«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2002-12-25 | #238, 2002-12-26 | #239, 2002-12-27


ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Նախընտրական իրավիճակը Հայաստանում սոցիալական, հոգեբանական, քաղաքական եւ իրավական տեսանկյուններից» թեմայով երեկ Թեքեյան կենտրոնում քննարկում անցկացրեց «Փսիխեա» հոգեկան առողջության ընկերությունը։ Լսվեցին 2 հիմնական զեկույցներ։ Նախընտրական իրավիճակի հոգեբանական վերլուծությունը ներկայացրեց հոգեբան Սամվել Խուդոյանը, իսկ սոցիոլոգիական հետազոտություններըՙ հայկական սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի նախագահ Գեւորգ Պողոսյանը։

Խոսելով զարգացած երկրներում, մասնավորապես Մ. Նահանգներում լայնորեն տարածված նախընտրական տեխնոլոգիաների մշակման ու կիրառման մասին, որը հնարավորություն է տալիս վերացնելու ուժային մոտեցումը ընտրություններում, պրն Խուդոյանն առանձնացրեց թեկածուների ճանաչման գիտական եւ կենցաղային տեսակետները։ Գիտական մոտեցմամբ ընտրողները կարեւորում են ընտրվողի գաղափարական եւ հոգեկան առանձնահատկությունները, իսկ կենցաղային մոտեցմամբ հենվում են սոսկ արտաքին տպավորությունների վրա, որ հիմնականում խաբուսիկ են լինում։ Հոգեբանական վերլուծությունները նախընտրական շրջանում հնարավորություն են ստեղծում ճանաչելու ընտրվողների հոգեբանական ու բարոյական գծերը։ Դա ստիպում է լիդերներին ավելի սերտ կապեր հաստատել ժողովրդի հետՙ նրա վստահությունն ու հավատը շահելու համար։ Մեզանում գործում է գովազդային մոտեցումը, որը հաճախ հակագովազդ է առաջացնում։ Մեր հասարակության մեջ առանձնապես նկատելի են երկու հիմնական բնորոշ գծեր, որոնցից առաջինը իշխանությունների նկատմամբ ժողովրդի ընդգծված օտարոտի վերաբերմունքն է։

Հասարակությունն անտարբեր է ընտրությունների հանդեպ, քանզի չի հավատում դրանց արդարացիությանը։ Ինչպես եւ հատուկ է անցումային շրջանում գտնվող երկրներին, ժողովրդի մի մասն այսօր վախենում է փոփոխություններից, մյուս մասըՙ ձգտում։ Ընդդիմության թուլությունը նա բացատրեց ուժեղ իշխանությունների առկայությամբ։ Սակայն իշխանությունները, գերօգտագործելով իրենց ուժը եւ հաշվի չառնելով նուրբ հոգեբանական պահերը, կարող են կանգնել բարդ խնդիրների առջեւՙ ընդհուպ կորցնել իշխանությունը։ Այս առումով նա հիշեցրեց Վանո Սիրադեղյանի հայտնի խոսքերը. «Մեր դեմ խաղ չկա»։ Ուժի իշխանությունը մեծացնում է ընդդիմության ագրեսիան։ Նա հանդես է գալիս հուզական մոտեցմամբՙ կյանքը ներկայացնելով միմիայն սեւ գույներով, որն ունենում է ճիշտ հակառակ ներգործություն եւ կորցնում ժողովրդի հավատը։ Մինչդեռ ժողովուրդը նախընտրում է սթափ ու ճշմարիտ խոսքով ներկայացողներին։

