Աշխատանքային ներդաշնակություն, բարոյականություն, մշակույթ
Հայաստանում հատուկենտ ձեռնարկություններ են կարեւորություն տալիս աշխատանքային մշակույթինՙ ներքին մթնոլորտին, աշխատակիցների տրամադրության միջոցով արդյունավետությունը բարձրացնելու մեթոդներին։ Սովորաբար մեր ձեռնարկություններում տնօրենը կամ ղեկավարն է իր կաբինետը պերճաշուք կահավորումՙ արհամարհելով աշխատակիցների պայմանները, տրամադրությունը, ներքին մթնոլորտը։ Ստորեւ լույս տեսնող հոդվածն աշխատանքային մշակույթը գնահատող մեր բացառիկ ձեռնարկություններից մեկի մասին է, որտեղ բացի կահավորանքից եւ ուրիշ հարմարություններից ընդգրկվել են նաեւ գեղանկարներ, ոչ թե վերնիսաժային ռաբիս, այլ արվեստի իսկական գործեր։
«Հայկական ծրագրեր» ընկերությունն իր գործունեությունը սկսել է 1987 թ.։ Ամենահին մասնավոր կազմակերպություններից մեկը Հայաստանում, որ իր կայացման 15-ամյա ճանապարհին ունեցել է դժվարին պահեր, հաղթահարել շատ փորձություններ։ Այսօր արդեն «Հայկական ծրագրերը» կայացած ընկերություն է, որի համակարգային սպասարկում ծառայությունը (բանկային եւ հաշվապահական) հնարավորություն է տալիս ունենալ ժամանակակից բիզնեսին համահունչ եւ արդյունավետ կազմակերպված ինֆորմացիոն համալիր։ Համակարգային ծառայությունը ներառում է բազմաթիվ ծառայություններՙ ցանցային, ծրագրային եւ ապարատային սպասարկում, հաշվապահական ծրագրեր, սերվերների սպասարկում, ինտերնետ պաշտպանություն վիրուսներից, տեխնիկական խորհրդատվություն։
«Հայկական ծրագրերը» 2002-ին ստացավ աշխարհում ծրագրային ապահովման Microsoft առաջատար ընկերության «սերտիֆիկացված գործընկեր» կարգավիճակ։
Աշխատանքային սկիզբ, որոնումների շրջան
Իմ զրույցը ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանի հետ «Հայկական ծրագրերի» 15-ամյա գործունեության մասին է, առավելապես կազմակերպության ներքին կարգուսարքի, աշխատակիցների համախմբվածություն, ներդաշնակ մթնոլորտի, որ կարելի է աշխատանքային մշակույթ անվանել։
Ընկերությունն անցել է նորաստեղծ կառույցին բնորոշ նախնական ճանապարհ, սկզբում աշխատել ըստ պատվիրատուի առաջարկների։ Ընկերության համար ամենադժվարին տարիներից սկսած, երբ ոչինչ գրեթե չուներՙ ո՛չ տեղ, ո՛չ կոմպյուտերային համակարգ, ո՛չ պատվեր, այս գործի շուրջ համախմբված անձինք ունեին հստակ նպատակՙ դառնալ Հայաստանի լավագույն ձեռնարկություններից մեկը, ինչն այդ տարիներին անհավանական էր թվում։ Ըստ պրն Խաչատրյանի, իրենց բախտը բերեցՙ նախ եւ առաջ այդ նպատակի շուրջ համախմբված համախոհ մարդկանց սկզբունքային մոտեցումների, իսկ առավելաբար մարդկային որակների շնորհիվ։ Փորձը ցույց է տալիս, որ որեւէ կազմակերպության կամ գործի հաջողության գրավականն այնքան գործի ուղղվածությունը չէ, որքան մարդկանց բնույթը։ «Հիմա հասկանում եմ, որ այն ջահել սերունդը, որ հավաքվեց այդ տարիներին, ամեն ինչ էր», ասում է պրն Խաչատրյանը։ «91-92-ին հստակեցվեց մեր ուղղությունըՙ բանկային եւ հաշվապահական համակարգերի ծրագրավորում եւ դրանց