Ցուրտը անդիմադրելի է դառնում, առավոտները դժկամությամբ են բացվում ու աղոթքը սառչում է շուրթերիդ։ «Տեսնես ի՞նչ ենք արել», մտածում ենք։ Հարեւան երկրում ցուրտը մարդկային կյանքեր է խլում։ «Տեսնես սրանք ի՞նչ են արել»։ Մի ուրիշ տեղ ջրհեղեղն է դա անում, մի տեղ պտտահողմը կամ երաշտը, ինքնաթիռներ են կործանվում կամ ահաբեկիչներ են հայտնվում այս ու այնտեղ։ Ոչինչ չենք արել, պարզապես մի բան ենք մոռացել ու շարունակում ենք մոռանալՙ ցուրտն ու սառցե բորդյուրները հայհոյելովՙ դժգոհ դեմքերովՙ մեր հոգսերի ձմեռը ուսած։ Հոգնե՞լ ենք, այո, հոգնել ենք։
Բայց սա տոնական տրամադրությո՞ւն է։ Ցուրտը հարցնո՞ւմ էՙ տոնական է, տոնական չէ։ Խանութների ցուցափեղկերը փայլփլում են, ռեստորանների ամանորյա սեղանների ճոխությունների ու տոնական լոտոների գովազդներից հեռուստացույցի էկրանը ճաք է տալիս, ու հագեցած են մեր երեկոները միտքը բթացնելու աստիճան։
Լավ է, որ փողոցներում եղեւնիներ չկան, ու նրանք Նոր տարվա նախօրեին չեն գիշերի պատերի տակՙ անտունկ ու խեղճացած։ Փողոցների գորշությունը շարունակվում է, համառ ցուրտը եւս։ Չէ, այնուամենայնիվ, հրապարակում վեր խոյացող տոնածառը տոնական տրամադրություն չի ստեղծում։ Առայժմ մոտալուտ տոնի մասին հիշեցնում են (բացի առողջությանը հակացուցված գովազդներից) տոնավաճառների ու դրանց մերձ մայթերի մարդաշատությունը, ամբոխի հրմշտոցները, գնումների մրցավազքըՙ հաճախ պարտադրվող եւ վերջին խնայողությունների հաշվին։ Մի հնար լիներ, ազատվեինք մթերային քաշքշոցից, որ նախա եւ հետտոնական սպառված տրամադրություն է ծնելու շուտով։ Հետո տրտունջներ, ափսոսանք, շատ երեխաների աչքերում տխրություն։
Հեքիաթի պես լիներ, չէ՞, կյանքը։ Երբ թագավորը միտք է հղանում ծպտված շրջելու իր թագավորությունում, մտնում ամեն տունՙ տեսնելու, թե ժողովուրդը ոնց է ապրում, թե իր մասին ինչ է մտածում, թե ինքը ինչն է սխալ, ինչը ճիշտ անում։ Ու հետո իմաստնանում ու որոշում է կայացնում, ու տխրությունը պակասում է երկրում, տոնական գիշերը քաղաքում Ձմեռ պապիկների առատությունից ավելի շատ մուրացկաններ չեն լինում։ Երեւի դրա ժամանակներն էլ կգան։ Ու բոլորսՙ «ճոխ սեղանների մոտ քաղցողները», կհասկանանք, որ աշխարհին տուրք ունենք տալուՙ խղճի, խոսքի, բառի, գույնի նաեւ նյութի։ Ու կընկալենք օրվա խորհուրդը։ Տոնը կերուխումի համար չէ միայն, ուրախության սեղաններին հոսող գինին ցավը պարպելու համար չէ միայն։ Իսկ սեղանները որքան ծանրաբեռ են լինում, այնքան քաղցած են մարդիկՙ հայացքներում հարցականներՙ ինչո՞ւ։ Որովհետեւ համընդհանուր ուրախությունն ուրախություն չէ, եթե մի տեղ մեկը քաղցած կամ անօթեւան է։
Մինչեւ տոնածառին պսպղացող լամպերը չփայլփլեն նաեւ մեր սրտերում, ջերմություն չի լինելու։ Երբ մեր հոգիներում լույսը կվառենք, աշխարհում այնժամ կբնակվեն հույսը, սերը, կարեկցանքը, եւ քաղաքը գորշ չի թվա ու փողոցնՙ անլույս, ոչ էլ ցուրտըՙ սառը ու դիմանալ դեռ կլինի։ Միայն թե շատերը սա հասկանային, հատկապես նախընտրական խոստումներից առաջ եւ հետո, թե չէ սառած, հոգնած, վերջին կոպեկները սեղաններին դրած, տոնական խումհարներից հետո, էլ ի՞նչ ընտրություն։ Եվ ո՞ւմ հետ կխոսեն գահի հավակնորդները։ Չլինի ձայն բարբառո անապատի։
Սուտ փառքեր չփնտրենք, զի փլվում են բոլոր աշտարկները, երբ հիմքերը խախուտ են։ Այնժամ խոսքը չի օգնի, ոչ իսկ լռությունը, որքան էլ ասպետական լինեն։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