Փարիզի «Աշխարհ» թերթից տեղեկանում ենք, որ Սորբոնի համալսարանում բազմաթիվ անձանց ներկայությամբ ակադեմիկոսի սուսեր է հանձնվել նշանավոր արեւելագետ, աղբյուրագետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ժան-Պիեռ Մահեին։ Նրա նախկին ուսանողներից եւ գործընկերներից ոմանք ելույթ են ունեցել, պատմելով Մահեի աշխատանքի եւ հետազոտությունների մասին։ Մասնավորապես Արեւելյան լեզուների ու քաղաքակրթությունների ինստիտուտի դասախոս Պատրիսիա Բուասոնը վերհիշել է Մահեի գրաբարի դասընթացները, հայ հին գրականության աղբյուրներ թարգմանելիս կրոնական, փիլիսոփայական եւ մետաֆիզիկական բազմաթիվ խնդիրների արծարծումը։ Ակադեմիկոս Մարկ Ֆիլոնենկոն, որը Սորբոնի համալսարանի բողոքական աստվածաբանության ֆակուլտետի պատվո դեկանն է, իր ելույթում անդրադարձել է Ժան-Պիեռ Մահեի մտավոր հատկություններին, շեշտելով նրա աշխատանքի «ճկունությունը, վճռականությունը, հզորությունը», նրան բնութագրելով որպես «քրիստոնյա Արեւմուտքի գերազանց գիտակ եւ միաժամանակ քրիստոնյա Արեւելքի լավագույն փորձագետներից մեկը»։ Հանդիսավոր պայմաններում Ֆիլոնենկոն ակադեմիկոսի սուսերը եւ մեդալը հանձնել է Ժան-Պիեռ Մահեին։
Իր պատասխան ելույթում Ժան-Պիեռ Մահեն շնորհակալության խոսքեր է ուղղել բանախոսներին եւ նրանց հաստատություններին, մասնավորապեսՙ Հայաստանին եւ Մատենադարանին, որոնք, պատմության արհավիրքներին հակառակ, կարողացել են աներեւակայելի հարստության մատյաններ պահպանել։ Նրա ելույթից հետո երգիչ Մկրտիչ Մկրտչյանի հրաշալի կատարմամբ հնչել են «Հորովելը» եւ «Կռունկը»։ Երաժշտական ընդմիջման ժամանակ Ֆրանսիայի ռադիոյի նվագախմբի երաժիշտ Սեդրակ Կուլակսեզյանը կատարել է Կոմիտասի մի շարք մեղեդիներ։
Ժան-Պիեռ Մահեի պատվին կազմակերպված հանդիսավոր արարողությունն ամփոփումն էր նրա բազմամյա մանրակրկիտ աշխատանքի, որ կատարվել է համեստորեն եւ մարդասիրաբար, մասնավորապեսՙ հայոց պատմության աղբյուրագիտական հետազոտությունների ոլորտում։
Պ. Ք.