2002 թվականի Երեւանն ամփոփվեց ցուցանիշներում
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Եթե 2001 թ. քաղաքաշինական ծրագրերի ու խնդիրների առաջադրման տարի էր, ապա 2002-ը դարձավ դրանց իրականացման եւ կոնկրետ գործերի տարի», այսպես բնորոշեց Երեւանի քաղաքապետը մայրաքաղաքի կենսագործունեության հիմնական ուղղությունն անցնող տարում։ Այդ գործերի թվում են Հյուսիսային պողոտայի, Հյուսիսային ճառագայթի կառուցման, «Լինսի» հիմնադրամի միջոցներով Երեւանի 12 փողոցների եւ 28 մշակութային օջախների վերակառուցման ծրագրերը։ Նախորդ տարվա 37,7 մլրդ դրամի փոխարեն այս տարի կատարվել են 53 մլրդ դրամի շինմոնտաժային աշխատանքներ։ 184 փողոցներում վերականգնվել է արտաքին լուսավորությունը։ 2002-ին շահագործվել են նաեւ 14 հազար 600 քմ ընդհանուր մակերեսով բնակելի շենքեր։
Դրական շարժեր արձանագրվեցին ջրամատակարարման ասպարեզում։ 983 շենքեր անցան 12-ժամյա, ողջ Դավիթաշենը շուրջօրյա ջրամատակարարման գրաֆիկի։
Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների աշխուժացման արդյունքում 1 մլրդ 200 մլն դրամի եկամուտներ են արձանագրվել։
Առանձնացնելով այս փաստը, ՀՀ նախագահն այնուամենայնիվ նշեց. «Ցուցանիշների աճը զգալի է, բայց ակտիվացման տեղ դեռ շատ կա»։ Սակայն թե շինարարության, թե կրթության, առողջապահության, մշակույթի եւ այլ ասպարեզների վերաբերյալ փաստաթվային ամփոփումներից առավել շատ նախագահին հետաքրքրում էր այդ ցուցանիշների հետեւում ապրող երեւանցու վիճակը։ Կոնդեցիներին բնակարանով ապահովելու խնդիրն, օրինակ, փոխանցվում է մի տարուց մյուսը։ Դեռ 172 ընտանիք բնակարանի կարիք ունի։
Խուլ բողոքներ են առաջացնում հողահատկացումների, շինարարություններ սկսելու համար թույլտվություններ ստանալու ընթացքում բյուրոկրատական քաշքշուկները։ Նախագահն առաջարկեց կյանք տալ «1 պատուհանից» օգտվելու գաղափարին, երբ քաղաքացին ստիպված չի լինի տարբեր վարչությունների դռները ծեծել, իսկ թույլտվություն ստանալու գործընթացը ոչ թե 3¬4 ամսում, այլ 1 շաբաթում կավարտվի։
Ի դեպ, ինչպես նշեց քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, հողահատկացումների վերաբերյալ դիմում-առաջարկների ահռելի հոսք կա սփյուռքիցՙ Մոսկվայի գործարարները քաղաքի մի հատվածում ուզում են իրենց թաղամասը ստեղծել, ձեւավորման ընթացքում է կանադական թաղամասը։ Շինհրապարակները Կենտրոնից աստիճանաբար տեղաշարժվում են դեպի մյուս համայնքներըՙ Ավան, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա։ Շինարարությունը բիզնես է դառնում։
Նախագահը հատուկ անդրադարձավ քաղաքը ջեռուցելու ցավոտ խնդրին։ Նա հայտնեց, որ 2003 թ.-ին լիովին կփոխվի այս ասպարեզի ռազմավարությունը։ Ծրագիր կա անցնելու լոկալ ջեռուցման համակարգի, երբ ամեն շենք կամ երկուսը ջեռուցման սեփական փոքր սիստեմ կունենան։ Գալիք 2003 թ.-ին այս ծրագրի իրականացումը հայտարարվելու է իբրեւ գերակայություն, իսկ ավարտը նախատեսվում է 2¬3 տարուց։