«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2002-12-26 | #239, 2002-12-27 | #240, 2002-12-28


ԱՆՑՆՈՂ ՏԱՐՎԱ ԱԶԳԱՅԻՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երրորդ հանրապետության պատմության մեջ 2002-ը ամենակայուն, առաջընթացի տարին էր

Անուղղելի հոռետեսներն անգամ նկատում են, որ 2002 թ. մեր կյանքը մի քիչ, թեկուզ շատ քիչ, բարելավվել է։ Չենք կարող պնդել, թե հանրապետությունում վերջին 2-3 տարիներին արձանագրած տնտեսական աճը, մի քանի հազար աշխատատեղերի վերականգնումը, նոր ձեռնարկությունների հիմնադրումը, օտարերկրյա ներդրումների նկատելի աճն ուղղակիորեն ազդել են շարքային քաղաքացուՙ գյուղացու, բանվորի կյանքի բարելավմանը, որ հայ մարդու դեմքին ավելացել է ժպիտը կամ հայն այլեւս իր բարեկեցությունը չի փնտրում պանդխտության մեջ։ Չարորակ քաղցկեղի պես երկիրը մաշող արտագաղթի ծավալները կարծես թե նվազել են, կարծես թե չկա սեփական տունը Լոս Անջելեսի ինքնաթիռի երկու տոմսով փոխանակող եւ հայրենիքից փախչող հայը։

2002 թ. Հայաստանում, ԼՂՀ-ում եւ սփյուռքում տեղի ունեցան ազգային-քաղաքական բազմաթիվ իրադարձություններ։ Դրանցից առանձնացրել ենք չորսըՙ իրենց կարեւորությամբ եւ հնչեղությամբ. Հայաստան-սփյուռք երկրորդ խորհրդաժողով, ԼՂՀ նախագահական ընտրություններ եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթաց, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգային տուրքի հեռուստամարաթոն, Բեթղեհեմի վանքապատկան Ձիթենյաց այգիների զավթում։ Բացի վերոնշյալներից, տեղի ունեցան արժանահիշատակ այլ իրադարձություններ, որոնց անդրադառնում ենք մեկական պարբերությամբ։

- Հանրապետության նախագահը տարվա ընթացքում պաշտոնական այցերով եղավ Տաջիկստանում, Կիրգիզիայում, Սլովակիայում, Ավստրիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, ԱՄԷ-ում, Քաթարում, Բելառուսում։ Ռոբերտ Քոչարյանը շրջայցեր կատարեց հանրապետության բոլոր մարզերում։

- 2002 թ. հանրապետություն ժամանեցին Ուկրաինայի նախագահ Լ. Կուչման, ՌԴ առաջին նախագահ Բ. Ելցինը, ՌԴ գործող նախագահի տիկինը, տարբեր մակարդակների պատվիրակություններ աշխարհի մի քանի տասնյակ երկրներից։

- Հունվարին ԱՄՆ նախագահ Բուշը ստորագրեց Ազատության աջակցության ակտի 907 ուղղումը ժամանակավորապես կասեցնող փաստաթուղթ։ Այս փաստաթուղթը ԱՄՆ կառավարությանը հնարավորություն տվեց ուղղակի օգնություն տրամադրել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի հետ պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանին, այդ թվում նաեւ ռազմական ոլորտում։

- Հայ-թուրքական հարաբերություններում էական առաջընթաց չարձանագրվեց. թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն հայտնելուց զատ գործնական քայլերի չդիմեց։ Տարբեր համաժողովների շրջանակներում ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանը երեք անգամ առիթ ունեցավ հանդիպել իր թուրք գործընկերներ Ջեմի եւ Գյուրելի հետ։ Մասնավորապես Ռեյկյավիկում կայացած հանդիպումից հետո վերադառնալով Անկարա, Ջեմը կրկնեց այն նախապայմանները, որոնց իրականացման դեպքում միայն Անկարան հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ. ա) ՀՀ-ն պետք է հրաժարվի թշնամանք սերմանելու սովորությունիցՙ Ցեղասպանության խնդիրը թողնելով պատմաբանների ուսումնասիրությանը, բ) ՀՀ¬ն պետք է Սահմանադրությունից վերացնի տարածքային պահանջների հոդվածները, գ) կարգավորի ԼՂ խնդիրը եւ ԼՂ-ի տարածքից դուրս բերի հայկական բանակը, դ) ՀՀ-ն պետք է միջանցք տրամադրի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապն ապահովելու համար։

