«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2003-01-09 | #3, 2003-01-10 | #4, 2003-01-11


ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ

Դրանց որոշակիացումը պայմանավորված է նրա հայկական քաղաքականության ճշգրտումով

«Ազգը» նախավերջին համարում «Թուրքերն ու ադրբեջանցիները եղբայրներ են, սակայն ռազմավարական շահերն ավելի կարեւոր են» խորագրով անդրադարձավ Թուրքիայում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բաքու կատարած այցին։ Հունվարի 8-ին էրդողանը Բաքվից ուղեւորվեց Թուրքմենստան, հանդիպեց երկրի բարձրագույն ղեկավարությանը, գլխավորապես կենտրոնանալով առեւտրա-տնտեսական կապերի զարգացման վրա, իսկ դեկտեմբերի 10-ին շարժվեց Ղազախստան։

Այլ կերպ, էրդողանի պարագայում մենք գործ ունենք ոչ թե այցելության, այլ թուրքալեզու հանրապետություններ կատարված շրջագայության հետ։ Հատկանշական է, որ էրդողանը դա նախաձեռնել է Մոսկվա կատարած այցից հետո, եւ նրա շրջագայությունը չի ներառել Ուզբեկստանը եւ Ղրղզստանը, որոնցում ԱՄՆ-ն արդեն ռազմական ներկայություն է ապահովել։ Քանի որ նա դեկտեմբերի 11-ին վերադարձել է Անկարա, որպեսզի դեկտեմբերի 13-ին ուղեւորվի Պեկին, ուստի նրա այցը տվյալ թուրքալեզու հանրապետություններ չի նախատեսվում։

Հատկանշական պետք է համարել նաեւ այն, որ Էրդողանն Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Ղազախստանի ղեկավարությունների հետ հանդիպումներում առաջնահերթությունը տվել է ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական կապերի ամրապնդման խնդիրներին։ Թերեւս այդ առումով պատահական չէ նրա գլխավորած 200 հոգանոց պատվիրակության կազմում 150 գործարարի ներկայությունը։

Թուրքմենստանն ու Ղազախստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտելու որեւէ խնդիր չունեն։ Մինչդեռ Ադրբեջանն այդ հարաբերությունների նկատմամբ հիվանդագին մոտեցում է դրսեւորում, իսկ թուրքական նորընտիր իշխանությունները, ի տարբերություն նախորդների, դրանց կարգավորման պատրաստակամությամբ դրական ազդանշաններ են հաղորդում Հայաստանին։ Ադրբեջանցիները հավասարակշռությունից դուրս են գալիս, երբ Թուրքիայի արտգործնախարար Յաշար Յաքըշը հայտարարում է. «Մենք զարգացնելու ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի եւ Հայաստանի հետ։ Ինչ խոսք, հաշվի ենք առնելու Ադրբեջանի մտահոգությունները հայ-թուրքական համագործակցության առումով։ Սակայն, եթե մեր տնտեսական շահերը պահանջեն հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, մենք դա կանենք»։

Ադրբեջանի արտգործնախարարությունն առանց որեւէ հիմնավորման հերքում է Յաքըշի հայտարարության իսկությունը։ Թեեւ թուրքական իշխանությունները դրան չեն արձագանքում, բայց եւ այնպես ակնհայտ է դառնում երկու երկրների միջեւ լարվածության առաջացումը։ Դա չէր կարող չանդրադառնալ Էրդողանի այցիՙ առավել եւս Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումների վրա։

Էրդողանը Բաքվի օդանավակայանում հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների երկկողմ հանդիպումներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Նա այս խոսքերը կրկնում է նաեւ Ալիեւի հետ առանձնազրույցից հետո։ Այլ կերպՙ Էրդողանը նախընտրում է զերծ մնալ հակահայկական հայտարարությունից։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Մուրթուզ Ալեսքերովի հետ նրա հանդիպմանը, որի ընթացքում թեեւ նա հայտարարել է, որ «Թուրքիան ոչ մի մտադրություն չունի դիվանագիտական կամ տնտեսական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, քանի դեռ չեն ազատագրվել Ադրբեջանի բռնագրավված տարածքներըՙ Լեռնային Ղարաբաղը ներառյալ», պահանջելով Երեւանից հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու հրաժարվել Ցեղասպանության «անհիմն» պնդումներից, այնուամենայնիվ ընդգծել է. «Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ իրականացվող եռակողմ բանակցությունները վերսկսելու» թուրքական իշխանությունների պատրաստակամությունը։ Սա սովորական ընդգծում չէ, այլ Հայաստանին գրավյալ տարածքներից հեռացնելու համար Թուրքիայից աջակցություն խնդրող Ալեսքերովի յուրատեսակ պատասխանը նաեւ։

