Անցնող 2002 թ. տնտեսական կյանքի հիմնական իրադարձությունը եւ արդյունքը տնտեսական աճի շարունակվող բարձր տեմպն է։ Տարեկան կտրվածքով սպասվում է, որ այն կկազմի 12 տոկոս։ Սակայն, դժբախտաբար, տնտեսական աճի հետեւանքները դեռեւս էական ազդեցություն չեն թողնում բնակչության հիմնական մասի կենսամակարդակի վրա։ Պատճառներին բազմիցս ենք անդրադարձել եւ դարձյալ կանդրադառնանք այլ առիթներով։ Վերադառնալով 2002 թ. տնտեսական կյանքի կարեւոր իրադարձություններին, կցանկանայինք առանձնացնել դրանցից չորսըՙ Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհումը, «Գույք պարտքի դիմաց» պայմանագրի կնքումը, Հայաստանի անդամակցումն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը եւ երկրում իրականացվող «Լինսի» հիմնադրամի խոշորածավալ ծրագրերը։ Այս եւ մյուս իրադարձությունների մասին համառոտ տեղեկատվությունը ժամանակագրական կարգով ներկայացնում ենք ստորեւ։
- Հունվարի 7¬ Երեւանում բացվեց հերթական շքեղ հյուրանոցը։ Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Արարատ» հյուրանոցն ունի 50 մեկ եւ երկու տեղանոց սովորական, 2 լյուքս եւ 2 նախագահական համարներ։
- Հունվարի 10¬ Ընդունվեց կառավարության որոշումը ջրաչափերի տեղադրման կարգի եւ ժամկետների մասին։ Այս որոշմամբ ջրաչափերի եւ դրանց տեղադրման ծախսերը դարձյալ մնաց բնակիչների վրա։ Նշենք նաեւ, որ նախանշված ժամկետներում ջրաչափերի տեղադրման գործընթացը չիրականացավ։
- Հունվարի 24¬ Ավարտվեցին ՀՀ կառավարություն-«Արմենտել» 60-օրյա բանակցությունները, որոնց հիմնական արդյունքը թվայնացված կայաններում րոպեավճարի ներդրումն էրՙ 360 րոպե անվճար խոսակցությունից հետո 1 րոպեն 4 դրամ արժեքով։
- Հունվարի 30¬ Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրեց վաղուց սպասվող SAC-IV վարկի երկրորդ չափաբաժինըՙ 15 մլն դոլար։
- Հունվարի 31¬ «Նաիրիտը» հավատարմագրային կառավարման հանձնվեց բրիտանական «Ռանսատ գրուպ» ընկերությանը։ Որոշ ժամանակ անց այս ընկերությունը մասնավորեցրեց «Նաիրիտը», սակայն տարեվերջին կառավարության պատասխանատուներն արդեն բացահայտորեն խոսում են բրիտանական ընկերության ներդրումային պարտավորությունները չկատարելու մասին։
- Փետրվարի 12¬ «Սիգարոնը» հաղթեց «Դավիդոֆին»։ Վերջինիս արտադրող «Ռեմսմա» գերմանական ընկերությունը, պատճառաբանելով «Սիգարոնի» ապրանքային նշանների նմանությունը «Դավիդոֆի» հետ, որն իբր շփոթություն է առաջացնում սպառողների մեջ, դիմել էր Ամստերդամի տնտեսական դատարանՙ պահանջելով արգելել «Սիգարոն» ծխախոտի վաճառքը Բենիլյուքսի երկրներում։ Դատարանն այդ փաստարկը հիմնավոր չհամարեց եւ մերժեց հայցը։
- Փետրվարի 17¬ Ազգային վիճակագրության ծառայության պետ Ստեփան Մնացականյանը հայտարարեց, որ նախորդ տարվա հոկտեմբերին անցկացված մարդահամարի նախնական տվյալներով, Հայաստանի բնակչության թիվը 3 մլն է։
- Փետրվարի 27¬ Միավորվեցին երկու բանկերՙ «Արդշինբանկը» եւ «Ադանան», ինչը խրախուսելով Կենտրոնական բանկը տրամադրեց 5,5 մլն դոլարի համակարգային վարկ։
- Ապրիլի 4¬ Հայաստանի կառավարությունը, ի դեմս տրանսպորտի եւ կապի նախարարության, եւ «Արմենտելը» կնքեցին նոր պայմանագիր, համաձայն որի վերջինս իջեցրեց մի շարք, հիմնականում ոչ էական ծառայությունների սակագները։
- Ապրիլի 16¬ Եվրամիության հովանավորությամբ Երեւանում բացվեց «Էլեկտրոնային Կովկաս» միջազգային համաժողովը, որին մասնակցում էին 13 երկրների ներկայացուցիչներ։ Այս համաժողովում Հայաստանը փաստորեն ճանաչվեց ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն։
