«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2003-01-11 | #5, 2003-01-14 | #6, 2003-01-15


ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ

Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցու «Խրատի թանգարանը»

Մայր աթոռ Սբ. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության եւ քարոզչության կենտրոնի հրատարակչությունը ընթերցողին է ներկայացրել (2002 թ.) Կոստանդնուպոլսի պատրիարք (XVIII¬XIX դդ.), Երուսաղեմի Ս. աթոռի միաբան Պողոս արք. Ադրիանուպոլսեցու «Խրատի թանգարան» գիրք-հանրագիտարանի երկրորդՙ վերանայված հրատարակությունը (Առաջինըՙ Երուսաղեմ, 1870 թ.)։

Եկեղեցու հայրերի հոգեւոր ժառանգությունը բարեպաշտ քրիստոնյայի համար ամենափնտրված գանձերից մեկն է։ Այս խրատանին նույնպես անգնահատելի հարստություն է եւ լավագույն խորհրդատուն կարող է դառնալ նրանց համար, ովքեր իրապես են փնտրում ճշմարտությունը, ովքեր միտված են կյանքի եւ երեւույթների ներքին էությունը ճանաչելուն եւ երեւութական շերտից փորձում են ներհայել աշխարհի խորքը, ում համար հոգեւոր ճանապարհը նույնքան կարեւոր է, որքան աշխարհիկը։ Ընդսմին, հոգեւոր ինքնաիրականացման ճանապարհին այնքան էլ դյուրին չէ քննախույս եւ նույնքան անաչառ լինել, որ յուրաքանչյուր պահի «ինքնադատության փորձ մը» կարողանաս կատարել։ Ինչպես Պողոս Ադրիանուպոլսեցին է գրում գրքի առաջաբանում, «քանի որ մարմինը մարդու միտքը հակում է դեպի հողեղեն հարկերը եւ բազում արգելքներ են հանդիպում առաքինիներին այս կյանքի ճանապարհով Աստծո մոտ ելնելիս, ուստի մարդն ունի խրատների ու հորդորների առաջնորդության կարիք»։ Այս կարիքին տեղյակ եկեղեցու հայրերը բոլոր ժամանակներում պարտավորություն են ունեցել իրենց առանձնաշնորհված հոգեւոր իմաստությունը փոխանցելու մյուսներին։ Այս խրատանին իր հոգեւոր բովանդակությամբ հանդերձ մեր առօրեական կյանքի ամեն պահի, դիպվածի համար եւ մարդկային ցանկացած փոխհարաբերությունների դեպքում ուղեցույց կարելի է համարել, որ առաջարկում է լավագույն դեղատոմսեր։ Բարոյախոսությունների այս մատյանն ի զորու է նաեւ պաշտպանության իրեն ապավինողին, որովհետեւ իրազեկում է աշխարհի հոգեւոր ուժի մասին, որ անտեսանելի է։ Խրատանին բարոյական առաքինությամբ օժտված հոգեւորականի խոսքն է ուղղված յուրաքանչյուր քրիստոնյայի։ Հավատալով իր մատյանի առաքելությանըՙ Պողոս Ադրիանուպոլսեցին գրում է. «Ով մեղավորին հետ դարձնի մոլորության ճանապարհից, իր հոգին մահվանից կփրկի եւ բազում մեղքերը կծածկի»։

Հասարակության յուրաքանչյուր անձի համար Պողոս Ադրիանուպոլսեցու օգտակար խրատաբանությունների Ա հատորը (առաջաբանով) բովանդակում է 28 գլուխներ (Առաջնորդ, Քահանա, Իշխան, Ժողովուրդ, Ծնող, Ուսուցիչ, Ամուսնություն, Առաքինություն, Խղճմտանք, Արդարություն, Համբերություն, Մահվան խոկում եւ այլն), Բ հատորըՙ 22 գլուխներ (Ծուլություն, Հպարտություն, Շռայլություն, Նախանձ, Որկրամոլություն, Ապերախտություն, Մատնություն, Խռովվածություն, Բղջախոհություն, Սուտ, Կախարդներ, Հուսահատություն եւ այլ խորագրերով), խրատանին եզրափակվում է «Ճշմարիտ քրիստոնյայի փրկության անհրաժեշտ միջոցները» բաժնով (Ա. Ապաշխարություն, Բ. Աղոթք, Գ. Պահք, Դ. Ողորմություն, Ե. Աղոթք, Զ. Պահք եւ Ողորմություն, Զ. Աստծո ընտրյալների հավանական նշանները)։ «Այս կյանքում ոչ ոք չի կարող համոզված լինել իր փրկության մեջ, առանց Աստծո մասնավոր հայտնության, բայց եւ ոչ ոք հույսը պիտի չկտրի իր փրկությունից... Ստույգ է, որ նա է փրկվում, ով գնում է փրկության ճանապարհով։ Ուստի ամեն ոք, ով միտք ունի, կարող է հավանական համարել, թե ընտրյալների դասում է, եթե ուշադրություն դարձնի այն ճանապարհին, որում գտնվում է»։

Վստահաբար սեղանի գիրք համարվող Պողոս Ադրիանուպոլսեցու այս խրատանին լավագույն բարեկամը կարող է դառնալ յուրաքանչյուրի համար, որովհետեւ պարունակում է հավերժական ճշմարտություններ։

Ընթերցողին ենք ներկայացնում մի հատված «Առաջնորդը» գլխից։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Բ. Նա է առաջնորդ լինելու արժանի, ով քաջածանոթ է ժողովրդին եւ հրաժարվում է առաջնորդ լինելուց։ Որովհետեւ ով ինքն է իրեն ներկայացնում եւ իշխանություն ցանկանում, նա չի իմանում, թե ինչ է նշանակում շատերի առաջնորդ լինել եւ չի կարող իր պարտավորությունները կատարել։

Դ. Առաջնորդը պետք է զգույշ լինի ամեն ինչում, որովհետեւ բոլոր մարդիկ անթարթ աչքերով անընդհատ հետեւում են, որ դատեն նրան, տեղյակ չեն այն վիճակին, որում նա գտնվում է, եւ չեն զգում կրած դժվարությունները, այլ ուզում են նրա մեջ տեսնել այն կատարելությունները, որոնք մարդկային կարողությունից վեր են։

Է. Այն առաջնորդը, որ սիրում է միայն մեծարանք, օգուտ ու դյուրություն իր անձին, չի կարող սիրելի լինել ժողովրդին, որովհետեւ ընդհանուրի օգուտը նախադասելի է սեփական անձի օգուտից ու դյուրությունից։

Ուստի չեն կարող անբասիր լինել նրանք, ովքեր հանգիստ ու հանդարտ կյանք վարելու համար հրաժարվում են հասարակությանը ղեկավարելու ծանրությունը կրելուց։ Անբասիր չեն նաեւ նրանք, ովքեր ցանկանում են ղեկավարող լինել եւ հնարներ են բանեցնում հափշտակելու համար այդ քաղցր պատառը։

Առաջնորդը, եթե միայն իր հաճույքի ու օգուտի համար է իշխանությունը վարում, անիրավ բռնակալ է։ Իսկ եթե իրավունքով ու հասարակության օգուտի համար է վարում, գթած հայր է եւ առաջնորդ լինելու արժանի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4