«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2002-12-26 | #239, 2002-12-27 | #240, 2002-12-28


ԱՄԵՆԱՀԱՅԵՐԻՑ ՄԵԿԸՙ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ

Որը հայրենասիրության մասին խոսելու փոխարեն գործ է անում

Հետադարձ հայացք ձգելով անցնող տարվան, չենք կարող առանձին չանդրադառնալ մի մարդու գործունեությանը, որը երբեք բարձրաձայն չի արտահայտել հայ ժողովրդի հանդեպ իր տածած զգացմունքները, պաթետիկ ճառեր չի արտասանել նրա ծանր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, այլ լռելյայն կատարել է իր ազգաշահ, նախադեպը չունեցող գործը։ Ամերիկահայ խոշոր բարերարի եւ ԱՄՆ-ում ամենաճանաչված գործարարներից մեկի համարումն ունեցող Քըրք Քըրքորյանի մասին է խոսքն անշուշտ։

Հայ ժողովրդի պատմության այս շրջանում չկա որեւէ այլ անհատ, որի ներդրումը մեր երկրի տնտեսական եւ սոցիալական կյանքում այդքան նշանակալի եւ արդյունավետ լինի, ինչպիսին Քըրք Քըրքորյանի ստեղծած «Լինսի» հիմնադրամինն է։ Վերջինիս իրականացրած ծրագրերի թվարկումն արդեն ինքնին խոսուն էՙ Հայաստան հումանիտար օգնություն բերող մոտ 135 օդանավերի վարձակալության գումարներն անցնող 14 տարիների ընթացքում, «Ձմեռ» ծրագրերի ժամանակ սփյուռքահայերի հանգանակած գումարների կրկնապատկումը, բիզնեսի զարգացման համար տրամադրված մի քանի տասնյակ միլիոն դոլարների վարկային ծրագրերը եւ վերջապես վերջինՙ կապիտալ ներդրումների ծրագիրըՙ 150 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ Նման ծավալների ներդրումներ Հայաստանում չէին կատարվել անգամ Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին։ 2002 թ.-ին այս ծրագրի միջոցներով հիմնանորոգվեցին երկրի կարեւորագույն ավտոճանապարհները, 40-ից ավելի մշակույթի օբյեկտներ, Երեւանի փողոցները, հազարավոր մարդիկ աղետի գոտում տարիների սպասումներից հետո ստացան բնակարաններ։ Ընդ որում, այս ծրագրերը դեռեւս չեն ավարտվել, եւ աշխատանքների մեծ մասը պետք է կատարվի նորՙ 2003 թ.-ին։

Կարծում ենք, Քըրք Քըրքորյանն իրավացիորեն արժանի է մեր երկրի ու ժողովրդի կյանքում անցնող տարվա եւ գուցե տարիների գլխավոր հերոսը լինելու պատվին արժանանալուն։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4