- Ապրիլի 20¬ Ստեղծվեց գործարարներին միավորող եւ համապատասխան օրենքի համաձայն կոնկրետ գործառույթ ունեցող կառույցՙ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը։
- Մայիսի 16¬ Ազգային ժողովն ընդունեց «Ավիացիայի մասին» օրենքը, որը, շատերի գնահատմամբ, կոչված էր ապահովելու «Զվարթնոց» օդանավակայանի հանձնումը նոր կառավարչինՙ արգենտինահայ խոշոր գործարար Էդուարդո Էռնեքյանին։ Այսինքնՙ օրենքը համապատասխանեցվում էր կնքված պայմանագրին։
- Մայիսի 17¬ ԱՄՆ կառավարությունը հայտարարեց 12 ձեռնարկությունների, այդ թվում հայկականՙ Չարենցավանի «Լիզին» ընկերության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Լիզինը» կասկածվում է Իրանին արգելված տեխնոլոգիաներ վաճառելու մեջ, որոնք կարող են օգտագործվել զանգվածային բնաջնջման զենքերի ստեղծման տեխնոլոգիաներում։
- Հունիսի 4¬ Մեծ հրդեհ բռնկվեց Երեւանի խոշորագույն «Մալաթիա» տոնավաճառում, որն ընդգրկեց հիմնականում ոսկյա իրերի, ռադիոտեխնիկայի, ավտոպահեստամասերի եւ կոշիկի վաճառքի կրպակաշարերը։
- Հուլիսի 10¬ Պետեկամուտների նախարարությունը հրապարակեց 778 ընկերությունների ցանկը, որոնք 2001 թ. հայտարարագրել են ընդհանուր առմամբ 95¬96 մլրդ դրամի վնաս։ Մեր թերթին տված հարցազրույցում պետեկամուտների փոխնախարար Արմեն Ալավերդյանը հայտնեց, որ չհիմնավորված վնաս ցույց տվածները, այսինքնՙ շահութահարկի վճարումից խուսափողները կազմում են ցանկի գրեթե 50 տոկոսը։
- Հուլիսի 23¬ Հայաստանում «Լինսի» հիմնադրամի 4 խոշոր ծրագրերի իրականացման մասին մանրամասն տեղեկություններ հաղորդեց նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը։ Ծրագրերի ընդհանուր արժեքը 150 մլն դոլար է, որը բաշխվել է հետեւյալ կերպՙ ճանապարհաշինություն 71,5 մլն դոլար, բնակարանաշինություն աղետի գոտում 43,8 մլն դոլար, մշակութային օբյեկտների նորոգում 17,5 մլն դոլար, Երեւանի փողոցների նորոգում 14 մլն դոլար։ Այս գումարները, Արտաշես Թումանյանի հավաստմամբ, բազմիցս գերազանցում են վերջին 6¬7 տարիների բյուջեներով կապիտալ շինարարությանը հատկացված միջոցները։
- Հուլիսի 26¬ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը հայտարարեց Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի «քարոզարշավը սկսելու» մասին։ Նա ներկայացրեց նաեւ աղքատության պատկերի ուսումնասիրման արդյունքները, համաձայն որոնց, Հայաստանի աղքատ բնակչության թիվը 55 տոկոսից նվազել է 4 տոկոսով եւ կազմել մոտ 51 տոկոս։
- Օգոստոսի 19¬ Համաձայն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացրած զեկույցի, այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է անշարժ գույքի գների կայուն աճՙ միջին ամսական 3¬4 տոկոսով։ Առավել բարձր աճ է գրանցվել Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր համայնքներումՙ 18¬22 տոկոս։ Անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող գործակալությունները նշում են աճի ավելի մեծ ցուցանիշՙ 25¬30 տոկոս, ինչը, թերեւս, պայմանավորված է նրանց գործարար շահերով։
- Օգոստոսի 26¬ Ստորագրվեց պայմանագիր Հայաստանի բաշխիչ էներգացանցերի մասնավորեցման մասին։ Դրանց բաժնետոմսերի 80 տոկոսի սեփականատերը դարձավ բրիտանական օֆշորային գոտում գրանցված «Միդլենդ ռիսորսըզ հոլդինգ» ընկերությունը։ Վերջինս ԲԷՑ-երը սկսեց տնօրինել նոյեմբերի 1-ից։
- Սեպտեմբեր¬ Երեւանում բացվեցին երկու խոշոր առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսներՙ «Արդյունաբերական Հայաստան¬2002» եւ «Արմպրոդէքսպո¬2002»։ Առաջինում ներկայացված էին մեր արդյունաբերության տարբեր ճյուղերի, իսկ երկրորդումՙ սննդի եւ գյուղմթերքների վերամշակման ձեռնարկությունների արտադրանքը։ Ցուցահանդեսներում ներկայացված հայկական արտադրության ապրանքներն իրական ապացույցն էին երկրի տնտեսական աճի։