- Ռուսաստանի մի շարք մարզերում տարվա ընթացքում կատարվեցին հակահայկական գործողություններ. Կրասնոդարում երիտասարդ ստահակների խումբը պղծեց հայերի գերեզմանները, Սլավյանսկ քաղաքում հարձակման ենթարկվեցին ազգությամբ հայ բնակիչները, մերձմոսկովյան Կրասնոարմեյսկ քաղաքում հայկական ջարդերից տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան երկու տասնյակ հայեր։

- Հայ-ռուսական հարաբերություններում կարեւոր իրադարձությունը «Գույք պարքի դիմաց» ծրագիրն էր, որով Հայաստանը Ռուսաստանին ունեցած մոտ 100 մլն դոլարի պարտքը մարեցՙ այդ երկրին հանձնելով 5 ձեռնարկություններ։ Տարվա ընթացքում տեղի ունեցան հայ-ռուսական տարբեր մակարդակների տասնյակ երկկողմ այցելություններ։

Հայաստան- սփյուռք երկրորդ խորհրդաժողովը

Մայիսի 27-28-ը Երեւանում տեղի ունեցավ Հայաստան-սփյուռք երկրորդ խորհրդաժողովըՙ մասնակցությամբ 48 երկրներից ժամանած մոտ 3000 պատվիրակների։ Ի տարբերություն առաջին նմանօրինակ համաժողովի, այս անգամ քննարկումներն անցկացվեցին չորս առանձին սեկցիաներում. ա) քաղաքական խնդիրներՙ ՀՀ-սփյուռք հարաբերություններ, բ) տեղեկատվություն եւ զանգվածային լրատվամիջոցներ, գ) տնտեսություն եւ սոցիալ-տնտեսական զարգացում, դ) կրթություն, գիտություն եւ մշակույթ։ Համաժողովում ելույթ ունեցան հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, հայ ավանդական կուսակցությունների ներկայացուցիչները։

Այս համաժողովն ունեցավ մի շատ կարեւոր նշանակություն. հայության տարբեր հատվածներ Հայաստանից, ԼՂՀ-ից եւ սփյուռքից հնարավորություն ունեցան ի մի հավաքվել հայրենիքում, անցկացնել անկեղծ քննարկումներ համայն հայությանը հուզող շատ ու շատ հարցերի շուրջ։

Հոկտեմբերի 6-8-ը տեղի ունեցան «Ռուսաստանի հայերի միության» օրեր Հայաստանում եւ Արցախում, իսկ հոկտեմբերի 6-7-ը Մոսկվայում Արա Աբրահամյանի հովանավորությամբ կազմակերպվեց «Աշխարհի հայերը դարերի սահմանագծին» միջազգային խորհրդաժողովըՙ մասնակցությամբ 43 երկրներից ժամանած ավելի քան 300 հայերի։

ԼՂՀ նախագահական ընտրություններ, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթաց

ԼՂՀ-ում տեղի ունեցան երրորդ նախագահական ընտրությունները։ Օգոստոսի 11-ին դե ֆակտո անկախ, բայց միջազգային հանրության կողմից դեռեւս չճանաչված հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվեց գործող նախագահ Արկադի Ղուկասյանը քվեների բացարձակ առավելությամբՙ մոտ 89 տոկոս։ Ինչպես եւ նախորդ ընտրություններում, միջազգային հանրությունը դրանք գնահատեց ոչ օրինական։ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրամիության երկրներից ժամանած անկախ դիտորդները ընտրությունները որակեցին ազատ, արդար եւ ժողովրդավարական, իսկ 46 կոնգրեսականներ շնորհավորեցին Ղուկասյանին նախագահ վերընտրվելու կապակցությամբ։

ԼՂ հակամարտության խաղաղ գործընթացը լուրջ առաջընթաց չարձանագրեց, թեեւ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի եռանախագահ Ռ. Փերինան տարբեր առիթներով նշում էր, որ հակամարտությունը 80 տոկոսով կարգավորված է։ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները եւս երեք անգամ հանդիպեցինՙ Սադարակում, Քիշնեւում եւ Պրահայում։ Ընդլայնվեց հակամարտության կարգավորման ֆորմատըՙ նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի անձնական ներկայացուցիչներ Թաթուլ Մարգարյանը եւ Արազ Ազիմովը մի քանի հանդիպումներ ունեցան Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Շտիրժին ամրոցում։