ներդրում, սպասարկում, ուսուցանում։ Այժմ ունենք 6 պատրաստի ծրագրերՙ 3 բանկային ոլորտին վերաբերող եւ 3 հաշվապահականՙ բոլորը վերջին տեխնոլոգիաներով գրված։ Ամբողջ ԱՊՀ տարածքում նման 3-4 ծառայություններ են գործում։ Փաստաթղթաշրջանառության տեխնոլոգիան Մոսկվայում, օրինակ, մի քանի հարյուր ընկերություններից 4-5-ը հաղթահարեցին, ինչը մեզ եւս հաջողվեց։ Այսօր մենք արժեք ենք ներկայացնում Հայաստանի համար, թեեւ կառավարության մեջ քչերն են տեղյակ։ Տիրապետում ենք բանկային շուկայի 50 եւ խոշոր հիմնարկների 70-80 տոկոսին»։
Կադրային հարցը, աշխատանքային մթնոլորտ
Ըստ պրն Խաչատրյանի, ընկերության համար լուրջ, սկզբունքային հարց է կադրերի ընտրությունը։ Հասկանալով մարդկային ռեսուրսների կարեւորությունըՙ ընկերությունն աշխատանքի է ընդունում լավագույններինՙ հիմնականում պետհամալսարանի 3-4-րդ կուրսի գերազանցիկ ուսանողներինՙ դասախոսների երաշխավորությամբ։ Նրանք անցնում են փորձաշրջան եւ, փոխադարձ բավարարվածության պարագայում, դառնում են «Հայկական ծրագրերի» աշխատակից։ Ընկերությունն ունի 50 աշխատակից, տասը տարիների ընթացքում նրանցից միայն մեկն է տեղափոխվել։ Կազմակերպությանը հաջողվել է ստեղծել աշխատանքային լավագույն պայմաններ։ Հարմարավետ, ընդարձակ, լուսավոր, տաք աշխատասենյակներՙ ընտիր կահավորվածՙ աչք շոյող մաքրությամբ։ Ունեն գրադարան, որտեղ մասնագիտական գրքերից բացի տեղ է գտել նաեւ գեղարվեստական գրականություն։ Ներսում գործում է ճաշարանՙ վարպետ խոհարարով։ Աշխատակիցները ճաշում են միասին, հաճելի մթնոլորտում։ Սակավ հանդիպող երեւույթ մեզանում, երբ աշխատանքային խմբի ներսում բացակայում են կոնֆլիկտային, անհանդուրժողական մթնոլորտը, տհաճ հարաբերությունները, ընդհակառակը տիրում է բարյացակամ վերաբերմունք միմյանց միջեւ, ընդ որում յուրաքանչյուրը սատարում է եւ շահագրգռված է կողքինի աշխատանքային հաջողությամբ, որովհետեւ հասկանում է, որ դա նաեւ իրենն է։
Արվեստը գործնականՙ աշխատանքային մթնոլորտում
Արժեքային ընդհանուր համակարգում կարեւորելով մարդկային առողջ հարաբերություններըՙ պրոֆեսիոնալիզմը եւ սկզբունքայնությունը, ժամանակի ընթացքում աշխատանքային առաջընթացն ապահովելու նոր գործոններ են ծնվում։ Սա տրամաբանական շարունակություն է սկսածի։ Նեղ մասնագիտացումը դեռեւս բավարար պայման չէ։ Եվ ահա ընկերությունը կազմակերպում է դասախոսությունների շարք իր աշխատակիցների համար, երկուական ամսովՙ շաբաթական 2 անգամ, կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ գենետիկայի, կրոնի եւ արվեստի պատմության։ «Այդ ժամանակ մեզ մոտ հայտնվեցին Արա Գուրզադյանի նկարները։ Երբ մի ցուցահանդեսի առիթով տարավ, աշխատակիցներս պահանջեցին նկարները հետ բերել, սովորել էին եւ իրենց համար բաց տեղ էր առաջացել։ Զգացինք, որ հիմնարկը կարիք ունի ավելի լիարժեք գործունեության եւ ներդաշնակ միջավայրի։ Որոշեցինք կոմպյուտերային ծրագրային գուրզադյանական միջավայր ստեղծել։ Նկարներից երեքն արված են հատուկ մեզ համար»։
Աշխատակիցների կարծիքներից
