«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2003-01-14 | #6, 2003-01-15 | #7, 2003-01-16


ԶԼՄ-ՆԵՐՈՎ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳ

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միաձայն սահմանեց թեկնածուների կողմից ԶԼՄ-ներով նախընտրական քարոզչություն իրականացնելու կարգը։

Կարգում ընդհանուր է բոլոր ԶԼՄ-ների համար այն, որ ԶԼՄ աշխատակիցներին արգելվում է իրենց վերապահված լիազորությունները եւ իրավունքները գործադրել թեկնածուների միջեւ անհավասար պայմաններ ստեղծելու, կողմնակալություն ցուցաբերելու միջոցով քաղաքացիների կամքի ազատ արտահայտման վրա ներգործել։ Ընդ որում, ԶԼՄ-ներով նախընտրական քարոզչությունն իրականացվում է հավասար հիմունքներով։

Չնայած նման ձեւակերպումներինՙ որոշակի հիմունքներ կարգը սահմանում է միայն Հանրային հեռուստաընկերության եւ ռադիոընկերության, նաեւ «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի համար։

Կարգի 14-րդ կետը սահմանում է, որ նախագահի թեկնածուներն իրավունք ունեն հավասար պայմաններով օգտվել մասնավոր հեռուստաընկերությունների եթերաժամերից։ Ինչպես նաեւ, կարգի 32-րդ կետի համաձայն, կարող են վճարովի հիմունքներով նախընտրական քարոզչական նյութեր հրապարակել թերթերում։

Մեզ հատկապես հետաքրքրող տպագիր մամուլի դեպքում կարգը սահմանում է, որ հրատարակչության ղեկավարը պարտավոր է հավասար պայմաններովՙ միեւնույն սակագնով հավասար ծավալ տրամադրել յուրաքանչյուր թեկնածուին։

Չնայած ըստ կարգի մասնավոր հեռուստառադիոընկերություններն իրենց եթերաժամը պետք է բոլոր թեկնածուներին տրամադրեն միեւնույն տեւողությամբ եւ միեւնույն սակագնով, մեզանում դժվար վերահսկելի մի այնպիսի ոլորտում, ինչպիսին մամուլն է, «հավասար պայմաններ» կոչվածը հաստատապես դժվար ապահովելի պահանջ կլինի։

Բայց եւ այնպես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից երեկ սահմանված կարգն անհրաժեշտություն լինելովՙ չի հստակեցնում նախընտրական շրջանում ԶԼՄ-ների գործելու կանոնները։ Իսկ վերջիններիս անհրաժեշտությունն ուղղակի վիճարկելի չէ։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4