Սեմինարՙ լրագրողական սկզբունքների պահպանման կոչով
Հայաստանի ժուռնալիստների միությունը հունվարի 17¬19-ը Ծաղկաձորում կազմակերպել էր սեմինար «Զանգվածային լրատվության միջոցները եւ ընտրությունները» թեմայով։ Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։
Սեմինարը քննարկման ներկայացված 3 թեմա ուներ։ Առաջինը վերաբերում էր ընտրությունների մասին ՀՀ օրենսդրությանն ու լրատվամիջոցների դերին։ Այս մասին խոսեց իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը։ Թեմայի քննարկման ընթացքում սեմինարի մասնակից տարբեր ԶԼՄ-ների խմբագիրներին ու լրագրողներին հատկապես հետաքրքրում էին օրենսդրական այն դրույթները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ընտրախախտումներին։
Այս կապակցությամբ զեկուցող պրն Թովմասյանը բավականին հետաքրքրական ներկայացրեց մի շարք այնպիսի հնարքներ, որոնց օգտագործմամբ հնարավոր է քվեարկության օրը բացահայտել որոշ տեսակի ընտրախախտումների գոյությունը։
Սեմինարի մյուս 2 թեմաներն ընդհանուր քննարկման էին։ Դրանցից մեկը վերաբերում էր ընտրությունների թափանցիկությունն ապահովելուՙ լրագրողական եւ այլ հասարակական կազմակերպությունների ծրագրերին։ Մյուս թեման կրում էր «1998 թվականի նախագահական եւ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման փորձը եւ առաջիկա ընտրություններում ԶԼՄ-ների խնդիրները» վերտառությունը։
Թերեւս սեմինարի հիմնական նպատակը Հայաստանի ժուռնալիստների միության, Երեւանի մամուլի ակումբի եւ Հայաստանի «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության դիմումն էր բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին։ Հաշվի առնելով գալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում արդարությունը եւ թափանցիկությունն ապահովելու հարցում ԶԼՄ-ների դերը, ինչպես նաեւ նույն այդ ԶԼՄ-ների բեւեռացվածությունըՙ դիմումում կոչ է արվում հանդուրժող լինել թեկնածուների եւ կուսակցությունների նկատմամբ, չծաղրել, չվիրավորել, չզրպարտել, ապահովել հնարավորինս հավասար պայմաններ, խուսափել թաքնված քաղաքական գովազդից։
Ժուռնալիստների միությունը, Երեւանի մամուլի ակումբն ու «Ինտերնյուսը» դիմում են նաեւ պետական լրատվամիջոցներին, հանրային հեռուստատեսությանն ու ռադիոյինՙ կոչ անելով նախընտրական քարոզչության ժամանակ առաջնորդվել միմիայն օրենքով, անաչառ լինել եւ խմբագրականներում խուսափել համակրանք-հակակրանք ներկայացնելուց։
Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին կոչ է արվում որեւէ գործողությամբ չսահմանափակել խոսքի ազատությունը, չխոչընդոտել մամուլի եւ լրագրողների աշխատանքը եւ հավասար պայմաններ ապահովել բոլոր լրատվամիջոցների գործունեության համար։
Դիմումը ներառում է հանդուրժողականության կոչ ոչ միայն ԶԼՄ-ներին, այլեւՙ թեկնածուներին եւ կուսակցություններին։ Այս դեպքում արդենՙ մամուլի հրապարակումների նկատմամբ։
Ընդհանուր առմամբ, դիմումն ամենեւին էլ ինչ-որ լրագրողական գրծունեության նոր սկզբունքներ ու մոտեցումներ կամ էլ սահմանափակումներ չի ներկայացնում ԶԼՄ-ներին։ Պարզապես, հաշվի առնելով «մամուլում նախընտրական մթնոլորտի արդեն իսկ առկա մտահոգիչ դրսեւորումները», դիմումի հեղինակները փաստում են, որ ժուռնալիստիկան եւ այդ ոլորտում գործող թե՛ լրատվամիջոցները եւ թե՛ մենքՙ լրագրողներս լրագրողական տարրական էթիկայի իմացության կարիք ունենք։
Այլապես անհրաժեշտություն չէր լինի լրագրողների ու ԶԼՄ-ների ղեկավարներին կոչ անել պահպանել լրագրողական գործունեության համար անհրաժեշտ մի քանի նախապայմանները։ Մասնավորապես, քննադատությունը հիմնավորել փաստերով, քննադատվողին պատասխանի հնարավորություն տալ, չհրապարակել զրպարտություն, շանտաժ ու սպառնալիքներ պարունակող նյութեր, ամեն դեպքում աշխատել պահպանել հնարավորինս հավասար պայմաններ ընտրությունների մասնակից թեկնածուների կամ կուսակցությունների միջեւ նորմալ մրցակցության կայացման համար։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