«Գեղանկարները նորություն եւ թարմություն են առաջացրել։ Թույլ են տալիս համակարգչային բարդ տեխնոլոգիաներից շեղվել եւ մոտենալ գեղեցկությանը։ Այս աբստրակցիան ամեն անգամ մի նորությամբ է մեզ հայտնվում, լիցքաթափվելու հնարավորություն տալիս»։
Մկրտիչ Աղախանյան (տնտեսագետ)
«Դիզայնի տեսակետից փոխվել են աշխատասենյակները։ Հաճելի է գլխավերեւում տեսնել, գուցե անսովոր, բայց հետաքրքրական նկարներՙ տրամադրություն ստեղծող եւ դրական լիցքեր հաղորդող»։
Գայանե Գարաքյան (տնտեսագետ)
«Նկարները շատ տարբեր են ոչ միայն միմյանցից, այլեւ իրենք իրենցից։ Նրանք ամեն անգամ փոխվում են, շատ հաճախ տրամադրություններիս արձագանքներն եմ այնտեղ գտնում։ Կտխրեմ, եթե տանեն, դատարկություն կլինի, որովհետեւ հոգեւորի հետ կապ է ստեղծվում նկարների միջոցով»։
Արյուսակ Սարգսյան (շուկայավարության պատասխանատու, թարգմանիչ)
«Կարծում եմ մատչելի չեն։ Աբստրակցիան, եթե մաթեմատիկա չէ, հասկանում է ճշգրիտ միայն նա, ով ստեղծում է, քանի որ մարդու ներքին աբստրակցիան ինդիվիդուալ է։ Իհարկե, բոլոր նկարները չեն, որ անհասկանալի են, կան այնպիսիք, որտեղ մի բան ունենք միասին հասկանալու, սրանք գործեր են, որ ստեղծված են ավելի լայն շրջանակի համար»։
Արա Զաքարյան
Պատկերը չէր ամբողջանա, եթե չզրուցեի «Հայկական ծրագրերի» աշխատանքային մթնոլորտն իրապես փոխած եւ տրամադրություն ստեղծած նկարների հեղինակիՙ Արա Գուրզադյանի հետ։
¬ Խնդիրն այն է, որ տեղի է ունենում ընտելացում այս տիպի գեղարվեստական մտածելակերպին, որը, փաստորեն, իր տարածքիցՙ արվեստանոցային միջավայրից, դուրս է գալիս եւ այստեղ արդեն դառնում սոցիալական փաստ, մտնում մարդկանց գիտակցության մեջ վիզուալ ընկալողության շնորհիվ։ Շատերն այսպիսի արվեստին վերապահումով են մոտենում, սակայն ժամանակի ընթացքում տեղի է ունենում ադապտացիա, մարդիկ սկսում են կապվել այդ գործերին։
Կարեւորն ինքնին փաստն է, որ աշխատանքային միջավայրն է փոխվում։ Ստեղծագործությունը մտնում է իր համար օտար միջավայր, որտեղ այդ իմաստը, անգիտակցական, ենթագիտակցական մակարդակի վրա, որով նա ստեղծվել է, անկասկած, հաղորդվում է դիտողին։ Որեւէ ստեղծագործություն, որն արժեք ունի, այսինքնՙ ստեղծված է իրական հոգեւոր իմպուլսներից, մարդուն գցում է ստեղծագործական վիճակի մեջ։ Արվեստն արվեստի կարգավիճակից դուրս է գալիս եւ մտնում աշխատանքային մթնոլորտ։
Ցավոք սրտի, ընդունված է նկարները միշտ թանգարաններում, ցուցասրահներում տեսնել, եւ մեզ համար ընդունված չէ լուրջ արվեստը տեսնել գործնական միջավայրում։
Իմ նպատակներից մեկն էր իրենց գիտակցության մեջ արթնացնել այդ թրթիռն արվեստի նկատմամբ, բնականաբար, չեմ կարող ակնկալել, որ լրջորեն կզբաղվեն, բայց համոզված եմ, որ հետաքրքրություն առաջացել է։ Կարեւոր է նաեւ ընկալողական կուլտուրան, որ եւս ստեղծագործական որակ է, զարգացնել, իսկ ակնկալվող կողմնակի արդյունքը աշխատակիցների կոնկրետ գործունեության վրա ունեցած դրական ազդեցությունն է։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