Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարանը երեկ սկսեց քննությունՙ ՀՀ նախագահի անգործությունն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի առնչությամբ։
Համաձայն դիմումի, որն ընթերցվեց դատարանում, պրն Հովհաննիսյանը դեռեւս 1991 թ. սեպտեմբերի 23-ին դիմել է ՀՀ ԳԽ նախագահինՙ ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով, բայց պատասխան չի ստացել։ Այնուհետեւՙ 1991 թ. նոյեմբերի 11-ին, 1995 թ. հուլիսի 6-ին, 1995 թ. դեկտեմբերի 4-ին պրն Հովհաննիսյանը դարձյալ նույն խնդրանքով դիմել է ՀՀ նախագահին, սակայն նորից որեւէ պատասխան չի ստացել։
1996 թ. «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի ընդունումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է ՀՀ ՆԳՆ անձնագրային եւ վիզաների վարչություն, որը համապատասխան ուսումնասիրություններ կատարելովՙ 1997 թ. հուլիսի 7-ին նյութերն ուղարկել է ՀՀ նախագահի աշխատակազմ։
Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովը 1997 թ. օգոստոսի 1-ին քննարկել է նշված դիմումը եւ հարցի լուծումը հետաձգել մինչեւ պրն Հովհաննիսյանի կողմից ԱՄՆ քաղաքացիությունից դուրս գալու մասին փաստաթուղթ ներկայացնելը։
1997 թ. սեպտեմբերին եւ նոյեմբերին Րաֆֆի Հովհաննիսյանը նորից դիմել է ՀՀ նախագահինՙ անկախության հռչակման օրվանից իրեն քաղաքացիություն շնորհելու խնդրանքով։ Նման դիմումներ եղել են նաեւ 1998 թ. փետրվարին, 2001 թ. հունվարին։ 2001 թ. օգոստոսին նախագահի հրամանագրով դիմողին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։
«ՀՀ նախագահի անգործության հետեւանքով խախտվել են իմ քաղաքական իրավունքները. ՀՀ քաղաքացիություն չշնորհելն ինձ զրկել է ընտրական իրավունքից, հնարավորություն չի տվել ուժերիս ամբողջ ծավալով մասնակցել ՀՀ հասարակական, քաղաքական, պետական կյանքին», 2002 թ. դեկտեմբերի 25-ի իր դիմումում նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը։
Դիմումում այնուհետեւ շարադրված էին ներկայացվող պահանջի իրավական հիմքերըՙ ըստ դիմող կողմի։ Իսկ վերջում պրն Հովհաննիսյանը գրել էր, որ խնդրում է անվավեր ճանաչել ՀՀ նախագահի անգործությունը եւ պարտավորեցնել նրան իրեն քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ 2001 թ. հրամանագրում կատարել փոփոխությունՙ «քաղաքացիություն շնորհել» բառերից առաջ ավելացնել «23.09.1991 թվականից» բառերը։
Երբ դիմող կողմը (հանձինս 3 լիազոր ներկայացուցիչների) ներկայացրեց դիմումը, նախագահող դատավոր Արամյանը ներկաներին (իսկ այդպիսիք շատ էին դատական նիստերի դահլիճում) հայտարարեց, որ սույն գործը ընտրությունների վերաբերյալ չէ եւ օրենսդրի նախատեսած ժամկետային սահմանափակում չունի։
Ապա պատասխանող, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի լիազոր ներկայացուցիչ Արտաշես Կակոյանը սկսեց իր հարցերը դիմող Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչներին։
Հարցերին ի պատասխան ասվեց, որ 1991¬92 թթ. պրն Հովհաննիսյանի արտգործնախարար լինելու ժամանակ ԱԳՆ-ն քաղաքացիություն շնորհելու հարցում որեւէ գործառույթ չուներ, քանի որ 1991 թ. արդեն 2 տարի դիմողն ապրում էր Հայաստանում։
