախաղերին նախապատրաստվելու ժամանակ ոչինչ չի թողնում պատահականությանը։ Քայլ առ քայլ սովորում է հակառակորդի խաղը եւ կյանքի գնով հասնում իր հաղթանակին։ Այս 39 տարեկան «ադրբեջանցին» ունի լայն մտահորիզոն եւ գերազանց գիտելիքներ...»։
Մ. Բ.