2002 թվականին ԵԱՀԿ Մինսկի խումբը երկու անգամ տարածաշրջանային այցով ժամանեց Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու։ Համանախագահները նշեցին, որ «ընդհանուր պետություն» բանաձեւն այլեւս անցյալ է եւ ղարաբաղյան կարգավորման համար բերելու են նոր գաղափարներ։

Ադրբեջանական կողմը տարվա ընթացքում մի քանի անգամ հերքեց հայկական կողմի պնդումները «փարիզյան սկզբունքների» առկայության մասին, դրանք համարելով հայերի երեւակայության արդյունք։ Հեյդար Ալիեւը հունիսի 14-ին ֆրանսիացի եռանախագահ Հ. Պեռնեի հետ հանդիպման ընթացքում «բացահայտեց» այդ սկզբունքները։ Ըստ Ալիեւի, «փարիզյան սկզբունքների» տարրերից մեկը «Ադրբեջանը Հայաստանի Մեղրիի շրջանով Նախիջեւանին կապող եւ Հայաստաննՙ Ադրբեջանին Լաչինի շրջանով ԼՂ-ին կապող փոխադրամիջոցների բացումն էր, կողմերը քննարկել են Մեղրիի միջանցքի նկատմամբ Ադրբեջանին եւ Լաչինի միջանցքի նկատմամբ Հայաստանին սուվերեն իրավունքներ տալու հարցը, որ երկու միջանցքներն էլ պետք է ունենան միեւնույն կարգավիճակը, սակայն հայկական կողմը հետագայում խախտեց այդ պայմանավորվածությունը, ինչը բանակցությունների ձախողման հանգեցրեց 2001 թ. ապրիլին Քի Վեսթ քաղաքում»։ Հայկական կողմը կտրականապես հերքեց Ալիեւի պնդումները։ Հետագայում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց թվում առավել հաճախ արտգործնախարար Գուլիեւը, նշեցին, որ չկան «փարիզյան սկզբունքներ»։

Ուշագրավ էր Սադարակում տեղի ունեցած Քոչարյան-Ալիեւ հանդիպումից հետո լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված լուրը, թե Ադրբեջանը համաձայն է հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող չորս շրջաններիՙ Զանգելանի, Ղուբաթլուի, Ֆիզուլիի եւ Ջեբրայիլի դիմաց վերաբացել Բաքու-Երեւան երկաթգիծը, սակայն, ըստ Ալիեւի, հայկական կողմն անընդունելի էր համարել դա։ 2002 թվականի ընթացքում հարեւան հանրապետությունն ապրում էր ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պոպուլիստական հայտարարություններով եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության վերադարձի անսքող հույսերով։

Ուշագրավ էր ամերիկացի եռանախագահ Ռ. Փերինայի հարցազրույցը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին։ Դեկտեմբերի 11-ին ամերիկացի դիվանագետը հրապարակավ առաջին անգամ նշեց, որ հետխորհրդային տարածքի չորս հակամարտությունների մեջ ղարաբաղյանն առանձնանում է, եւ եթե Աբխազիան, Հարավային Օսիան եւ Մերձդնեստրը պետք է մնան Վրաստանի եւ Մոլդովայի կազմում համապատասխանաբար, ապա Ղարաբաղի դեպքում խնդիրը փոքր-ինչ տարբեր է։