Իսկ այն հարցին, թե որն է նախագահի անգործությունը, երբ քաղաքացիություն շնորհելու դիմումը 1991 թ. սեպտեմբերի 23-ին ներկայացնելու ժամանակ չկար ՀՀ նախագահ, դիմող կողմը պատասխանեց, որ դիմումից մի քանի շաբաթ անց ընդունված «ՀՀ նախագահի մասին» օրենքով նախագահն էր այն բարձրագույն պաշտոնատար անձը, որն իրավասու է շնորհել քաղաքացիություն։ Ըստ դիմող կողմի, այդ ժամանակվա նախագահի անգործությունն էլ դրսեւորվել է այն բանում, որ ե՛ւ մինչեւ նախագահի պաշտոնը ստանձնելը, ե՛ւ դրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի 1991 թ. դիմումին ոչ մի ընթացք չի տրվել մինչեւ 1997 թ.։ Մինչդեռ, համաձայն այդ ժամանակ գործող օրենսդրության, այդ դիմումին պետք է պատասխան տրվեր մեկ տարվա ընթացքում։
Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը 1991 թ. դիմումին հաջորդած դիմումներում նշել է, որ իրեն քաղաքացիություն շնորհվի 1991 թ.-ից։
Այնուհետեւ հնչած հարցերին դիմող կողմի տված պատասխաններից պարզ դարձավ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 1991 թ.-ից մինչեւ 2002 թ. դեկտեմբերի 25-ն իր «խախտված իրավունքը» պաշտպանելու ձեւ որպես ընտրել է միայն դիմում-նամակները։
Մի որոշ ժամանակ դատավարության կողմերը վիճեցին 1991 թ. ուղարկված դիմումին պատասխան չլինելու պատճառով խախտված իրավունքի պաշտպանության համար բողոքարկման վաղեմության հարցը։ Օրենսդրական հակափաստարկներով կողմերը խճճեցին նաեւ ՀՀ քաղաքացի դառնալու համար պահանջներըՙ հետ ու առաջ մեկնաբանելով այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելու հարցը։
Ինչեւէ, 1997 թ. քաղաքացիություն շնորհելու հերթական դիմումին նախագահի աշխատակազմից պատասխան է տրվել, համաձայն որի Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկվել է եռամսյա ժամկետում ներկայացնել փաստաթուղթՙ ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվելու մասին։
Ըստ պրն Հովհաննիսյանի, այս տարբերակում չի եղել որեւէ հավաստիացում ՀՀ քաղաքացիություն ստանալու առումով։
Պատասխանողի հարցերը սպառվեցին։ Նախագահող դատավորի հարցերին տված պատասխաններից էլ պարզվեց, որ 91 թ. դիմումի ժամանակ երկքաղաքացիության հետ կապված խնդիր չկար։ Միեւնույն ժամանակ, քաղաքացիության մասին գործող օրենքը որեւէ պահանջ չի նախատեսում այլ երկրի քաղաքացիությունից դուրս գալու համար։
Ի վերջո, օրենսդրության մեջ չկա դրույթ, համաձայն որի այդ դրույթը կիրառվի ընդունման պահից առաջ քաղաքացիության բնագավառում ծագած հարաբերությունների նկատմամբ։
Պատասխանող կողմը միջնորդեց մեկ օր ժամանակ տրամադրել լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համար։ Դիմող կողմն, իհարկե, առարկեց, եւ չնայած դրանՙ դատարանը բավարարեց միջնորդությունը։
Դատական նիստը կշարունակվի այսօր։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Չնայած հարցի լրջությանըՙ դատավարության մասնակիցները բավականին զվարթ անցկացրին նիստը։ Իսկ ընդմիջման ժամանակ լրագրողների հարցերին պատասխանող Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ էության, չպատասխանեց մեր հարցին։ Իսկ հարցն այն էր, թե ինչո՞ւ է պրն Հովհաննիսյանն իր խախտված իրավունքը դատական կարգով վերականգնում հիմա, երբ կարիք ունի 10 տարվա քաղաքացիություն ունենալու մասին վկայող փաստաթղթի, իսկ մինչեւ նախագահի թեկնածու գրանցվելու ժամկետի ավարտին մնացել են հաշված օրեր։