Այս պատասխանը հիմք է տալիս ենթադրելու, որ էրդողանը Բաքվում հարաբերությունների կարգավորման համար Հայաստանին նախապայմաններ առաջադրելիս ոչ այնքան առաջնորդվում է դրանց կատարման ակնկալիքով, որքան ներքին օգտագործման համար նյութ է տրամադրում Ադրբեջանի ղեկավարներին, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել այցի նախօրյակին երկու երկրների միջեւ առաջացած լարվածությունը եւ ստեղծել առկա տարաձայնությունների հաղթահարման անհրաժեշտ նախադրյալները։

Որո՞նք են այդ տարաձայնությունները։ Դրանց մասին որոշակի պատկերացում են տալիս Էրդողանի հանդիպումներն Ալիեւի եւ Ալեսքերովի հետ։ Առաջին հանդիպմանն էրդողանը հույս է հայտնում, որ 1995 թ. դեպքերը կմնան անցյալում։ Ակնարկն Ադրբեջանում կատարված պետական հեղաշրջման փորձի մասին է։ Ակնհայտ է, որ ակնարկում են այն դեպքում, երբ դիմացինն ուղղակիորեն մեղադրում է զրուցակցին։

Թե ի՞նչն է դրդել Ալիեւին շուրջ 8 տարվա վաղեմության այդ փորձի մեջ Թուրքիային մեղադրել, չգիտենք։ Պարզապես հայտնի է, որ Ալեսքերովի հետ հանդիպմանն էրդողանը կոչով դիմել է Միլի մեջլիսին եւ զգոնություն է պահանջել Թուրքիայի ազգային անվտանգությանն առնչվող այնպիսի հարցում, ինչպիսին PKK-ի ահաբեկիչների մշակութային միջոցառումներ ծավալելու քողի տակ Ադրբեջանում գործունեությունն է։ էրդողանի կոչը «Զաման» թերթի վկայությամբ նախազգուշական է։ Նա երկրորդ զգուշացումն արել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի առնչությամբ եւ պահանջել է Միլի մեջլիսից մինչեւ 2003 թ. փետրվարը հաստատել դրա կառուցման նախագիծըՙ ընդծելով, որ հակառակ դեպքում կառուցումը սպառնալիքի տակ է դրվելու։

Նման նախազգուշացումները պատահական չեն արվում, ոչ էլ պատահաբար դիմացինին մեղադրում են։ Ուրեմն, երկու երկրների միջեւ առկա են նաեւ Հայաստանով ամենեւին չպայմանավորված տարաձայնություններ։ Թվում է, թե թուրքական նորընտիր իշխանությունների հայկական քաղաքականության հստակեցումը որոշակիություն կհաղորդի այդ տարաձայնություններին։ Այսպիսով Հայաստանը կդադարի դրանց արտահայտման միջոցը դառնալ, իսկ դա Ադրբեջանից անկախ քաղաքականություն վարելու հնարավորություն կտա թուրքական նորընտիր իշխանություններին, միայն թե վերջիններս հետամուտ լինեն արտգործնախարար Յաքըշի հայտարարությանը։

Այլապես, Թուրքիայի հայկական քաղաքականության հետ, որ հանգեցրել է նրա անդրկովկասյան քաղաքականության ձախողմանը, կձախողվի նաեւ ադրբեջանական քաղաքականությունը։ Ի վերջո, ԱՄՆ-ի հակաիրաքյան պատերազմն ուժերի հավասարակշռության լուրջ փոփոխություններ է ենթադրում տարածաշրջանում։ Դա ամենայն հավանականությամբ հանգեցնելու է տարածաշրջանային պետությունների տեղի եւ դերի փոփոխությանը։ Չի բացառվում, որ այդ փոփոխությունը դրականորեն անդրադառնա Հայաստանի վրա։ Համենայն դեպս, ԱՄՆ-ում հնչող վերջին հայտարարությունները ոճով բավականին հայանպաստ են եւ ամենեւին չեն բխում թուրք-ադրբեջանական տարաձայնություններն ուղղակիորեն Հայաստանով պայմանավորելու համապատասխան նկրտումներից։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4