Թերեւս միայն Աղքատության հաղթահարման ծրագրում
Աղքատության ներկա պատկերը, երբ բնակչության կեսից ավելին համարվում է աղքատ, շարունակում է մնալ Հայաստանի լրջագույն սոցիալական խնդիրը։ Այս տարի կառավարությունը հայտարարեց Աղքատության հաղթահարման ամփոփ ռազմավարական ծրագրի մշակման ավարտի եւ կյանքի կոչելու մասին։ Հոռետես չլինենք եւ չասենք, որ ծրագիրը կմնա թղթի վրա, որ դա ավելի շատ դեկլարատիվ բնույթ ունի եւ այլն։ Հատկապես արժե նշել, որ, ի տարբերություն միջանկյալ ռազմավարական ծրագրի, ամփոփ ծրագիրը ստեղծվել է լուրջ ուսումնասիրությունների հիման վրա եւ աչքի է ընկնում առաջարկների ու լուծումների կոնկրետությամբ ու հստակությամբ։ Սա ընդհանուր առմամբ։
Այդուհանդերձ, աղքատության այնպիսի կարեւոր մի ցուցանիշի առումով, ինչպիսին եկամուտների անհավասարաչափ բաշխումն է, միմյանց հակասող կանխատեսումներ են արվել։
Անարդար կամ անհավասարաչափ բաշխված եկամուտների ցուցիչ է համարվում Ջինի գործակիցը, որը գործում է 0¬1-ի միջեւ։ Որքան Ջինի գործակիցը մոտ է 1-ին, այնքան բարձր է հասարակության բեւեռացվածության աստիճանը եւ հակառակը։ Ծրագրում արձանագրվում է, որ մեր երկրի բնակչության կեսը դեռեւս աղքատ է, եւ եկամուտների անհավասարության Ջինի գործակիցը շարունակում է մնալ սոցիալական լարվածության տեսակետից վտանգ սպառնացող 0,5-ից բարձր մակարդակում։ Ավելի կոնկրետՙ 0,53 է։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ փոփոխություններ է կրել այս ցուցանիշը, դարձյալ վկայակոչելով ամփոփ ծրագիրը, նշենք, որ Հայաստանում 1987¬90 թթ. կազմել է 0,27, իսկ 1996¬99 թթ.ՙ 0,59։
Ի՞նչ է կանխատեսում ծրագիրը եկամուտների անհավասարաչափ բաշխման ցուցանիշի եւ աղքատների տեսակարար կշռի նվազման համար։ Դիտարկելով նպատակային ցուցանիշների աղյուսակը, կարելի է եզրակացնել, որ որդեգրվել է «ե՛ւ ոչխարները ողջ, ե՛ւ գայլերը կուշտ» սկզբունքը։ Այն, որ աղքատության նվազեցումը եւ եկամուտների արդարացի բաշխումը շաղկապված են, թերեւս ոչ ոք չի կասկածում։ Սակայն որ աղքատությունը կարելի է կրճատել առանց եկամուտների բաշխման անհավասարաչափությունն էապես նվազեցնելու, հնարավոր է միայն ամփոփ ծրագրում։
Այսպեսՙ 2003 թ.-ին ակնկալվում է աղքատությունը նվազեցնել շուրջ 9 տոկոսով, իսկ Ջինի գործակիցը 0,01-ով, 2004 թ.-ին աղքատությունըՙ եւս մոտ 4 տոկոսով, իսկ Ջինի գործակիցն անփոփոխ թողնելով, 2005 թ.-ին աղքատությունըՙ մոտ 6 տոկոսով, Ջինի գործակիցը դարձյալ ընդամենը 0,01 տոկոսով եւ վերջապես 2010 թ.-ին աղքատությունն ընդհանրապես վերացվում է, բայց Ջինի գործակիցը նվազում է ընդամենը 0,03-ով եւ կազմում է 0,48։ Համեմատության համար նշենք, որ 1993¬94 թթ., այսինքնՙ անցումային շրջանի ամենաթեժ տարիներին, դարձյալ ամփոփ ծրագրի հրապարակած տվյալների համաձայն, Ռուսաստանում այս ցուցանիշը կազմել է 0,41, Էստոնիայումՙ 0,40, Լիտվայումՙ 0,34։ Ստացվում է, որ Հայաստանում Ջինի գործակիցը 2010 թ.-ին ավելի բարձր է լինելու, քան վերոնշյալ երկրներինը դրանից 16¬17 տարի առաջ։
Ընդ որում, դրա հետ մեկտեղ ամբողջությամբ վերանալու է աղքատությունը։ Հետաքրքրական է, սրան ծրագրի հեղինակները հավատո՞ւմ են։ Համենայն դեպս, նրանց որեւէ հիմնավոր բացատրություն այս մոտեցման վերաբերյալ հնարավոր չեղավ գտնել։ Հասկանալի է, որ աղքատության հաղթահարման գլխավոր նախապայմաններն են տնտեսական աճը եւ աշխատատեղերի ստեղծումը, բայց դրանք, առանց ստվերային տնտեսության եւ եկամուտների անհավասարաչափ բաշխման էական նվազման, չեն կարող վերացնել հասարակության սոցիալական բեւեռացումը, հետեւաբար նաեւ աղքատությունը։ Ի դեպ, մեր այս տեսակետը համընկնում է ամփոփ ծրագրում արտահայտված տեսակետին։
Այս ամենից կարելի է եզրակացնել մեկ բան։ Անկախ որեւիցե ծրագրից, կլանային համակարգը, գերշահույթ ստացող եւ հարկերի վճարումից խուսափող խավը շարունակելու է մնալ անսասան։ Անգամ եթե չկասկածենք աղքատությունը վերացնելու կառավարության ցանկության անկեղծությանը, ապա դատելով վերոնշյալ փաստից եւ ծրագրում շարադրված այլ ցուցանիշներից, կարող ենք պնդել, որ խնդիր է դրված ոչ թե ստեղծել ապահով եւ երկրի բնակչության մեծամասնությունը կազմող միջին խավ, այլ դուրս բերել աղքատ բնակչությունն այդ վիճակից ու ընդամենը ստեղծել նրա գոյության նվազագույն պայմաններն ապահովող կացություն։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