«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2003-01-11 | #5, 2003-01-14 | #6, 2003-01-15


ԲԱԶՈՒՄ ԱՂՄՈՒԿ ՎԱՍՆ... ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը նախորդ օրը բողոքարկելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ մամլո ասուլիս էր հրավիրել Ժուռնալիստների միությունում։ Նա նշեց, որ լրագրողներն ու վերլուծաբանները խնդիրը քաղաքականացնում են, հետեւաբար անհրաժեշտություն էր ծագել ներկայացնելու իր եւ փաստաբանների կարծիքներն ու տեսակետները, իրավական հիմնավորումները, ինչպես նաեւ հետագա անելիքները։ Պրն Հովհաննիսյանն անընդունելի համարեց հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցչի, իր խոսքերով, «երեւակայական դասերը»։ Առանց իմանալու օրենքի կիրառման սկզբունքները, ամեն ինչ արվում է դրանք խախտելու համար։ Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, Մ. Նահանգների քաղաքացիությունից հրաժարվելու իր դիմումը նախագահի լիազորված անձը դատարանում չի ներկայացրել ամբողջությամբ, այլ միտումնավոր մասնատել էՙ անտեսելով այն հատվածը, որ ինքը հարկադրված է եղել հրաժարվել ամերիկյան քաղաքացիությունիցՙ Հայաստանում երկքաղաքացիության օրենքի բացակայության պատճառով։ Նա պնդեց, որ դատավարության առաջին օրվա ավարտին փաստացի եւ իրավական փաստարկներ չբերվեցին, իսկ երկրորդ օրը ներկայացրին շինծու փաստարկներ, որոնք էլ դատավորը հիմք ընդունեց։ Ակնհայտ է ուժային մոտեցումը գործող նախագահի շտաբի մասնակցությամբ, որը նպատակ է հետապնդում նվազեցնելու հանրության հետ երկխոսությունը, տեղեկատվություն ստանալու հնարավորությունը։ «Նախագահական հեռուստատեսության որոշ ալիքներ փայլուն ներկայացրին իրենց կանխակալ մոտեցումը։ Ինձ ծանոթ է այս ամենը։ Ամեն ինչ նույնն է, ինչ նախորդ նախագահի իշխանության օրոք», շեշտեց պրն Հովհաննիսյանըՙ միաժամանակ նշելով, որ երբեք ուշ չէ սխալն ուղղելու համար։ «Ինձ հանեք պատկերից, բայց այս ձեւով պետություն չեք կազմելու։ Բոլոր սերունդներն անիծված են այս մոտեցման պատճառով»։ Նա փաստեց, որ 1991¬95 թթ. որեւէ օրինական պահանջ չկար Մ. Նահանգների քաղաքացիությունից հրաժարվելու համար։ Իսկ 1995 թ. հետո, արդեն միջազգային օրենքին համապատասխան, իրավունք ուներ չմնալ անքաղաքացի եւ այդ իրավունքն էր պաշտպանում։ «Ոչ մի հայ, եթե հայցում է Հայաստանի քաղաքացիություն, չպետք է մնա անքաղաքացի», երկքաղաքացիության վերաբերյալ խոսքը եզրափակեց նա, ավելացնելով, որ այս դատն իր քաղաքացիական իրավունքն է, ուստի չեն կարող զրկել այդ իրավունքից։

Այնուհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ օրենքի եւ ժողովրդավարության ապահովման հարցերին, ընդգծելով, որ նախագահի բոլոր թեկնածուները պետք է հայտարարագրեն այլ երկրի քաղաքացի լինելու մասին եւ ապացույցներ ներկայացնեն իրենց քաղաքացիության տեղեկանքների օրինական լինելու վերաբերյալ։ Նա առաջարկեց, որ հանրային հեռուստատեսության նորընտիր ղեկավարը ծանուցի առկա շահերի բախումները, այսինքնՙ իր անձնական շահերն այն նույն ոլորտում, որի պատասխանատուն է։ Իսկ պաշտպանության նախարարը, պրն Հովհաննիսյանի տեսակետով, պետք է հրաժարական տա, որպեսզի չվնասվի երկրի եւ քաղաքացիների անվտանգությունը։

Նա համոզված է, որ ազատ ու թափանցիկ ընտրությունների դեպքում արդյունքը կլինի իրենց օգտին։ Այսօր երկրում տիրում է վախի մթնոլորտ։ Այս մթնոլորտում կարելի է ոստիկանապետություն կառուցել, կարելի է փամփուշտով խփել, սակայն ժողովրդավարական պետություն անհնարին է կառուցել։ Վերջում նա հույս փայփայեց, որ վերաքննիչ դատարանը կվերականգնի իր իրավունքը, եւ ԿԸՀ-ն իրեն կգրանցի որպես նախագահի թեկնածու։

Րաֆֆի Հովհաննիսյանի 3 փաստաբաններն էլ պնդեցին, որ հարցը շահարկվում է անտեղի, եւ իրենք հետամուտ են օրինական ճանապարհով հասնելու դրա լուծմանն ու ապահովելու պրն Հովհաննիսյանի մասնակցությունը նախագահական ընտրություններին։ Թեպետ սահմանադրությամբ որոշված է պարզեցված կարգով ստանալ Հայաստանի քաղաքացիություն, սակայն պրն Հովհաննիսյանի դեպքը վկայում է, որ 12 տարվա դեգերումներ են հարկավոր դրա համար։ Սփյուռքահայերն ավելի վստահությամբ իրենց ճակատագիրը կկապեն Հայաստանի հետ, եթե ՀՀ քաղաքացիություն ստանալու համար նախապես չպահանջվի հրաժարվել տվյալ երկրի քաղաքացիությունից։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4