Անդրադառնալով ընտրվողների վարկանիշին, նա նախագահի 15 թեկնածուներին առանձնացրեց որպես ռեալ եւ ոչ ռեալ լիդերների։ Առաջին խմբում են Վազգեն Մանուկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Արամ Սարգսյանը, որոնք, նախկինում պաշտոնյաներ լինելով, ծանոթ են մեր հասարակությանը, որը նրանց մասին կարող է ունենալ թե դրական, թե բացասական կարծիքներ։ Օրինակ, Արամ Սարգսյանը, թեպետ գործող նախագահի հետ կարողացավ պահպանել երկրի կայունությունը, սակայն վարչապետի պաշտոնից հրաժարվելով ժողովրդի մեջ առաջացրեց բացասական կարծիք, թերահավատություն։ Նախընտրական իրավիճակում գործող հոգեբանական մյուս երեւույթը նա համարեց ժողովրդի վերաբերմունքի փոխանցումը, ինչպես Ստեփան Դեմիրճյանի ու Արամ Սարգսյանի դեպքում։ Ընդ որում, որքան մեծ է նմանությունը, այնքան ուժեղ է վերաբերմունքի փոխանցման տոկոսը։

Սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը համառոտակի խոսեց նախընտրական փուլում անցկացրած վերլուծությունների եւ հետազոտությունների մասին։ Նրա կարծիքով, մինչեւ հունվարի 31-ը նախագահական ընտրություններին մասնակցող 15 թեկնածուներից մի քանիսը դուրս կգան ընտրապայքարից։ Նրանցից շատերը ոչ թե ընտրվելու խնդիր են դնում, այլ ճանապարհ են հարթում ԱԺ ընտրություններում հաղթելու համար։ Թեկնածուներին նա բաժանեց 3 խմբի. առաջինում գործող նախագահն է, որի վարկանիշն այսօր բավականին բարձր է, երկրորդումՙ քառյակը (Արտաշես Գեղամյան, Վազգեն Մանուկյան, Ստեփան Դեմիրճյան, Րաֆֆի Հովհաննիսյան), իսկ երրորդը մնացած խումբն է, որի վարկանիշը չի անցնում 5 տոկոսից։ Նրա համոզմամբ, թեժ պայքար է ծավալվելու երկրորդ խմբի թեկնածուների միջեւ։ Իսկ երրորդ խումբն իր հերթին 2 մասի է բաժանվում, քանի որ կան ժողովրդին ծանոթ եւ բոլորովին անծանոթ անուններ։

Սոցիոլոգիական հարցումների արդյունքները մայրաքաղաքում նույնն են, ինչ մարզերում։ Այսօրվա տվյալներով, գործող նախագահի օգտին կքվեարկի 30¬32 տոկոսը, մնացածը կստանան ընդամենը 5 տոկոսը։ Պրն Պողոսյանը ընդգծեց, որ ընտրողները տեղեկություն են ստանում հիմնականում հեռուստատեսությունից, հատկապես Հայաստանի տարածքով մեկ սփռվող Հանրային եւ «Պրոմեթեւս» հեռուստաընկերություններից։ Նա մեջբերեց Ռուսաստանում տարածված կարծիքը, թե ովքեր իշխում են հեռուստատեսությանը, նրանք էլ հաղթում են։ Այս առումով ընդդիմության հնարավորությունները շատ սահմանափակ են։ Սոցիոլոգիական վերլուծությունները վկայում են, որ հայ ընտրողն ընտրում է անձին եւ ոչ թե կուսակցությանը։ Այսօրվա բազմակուսակցության խնդիրը, նրա կանխատեսմամբ, կլուծվի առաջիկա 10¬15 տարվա ընթացքում։ Նա անչափ կարեւորեց էլեկտրոնային ընտրություններին անցնելու անհրաժեշտությունը, քանի որ ընտրությունների նկատմամբ չափազանց քիչ է ժողովրդի հավատը, նա դեռեւս չի գիտակցում քվեարկության իր իրավունքը։ Սոցիոլոգիական հետազոտությունների նկատմամբ հասարակության մեջ եղած թերահավատությունը նա բացատրեց այն հանգամանքով, որ Հայաստանում դեռեւս չի գործում օրենք, որով նրանց կտրվի լիցենզիա եւ կմեծացնի պատասխանատվությունն ու հավատ կապահովի նրանց նշած տվյալների հավաստիության նկատմամբ։ Իսկ մինչ օրենքի ստեղծումը միայն ժամանակի ընթացքում կարելի է համոզվել, թե դրանցից որն է ավելի հստակ ու ազնիվ գործում։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4