Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի այս տարվա վերջին լիագումար նիստը։
Քանի որ առողջական վիճակի պատճառով վարչապետ Անուշավան Դանիելյանը չկարողացավ մասնակցել նիստին, ուստի պատգամավորները որոշ ժամանակով հետաձգեցին «ԼՂՀ կառավարության գործունեության ծրագրի մասին» եւ «Հարցեր կառավարությանը» օրակարգային հարցերըՙ հետագայում դրանց անդրադառնալու պայմանով։
«ԼՂՀ 2002 թ. պետբյուջեի 9 ամսվա կատարման մասին» տեղեկատվությամբ հանդես եկավ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը։
Հաջորդ հարցը «ԼՂՀ 2003-2005 թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» էր։ Օրենքի նախագիծը պատգամավորների ուշադրությանը ներկայացրեց ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Բենիկ Բաբայանը։ Լսվեց նաեւ հարցի կապակցությամբ գլխադասայինՙ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Առաջարկություն եղավ ուղեւորափոխադրումների հետ մեկտեղ բեռնաշրջանառության հետազոտման դրույթը եւս ամրագրել օրենքում։ Խորհրդարանն ընդունեց օրենքն ամբողջությամբ։
Քննության առնվեց նաեւ «ԼՂՀ պետական եւ հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը։ ԼՂՀ փոխվարչապետ, արտադրական ենթակառուցվածքների զարգացման եւ քաղաքաշինության նախարար Յուրի Ղազարյանը անհրաժեշտ գտավ, բնակարանների սեփականաշնորհումը, գործընթացն ավարտին հասցնելու անհրաժեշտությունից ելնելով, երկարաձգել մինչեւ 2004 թ. հունվարի 1-ը։ Օրենքն ամբողջությամբ ընդունվեց։
Այնուհետեւ խորհրդարանը հաստատեց ԱԺ Վերահսկիչ պալատի կանոնադրությունն ու 2003 թ. գործունեության ծրագիրը։
Առանց տարաձայնությունների ընդունվեցին «ԼՂՀ ԱԺ կանոնակարգի» օրենքի վերաբերյալ հանրապետության նախագահի առարկություններն ու առաջարկությունները, որոնք խորհրդարանին ներկայացրեց ԼՂՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ Նարինե Նարիմանյանը։
Վերջում խորհրդարանը դռնփակ քննարկեց օրակարգով նախատեսված այլ հարցեր։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