Ազգային տուրքի հեռուստամարաթոն

Նոյեմբերի 28-ին Լոս Անջելեսում ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգային տուրքի հերթական հեռուստամարաթոնը. ստացվեց ավելի քան 5 մլն դոլարի խոստում։ Ինչպես նախորդ հեռուստամարաթոններում, այս անգամ եւս եղան խոշոր նվիրատվություններ. տիկին Լուիզ Սիմոն-Մանուկյանՙ 1 մլն դոլար, Հրայր Հովնանյանՙ 1 մլն, Ալբեր Բոյաջյանՙ կես մլն դոլար։ Անակնկալ մատուցեցին ՀՀ եւ ԼՂՀ գործարարները։ Բարոյական առումով վերջիններիս մասնակցությունը անհրաժեշտ էր։ Նախկին հեռուստամարաթոններին մեր գործարարների մասնակցության չափը շատ ժլատ էր, ինչն սփյուռքում հիասթափություն էր առաջացնում։ Չէ՞ որ հանգանակվող գումարներն ուղղվում են Հայաստանի եւ Արցախի բարգավաճմանը։ Այս անգամ մեր գործարարները հանգանակեցին ավելի քան 260 հազար դոլար։ 2002 թ. հեռուստամարաթոնի գումարներն ուղղվելու են ԼՂՀ-ի ողնաշարիՙ «Հյուսիս-հարավ» 172 կմ երկարությամբ ավտոմայրուղու շինարարությանը։ «Հայ ժողովրդի ճակատագիրը որոշվում է Արցախում», ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի այս խոսքերը դարձան հեռուստամարաթոնի նշանաբանը։

Բեթղեհեմի Ձիթենյաց այգիներ

Հուլիսի 12-ին Երուսաղեմում լույս տեսնող «Ալ Ղոդս» արաբական պարբերականում տպագրված լուրը, որ իսրայելյան բանակը զավթել է Երուսաղեմի պատրիարքության Բեթղեհեմի Ձիթենյաց այգիները, զայրույթով ընդունվեց Հայաստանում եւ սփյուռքում։ Պարոն Տերի վանքապատկան կալվածքի շուրջ տագնապն սկսվել էր դեռ 2001 թ. մայիսին, երբ «Ցահալը», առանց հայոց պատրիարքությանը զգուշացնելու, ներխուժել էր հայապատկան կալվածք։ Պատրիարքության բողոքին ի պատասխան Իսրայելի պաշտպանության նախարարությունը հրապարակում է պաշտոնական հրամանՙ վեց ամսով ժամանակավորապես կալվածքը «ապահովության նկատառումներով» գրավման տակ պահելու մասին։ Արդեն օգոստոսին «Ցահալը» ավերում է Պարոն Տերի պարիսպը, հրասայլերի տակ ճզմում ձիթենիների մի մասը։

2002 թ. մայիսին Իսրայելի ՊՆ-ն հայտարարել էր Երուսաղեմի եւ Բեթղեհեմից հյուսիս գտնվող Այդա փախստականների ճամբարի միջեւ անվտանգության պատ կառուցելու մտադրության մասին, որն անցնում էր վանքապատկան կալվածքներով։ Պարոն Տերի շուրջ ստեղծված տագնապը կենտրոնացրեց հայության ուժերը Հայաստանում եւ սփյուռքում։ Այդ հարցով նամակներ հղվեցին անգամ ԱՄՆ նախագահ Բուշին։ Երկարատեւ բանակցություններից, բողոքներից հետո միայնՙ 2002 թ. նոյեմբերին Իսրայելը հրաժարվեց Բեթղեհեմի Ձիթենյաց այգիներում անվտանգության պատ կառուցելու մտադրությունից, ինչպես նաեւ խոստացավ փոխհատուցել Պարոն Տերին պատճառած վնասները։

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը Պարոն Տերում ստեղծված իրավիճակն ուշադրության կենտրոնում պահելու եւ աջակցելու համար երախտագիություն հայտնեց Հայաստանի արտգործնախարարությանը, հայկական եւ ոչ հայկական մի շարք կազմակերպությունների, Հայ առաքելական եկեղեցուն, Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Բ-ին, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Բ-ին։

Պարոն Տերի միջադեպը որոշ չափով ազդեց հայ-իսրայելյան հարաբերությունների վրա, որոնք արդեն լարվել էին փետրվարին, երբ Հայաստանում Իսրայելի դեսպան Ռ. Կոհենը Երեւանում արել էր ոչ պարկեշտ արտահայտություններ։ «Հոլոքոսթը եզակի երեւույթ է, քանի որ եղել է միշտ ծրագրված եւ նպատակ է ունեցել ոչնչացնել ամբողջ ազգը։ Չարժե որեւէ բան համեմատել Հոլոքոսթի հետ», ասել էր եզակի տիկինըՙ Հայոց ցեղասպանությունը որակելով լոկ ողբերգություն։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4