- Սեպտեմբերի 30¬ Իր նորամուտը նշեց նորաստեղծ «Հայկական միջազգային ավիաուղիները» (ՀՄԱ), որի վարձակալած նոր «Էյրբաս» (A¬320) ինքնաթիռը բերվեց Երեւան։ Այն պետք է իրականացնի միջազգային չվերթներ։ ՀՄԱ-ի բաժնետերերն են «Մուլտի գրուպը», ֆրանսահայ գործարար Լեւոն Բաղդասարյանը եւ Հրայր ու Վերսանդ Հակոբյանները։ Դեկտեմբերին «Մուլտի գրուպը» դուրս եկավ ընկերությունից։
- Հոկտեմբերի 31¬ Կառավարությունը հաստատեց եւ ԱԺ հաստատմանը ներկայացրեց 2003 թ. պետբյուջեի նախագիծը, որտեղ աշխատավարձերի էական աճ էր նախատեսվում բարձրաստիճան պաշտոնյաների, դատական համակարգի, պետական ապարատի, հարկային եւ մաքսային համակարգերի աշխատակիցների եւ չնչին աճՙ ուսուցիչների, մշակույթի ոլորտի աշխատողների համար։
- Նոյեմբերի 5¬ Ստորագրվեց «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը։ Հայաստանի 5 ձեռնարկություններ, Ռուսաստանին ունեցած 100 մլն դոլար միջպետական պարտքի դիմաց, դարձան Ռուսաստանի սեփականությունը։ Դրանք ենՙ Հրազդանի ՊՇԷԿ-ը, «Մարս» ձեռնարկությունը, Երեւանի մաթեմատիկական մեքենաների, ավտոմատ կառավարման համակարգերի եւ նյութաբանության գիտահետազոտական ինստիտուտները։ Մասնագետների գնահատմամբ, այս գործարքի շնորհիվ Հայաստանն ազատվեց ամենածանր պարտքից, իսկ հայկական ձեռնարկությունների համար կանոնավոր գործելու հեռանկարներ բացվեցին։
- Նոյեմբերի 26¬ Տեղի ունեցավ ՀՀ կառավարություն¬«Արմենտել» բաց ժողովը, որտեղ քննարկվեցին վերջինիս կողմից թիվ 60 լիցենզիայի խախտումները։ Այս անգամ «Արմենտելը», հրաժարվելով իր նախնական խոստումից, չէր թույլատրել ՀՀ կառավարության վարձած բրիտանական WFI ընկերությանը ստուգումներ իրականացնել կապի համակարգում։ Դրա հետեւանքով ՀՀ կառավարությունը կրել էր նաեւ 142 հազար դոլարի կորուստ։ Բաց ժողովի արդյունքում «Արմենտելը» համաձայնեց վճարել վերոնշյալ գումարը եւ թույլատրել բրիտանական ընկերությանը ստուգումներ իրականացնելու «Արմենտելում»։
- Դեկտեմբերի 10¬ Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր խորհրդի նիստում վերջնականապես հաստատվեց այդ կառույցին Հայաստանի անդամակցումը, որի ուղղությամբ գործընթացը մեր երկիրը սկսել է դեռեւս 8 տարի առաջ։ Ակնկալվում է, որ կազմակերպության անդամակցումը խթան կլինի Հայաստանից ապրանքների արտահանման համար։
- Դեկտեմբերի 12¬ ՀՀ Կենտրոնական բանկի որոշմամբ 3 բանկՙ «Լենդ» «Տրաստ» եւ «Ակունք» բանկերը սնանկ ճանաչվեցին։ Բացի այս երեքից, եւս 5 բանկերՙ «Կրեդիտ-սերվիս», «Հայկապ», «Միավորված բանկ», «Կրեդիտ-Երեւան» եւ «Արդշինբանկ», 2002 թ. ընթացքում հայտնվեցին ԿԲ խնամակալության տակ։
- Դեկտեմբերի 20¬ Երեւանում բացվեց հանրաճանաչ շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության ֆիրմային խանութը, որի կապակցությամբ Երեւան ժամանեց ընկերության հիմնադիր եւ սեփականատեր Ֆրանկ Մյուլլերը։ Նշենք, որ մինչ այդ ընկերությունն արտադրություններ էր բացել Ստեփանակերտում եւ Երեւանում։
- Դեկտեմբերի 20¬ ԿԲ նշանակած ժամանակավոր ադմինիստրացիան որոշեց «Արդշինբանկի» ակտիվների ու պարտավորությունների մի մասը, այսինքնՙ բանկի առողջ հատվածը հանել մրցութային վաճառքի։
- Դեկտեմբերի 25¬ Համաշխարհային բանկը Հայաստանին հատկացրեց SAC-IV վարկի վերջին «լողացող» չափաբաժինըՙ 20 մլն դոլար։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