Թեեւ «Հոկտեմբերի 27»-ի գործով քննող դատարանից դուրս ինչ ասես չի հնչում, դատավարությունը սովորական ընթացքով շարունակվում է։
Երեկ նիստը սկսվեց վկա ոստիկան Արա Կարախանյանի հարցաքննությամբ, եւ քանի որ վկան որեւէ բան հիշելու առանձնակի դժվարություն ուներ, հարցաքննությունը կարճ տեւեցՙ առանց էական ցուցմունքների։
Այնուհետեւ դատարան ներկայացավ տուժող Հարություն Ղարագյոզյանը, որը, ինչ վերաբերում է դեպքի մանրամասներին, գրեթե ոչինչ չէր հիշում։
Երեկ դատարան էր ներկայացել եւս մեկ վկաՙ ոստիկան Ավետիս Թաշչյանը։ Նա ցուցմունք տվեց, որ ՆԳ համակարգում աշխատել է 1995 թ.-ից, 1996 թ.-իցՙ Ազգային ժողովում։
Վկան նշեց, որ ահաբեկչության ժամանակ չի հիշում իր կոչումը, բայց եղել է հրամանատար։ Հետաքրքրական էր, որ, ըստ վկայի, այդ օրը ոմն բժշկուհի ԱԺ-ում (որի անունը Թաշչյանը չհիշեց) հարցրել է իրեն, թե արդյոք վարչապետը գալո՞ւ է։ Այդ հարցը վկան բժշկուհու միջոցով վերահասցեագրել է իր հետ ԱԺ նիստերի դահլիճի կարմիր նախասրահում հերթապահող մյուս ոստիկանինՙ Անդրանիկ Դարբինյանին։
Ինչ վերաբերում է հենց կրակոցներին, ապա կրակոցներ լսելով Ավետիս Թաշչյանն, իր խոսքերով, շատ վախեցել է։ Այնուհետեւ հրամանատար Միշա Մանուչարյանի այլայլված դեմքը տեսնելովՙ ոստիկանի «վախը կրկնապատկվել է»։ Իջել է 101 ծառայողական սենյակ, ստացել «Մակարով» ատրճանակ։ Ապա գնացել է Դեմիրճյան փողոցից ԱԺ մուտքի պահակակետՙ չհաղթահարելով վախի զգացումը։
Ցուցմունքն այսքանով ավարտվեց, այսօր կլինի հարցաքննությունը։
Նիստի ավարտին նախագահող Սամվել Ուզունյանը հրապարակեց ԱԱՆ մեկուսարանից պետի ստորագրությամբ ուղարկված պատասխանըՙ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցերով մոնիտորինգի խմբի հետ կապված դատարանի հարցմանը։
Ըստ պատասխանի, մոնիտորինգի խումբը 2002 թ.-ի օգոստոսի 22-ին այցելել է Նաիրի եւ Կարեն Հունանյաններին։ Այդ ժամանակ ներկա է եղել նաեւ թարգմանչուհի, որի անունը հայտնի չէ։
ԱԱՆ մեկուսարանից հայտնվում էր նաեւ, որ որեւէ պաշտոնյա նշված հանդիպմանը ներկա չի եղել։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