«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2002-12-25 | #238, 2002-12-26 | #239, 2002-12-27


ՀԵՔԻԱԹԻ ՁՄԵՌ ՊԱՊԸ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՆ ՆՎԻՐԵՑ ԵՐԿՈՒ ԳՅՈՒՂ

Իրականում հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակը խաղաղ է ու հանգիստ

Դեկտեմբերի 25-ին ադրբեջանական առաջատար ANS, Space եւ Lider հեռուստաընկերությունները, իսկ երեկ Բաքվի բոլոր օրաթերթերը տարածել են լրատվություն, թե իբր ադրբեջանական բանակն ազատագրել է հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Ղազախի շրջանի 14 գյուղերից երկուսըՙ Բաղանիս-Այրումը եւ Ակսիպարան, վերահսկողության տակ առել Նոյեմբերյան-Երեւան ավտոմայրուղու որոշ հատվածներ։ Տարածած լրատվության մեջ նշվում է, թե հարձակման ընթացքում ադրբեջանական բանակը կորուստներ չի կրել, իսկ հայկական կողմի առաջարկություններըՙ անհապաղ սկսել բանակցություններ, Ադրբեջանը մերժել է։ Ադրբեջանական լրատվամիջոցները, լավ իմանալով իրենց պետության բանակի ուժը, իհարկե, չեն հավատացել, թե հնարավոր է հայերից երկու գյուղ գրավել։ Կապվել են Ղազախի շրջանի ղեկավար Ասադ Օրուջովի հետ, որը եւ հաստատել է տեղեկությունը, հավելելով, որ երկու գյուղերն ազատագրվել են մոտ 20 օր առաջ, ադրբեջանական կողմը չի ցանկանում դա շատ գովազդել։

«Էխո» թերթը հարցականով գրում է. «Ղազախի շրջանի վեց գյուղեր ազատագրվե՞լ են»։ Թերթին հաջողվել է կապվել իրազեկ ռազմական աղբյուրների հետ, որոնք հաստատել ենՙ այո՛, ադրբեջանական կործանիչ եւ փառապանծ բանակն ազատագրել է Բաղանիս-Այրումը եւ Ակսիպարան, վերահսկողության տակ վերցրել Նոյեմբերյան-Երեւան ռազմավարական ճանապարհի որոշ հատվածներ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Ռամիզ Մելիքովը «Էխոյին» հայտնել է, որ նման տեղեկություն չունի։

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Նախ, վարչականորեն Ղազախի շրջանին պատկանող 14 գյուղ չի գտնվում հայկական ուժերի վերահսկողության տակ, այլ 4 գյուղ ընդհանուր այնքան տարածքով, որքան ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող Արծվաշենի տարածքն է։ Ինչ վերաբերում է իբր «ազատագրված» երկու գյուղերինՙ Բաղանիս-Այրումին եւ Ակսիպարային, ապա, այո՛, դրանք գտնվում են հայկական ուժերի վերահսկողության տակ 1991 թվականից մինչեւ այսօր։ Այդ գյուղերով է անցնում Նոյեմբերյան-Երեւան ճանապարհը, եւ այդ հատվածն այնպես է ամրացված, որ ադրբեջանական բանակը պարզապես անկարող է իր դիրքերից մեկ մետր անգամ առաջ շարժվել։ Նոյեմբերյան-Երեւան ճանապարհը բաց է, ավտոբուսներն ու մյուս մեքենաներն աշխատում են։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4